Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին:
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև` դեպի Երևան:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելեց, որ նախ ստեղծելու են օրենսդրական դաշտ, որը կկարգավորի այն նոր տրանսպորտային ցանցը, որն ուզում են ստեղծել: «Տրանսպորտային ցանցը մենք ուզում ենք առաջարկել, որպեսզի այնպես չլինի, որ որոշ բակավայրեր դուրս մնան քարտեզից, լոտեր կառուցենք, որտեղ կհամախմբվեն շահավետ և ոչ շահավետ խմբերը, որպեսզի բիզնեսի համար դառնա շահավետ նախաձեռնություն»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ նախատեսվում է միասնական ցանց կառուցելուց հետո երկարատև պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողները համոզված լինեն, որ երկարատև աշխատանք ունեն:
Նախարարը նաև հավելեց, որ օրենքն ընդունելուց հետո պիլոտային ծրագիր են իրականացնելու, որից հետո, ուսումնասիրելով արդյունքները, կփորձեն հետագայում հաստատել միասնական երթուղային ցանցը:
Կարեն Կարապետյանը նախատեսվող ժամկետներով հետաքրքրվեց, և Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մոտակա երկու-երեք ամսում կիրականացվի պիլոտային ծրագիրը, իսկ ցանցն ավելի խորը ուսումնասիրելուց հետո նոր միայն կհաստատվի: Նախարարը դժվարացավ ժամկետներ նշել` ասելով, որ հավանաբար մեկ տարի հետո նոր միայն հնարավոր կլինի խոսել միասնական երթուղային ցանցի մասին:
Վարչապետին այդ պատասխանը չբավարարեց: «Չէ: Պիլոտային արդյունքների հիման վրա մենք ցանցը նայում ենք: Այդտեղ բարդ բան չկա: Դրա տրամաբանությունն ենք նայում, գործող պայմանգրերի ժամկետներն ենք նայում և հայտարարում ենք, թե ինչ ցանց և ինչ ներդրող ենք ակնկալում»,- ասաց նա:
Այսպիսով՝ միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով: Արդյունքում` կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ: Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորում, բոլոր բնակավայրերի տրանսպորտային սպասարկման ապահովում, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացում: