Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանցի մասնագետները, գործարարները անընդհատ են նշում, որ ինչքան էլ ցանկալի է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության աշխուժացումը, սակայն առկա ճանապարհների որակը, ենթակառուցվածքների բացակայությունը խնդրահարույց են. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: «Պետք է հնարավորինս արագ ավարտել Հյուսիս-հարավը, հետո էլ մտածել երկաթուղու մասին»,- ասաց նա:
Թվելով Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության արգելակները՝ իրանագետը նշեց, որ դրանց մի մասն օբյեկտիվորեն անշրջանցելի է հայկական կողմի համար, և դա մեր պետական կամ գործարար հատվածի ծուլության կամ թերացման հետ կապված չէ, սակայն կան մի շարք քայլեր, որ կարող են մեծապես արդյունավետ լինել համագործակցության խթանման համար: «Մեղրիի ազատ տնտեսական գոտին ևս մեծ ներուժ ունի: Այստեղ այս պահին համագործակցությունը գուցե դրական, բայց պասիվ է: Պետք է այն թափով աշխատանք ապահովել, որը նախանշվել է ծրագրերում»,- ասաց Տոնոյանը:
Իրանի՝ պարբերաբար պատժամիջոցների օղակում հայտնվելու պարագան, իրանագետի գնահատմամբ, հնարավոր է խելամտորեն օգտագործել՝ ի շահ Հայաստանի: «Առավել համարձակ լինելու դեպքում սա դառնում է առավելություն և ոչ թե՝ խոչընդոտ. այստեղ է այդ նուրբ տարբերությունը: Գերտերությունների կողմից էլ կա ընկալում, թե ինչ վիճակում ենք գտնվում»,- նշեց նա:
Անդրադառնալով իրանական գազի ծավալի ավելացմանը և առավել մատչելի պայմանների առաջարկին՝ Տոնոյանը նշեց, որ իրանական կողմն անընդհատ ասում է, որ պատրաստ է ավելի էժան գազ տրամադրել, սակայն և՛ նախկինում, և՛ այժմ նրա առաջարկը չի համապատասխանում նրա հայտարարություններին: «Հայաստանը կարող է ավելի շատ իրանական գազ ստանալ, եթե կառուցվի երրորդ բարձրավոլտ էներգաբլոկը: Եվ սա է, թերևս, այն ոլորտը, որտեղ առավել դինամիկ են զարգանում մեր հարաբերությունները»,- ասաց նա:
Տոնոյանն ընդգծեց, որ Հայաստանը միակն է ԵԱՏՄ երկրներից, որ ունի ցամաքային սահման Իրանի հետ և փաստացի այն պետություններից է, եթե ոչ՝ առաջինը, որ ունի բավական հաջող փորձ Իրանի հետ համագործակցելու և կարող է դառնալ կապող կամուրջ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-2-ը Հայաստանում անցկացվում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասըմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Ընդլայնված կազմով նիստին մասնակցում են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: