կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-22 14:57
Տնտեսական

Իրան-ԵԱՏՄ-Եվրոպա ուղղություններում Հայաստանը կարող է դիտվել կամուրջ. Արծվիկ Մինասյան

Իրան-ԵԱՏՄ-Եվրոպա ուղղություններում Հայաստանը կարող է դիտվել կամուրջ. Արծվիկ Մինասյան

Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատանքն սկսեց «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկման թեմաներն են` Հայաստան-Իրան- Եվրասիական տնտեսական միություն համագործակցությունը, ինչպես նաև կլինեն Հայաստանի համար 2016-2018 թվականների տնտեսական կանխատեսումներ:

«INVEST ARMENIA 2016» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի խոսքով՝ համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները, հեռանկարները և փորձել արտերկից գործարարաներ հրավիրել Հայաստան: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելուց հետո մեծ հնարավորություններ են ի հայտ եկել համագործակցությունն ընդլայնելու համար:

«Նախ Հայաստանում համատեղ արտադրություն կազմակերպելը և արտահանելը, ինչպես նաև հայաստանյան ընկերությունների ուղղակի ներգրավումը իրանական շուկայում: Ելնելով դրանից` մենք իրանական կողմին առաջարկել ենք մի խումբ ապրանքատեսակների ցանկ, որպեսզի իջեցված մաքսադրույք սահմանվի: Դա թույլ կտա, որ հայկական ապրանքները ցածր մաքսադրույքով մուտք գործեն Իրանի շուկա: Դրանից բացի առաջարկել ենք, որ Հայաստանը դիտարկվի իրանական և եվրոպական կապիտալի կենտրոնացման վայր` հնարավորություն տալով եվրոպական տեխնոլոգիաների և իրանական կապիտալի մասնակցությամբ ստեղծել համատեղ ձեռնարկություններ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա տեղեկացմամբ, առաջիկայում Իրանում սպասվում է հայկական ապրանքների և Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդես: Ըստ Արծվիկ Մինասյանի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 5 ձեռնարկություն արդեն մուտք է գործել իրանական շուկա և բարեհաջող գործում է: Նախարարի կարծիքով, ոչ պակաս կարևոր է զբոսաշրջության ոլորտում քայլեր ձեռնարկելը:

Մասնավորապես, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների համար: Առաջիկայում նախատեսվում է հանել Իրանից Հայաստան եկող ավտոմեքենաների համար սահմանված տուրքը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, ժամանակն է Իրանի հետ համատեղ արտադրանք ստեղծել և դուրս գալ երրորդ շուկաներ` ԵԱՏՄ, ԵՄ:

«Սրանք շուկաներ են, որտեղ Հայաստանը շահեկան կարգավիճակ ունի, դա հնարավորություն կտա իրանցիներին լայնածավալ արտահանում իրականացնել: Գործարարներին հետաքրքրում են մի շարք ոլորտներ` մեքենաշինություն, հաստոցաշինություն, ոսկերչություն, սննդի վերամշակում, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն»,-ավելացրեց Արսեն Ղազարյանը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքով, ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է դիտարկի Հայաստան-ԵԱՏՄ-Իրան համագործակցության հնարավորությունները:

«Առանձին շեշտադրված է ազատ առևտրի տնտեսական գոտիների հարցը, իսկ Հայաստանը նման տարածքներ ունի: Մեղրիի տարածքում ունենք ազատ առևտրի տնտեսական գոտի: Երկու երկրների համագործակցության ներուժը բավական մեծ է, և պետք է այն իրացնել: Մենք այսօր Իրանի հետ ունենք տարեկան 340 մլն դոլարի առևտրաշրջանառություն, եթե մի քիչ ավելի ակտիվ աշխատենք, կարող ենք այդ ցուցանիշը հասցնել մի քանի մլրդ-ի:

ԵԱՏՄ-ի շուկան սպառման շուկա է, իսկ Իրանը լայնածավալ առաջարկություններ ունի ապրանքների շուկայում: Մենք կարող ենք լավագույն հնարավորություններ ընձեռել, իրենց արտադրական հզորությունները նեդնելով մեր երկրում, առանց մաքսատուրքի առևտուր իրականացնել ԵԱՏՄ-ում»,-ասաց Վարդան Այվազյանը:

Հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանն ընդգծեց, որ իրանցի գործարարներն համագործակցելու պատրաստակամություն ունեն: Իրանցի գործարարները ցանկանում են Հայաստանի հետ աշխատել և դուրս գալ ռուսական շուկա:

Պարզապես հստակեցնելու հարցեր կան: Մասնավորապես, եթե ես իմ կիսաֆաբրիկատ ապրանքներն ուղարկում եմ Հայաստան, այստեղ ամբողջական փաթեթավորվում է և ուղարկվում Ռուսաստան, վաճառքի դեպքում ինչպես պետք է իմ գումարները ստանամ: Նմանատիպ դեռ բազմաթիվ հարցեր կան հստակեցնելու»,-հավելեց Լևոն Ահարոնյանը: «BPA» ընկերությունն արդեն երկրորդ տարին է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ կազմակերպում է «INVEST ARMENIA» համաժողովը: