Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի կարծիքով` շատ կարևոր է, որպեսզի քննիչների մոտ ինքնուրույն աշխատելու հոգեբանություն ձևավորվի: «Ես արգելել եմ քննիչներին «գործը զեկուցել» արտահայտությունն անել, ամեն ինչ անում ենք, որ քննիչն ինքնուրույն լինի»,- լրագրողների հետ քննարկման ժամանակ հայտարարեց նա և հավելեց. «Ես և իմ տեղակալները չենք կարող ցուցում տալ քննիչին, օրինակ՝ մարզային վարչության պետը ևս չի կարող ցուցում տալ քննիչին, նրան կարող է ցուցում տալ անմիջական ղեկավարը՝ բաժնի պետը և վերահսկող մարմինը՝ դատախազը»,- ասաց Հովսեփյանը:
Նշենք, որ այսօր օրենսդիրը չի հստակեցրել այն դատավարական գործողությունների ու որոշումների շրջանակը, որոնց վերաբերյալ դատախազը կարող է ցուցում տալ քննիչին, այսինքն` դատախազը հնարավորություն ունի ցուցում տալ ցանկացած գործով՝ ցանկացած հանգամանքի վերաբերյալ:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե արդյո՞ք քննիչի ինքնուրույնությանը չի խոչընդոտում այն հանգամանքը, որ քննիչն իրավունք չունի բողոքարկելու վերահսկող դատախազի որոշումը դատարանում, նախկին գլխավոր դատախազը պատասխանեց. «Դատախազը պետք ստուգի բոլոր այն ապացույցները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, որպեսզի հնարավորություն ստանա դատարանում պաշտպանելու մեղադրանքը: Եթե, օրինակ, դատախազությունն այլ հոդվածով է քրեական գործ հարուցում, սակայն քննիչը համարում է, որ դա սխալ է, նա իրավունք ունի այն բողոքարկելու վերադաս դատախազին, ով էլ, իր հերթին, իրավունք ունի այն վերացնելու, սակայն այդ որոշումը քննիչը չի կարող բողոքարկել»:
Հովսեփյանը հավելեց, որ, ցավոք, քննիչին նման դատավարական իրավունք վերապահված չէ: «Շատ վատ է դա, քանի որ քննիչը միջդատավարական վարույթի ամենաակտիվ գործող անձն է»,- ասաց նա:
Նշենք, որ օրեր առաջ yerkir.am-ն անդրադարձել էր Շիրակի մարզի քննիչի գործին, ով դիմել է դատարան՝ բողոքելով հսկող դատախազի՝ իրեն՝ վարույթից հեռացնելու որոշման դեմ: Այս գործն ուշագրավ է այնքանով, որ նախկինում նման նախադեպ չի եղել, և եթե քննիչին հաջողվի հաղթել դատարանում, ապա նախադեպ կստեղծվի հետագայում դատախազների այլ որոշումներ բողոքարկելու համար: