Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ի պաշտպանության նորանշանակ նախարար Մարկ Էսփերն «անընդունելի» է համարել Թուրքիայի` Սիրիայի հյուսիսում իրականացվելիք ցանկացած գործողություն, հայտնում է Reuters-ը:
Էսփերն այս մասին հայտարարել է իր Տոկիո այցի ժամանակ՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծ ասած՝ մենք անընդունելի ենք համարում Թուրքիայի կողմից ձեռնարկվող ցանկացած միակողմանի գործողություն»՝ հավելելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կկանխի ցանկացած օտարերկրյա ներխուժում Սիրիայի տարածք, որը կարող է սպառնալիք դառնալ կողմերի անվտանգությանը:
«Մենք պատրաստվում ենք կանխել այն միակողմանի ներխուժումները, որոնք կհակասեն Միացյալ Նահանգների, Թուրքիայի և սիրիացի քրդերի զինված կազմավորումներ համարվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» փոխադարձ շահերին՝ Սիրիայի հյուսիսում»:
Օգոստոսի 5-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարություն է տարածել, որի համաձայն, Վաշինգտոնն անհանգստացած է Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետից արևելք, ռազմական գործողություն անցկացնելու թուրքական բանակի մտադրության առթիվ՝ անընդունելի է համարելով նմանօրինակ գործողությունները:
Լրատվամիջոցը, վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքին, տեղեկացնում է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` թուրքական բանակը գործողություն կիրականացնի Սիրիայում՝ Եփրատից արևելք ընկած շրջանում:
Նրա պնդմամբ՝ թուրքական կողմն այդ մասին ծանուցել Է Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Ենթադրվող գործողությունը սկսելու ժամկետի մասին Թուրքիայի նախագահը դեռևս չի հայտնել: Եփրատից արևելք ընկած տարածքը այս պահին վերահսկվում է ինքնապաշտպանության քրդական ջոկատների կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ը: