կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-06 13:52
Հասարակություն

Պատմաբանն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունն ուղղորդվել է Ստամբուլի կողմից

Պատմաբանն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունն ուղղորդվել է Ստամբուլի կողմից

Նոր փաստաթղթերում նշվում է, որ Հայոց ցեղասպանության ծրագիրը հաստատել ու գործին օժանդակել են  Օսմանյան կայսրության՝ Ստամբուլում գտնվող առաջնորդները։

Բրուքս Հայս

1914-1923 թթ․ ընթացքում՝ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ու հետո, Թուրքիայի տարածքում գտնվող հարյուր հազարավոր հայեր պարբերաբար հավաքվել ու սպանվել են։ Հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները։ Որոշ հաշվարկների համաձայն՝ սպանվել է ավելի քան 1․5 մլն մարդ։

Ներկայում հետազոտողները պնդում են, որ ըստ նոր բացահայտված փաստաթղթերի՝ Հայոց ցեղասպանության ծրագիրը հաստատել ու գործին օժանդակություն են ցուցաբերել Օսմանյան կայսրության՝ Ստամբուլում գտնվող առաջնորդները։

Այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը կատարվել է, լիովին ընդունված է ակադեմիական շրջանակներում։ Այնուամենայնիվ՝ թուրքական կառավարությունը շարունակում է ժխտել իր նախնիների մեղավորությունը։

«Հայկական սփյուռքը 1915 թ․ հարյուրամյա տարելիցին ընդառաջ համաշխարհային արշավի միջոցով փորձում է Թուրքիայի նկատմամբ ատելություն սերմանել»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 2015 թ․,- «Եթե մենք ուսումնասիրենք, թե ինչերի միջով է անցել մեր ազգը վերջին 100-150 տարում, մենք կգտնենք շատ ավելի մեծ տանջանքներ, քան հայերն են տեսել»,-ասել է նա։

Էրդողանի տրամադրվածությունն ուներ նաև Թուրքիայի բնակչության մեծամասնության աջակցությունը։  «New York Times» պարբերականի հաղորդմամբ՝ 2015 թ․ Տնտեսության ու արտաքին քաղաքագիտական ստամբուլյան հետազոտական կազմակերպության կողմից հարցում է անցկացվել։ Հարցման արդյունքում տասից մեկ թուրքն է վստահ եղել, որ թուրքական կառավարությունը պետք է այդ վայրագությունը համարի ցեղասպանություն և ներողություն խնդրի։

«Թուրք պաշտոնյաները շարունակում են նույնը պնդել, թե օսմանյան կառավարությունը երբեք հայերին բնաջնջելու մտադրություն չի ունեցել»,- ասում է Հայոց ցեղասպանության մասնագետ, Մասաչուսեթսի Կլարկ համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր Թաներ Աքչամը,-« Նրանք ընդունում են, որ տարաբախտ դեպքեր և կոտորած են տեղի ունեցել, պնդում են, որ օսմանյան կառավարությունն ի վիճակի չի եղել վերահսկել հեռավոր շրջանները, և որ որոշ քուրդ ցեղեր, ավազակախմբեր կամ այլ խմբեր են արել այդ հանցագործությունը»,-շարունակում է նա։

Այն ինչ պակասում էր, ասում է Թաներ Աքչամը, «անհերքելի ապացույցն» էր, որը ցույց կտար, որ ուղիղ կապ կար այդ վայրագությունների և օսմանյան կառավարության միջև։ Հենց այդ ապացույցն է, որ հայտնաբերել է Աքչամը։

Նա նշում է․ «Այս նոր ապացույցը մեծ հարված  է թուրքական ժխտողականության թեզերին»։

Հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ Ցեղասպանությունը կազմակերպված է եղել, և իրականացվել է ոչ թե սրիկա գործակալների ու ավազակների կողմից, այլ՝ տեղական կառավարիչների։ Վերջինները կապի մեջ են եղել և աջակցություն են ստացել Ստամբուլում գտնվող առաջնորդներից։

«Սա ցույց է տալիս արմատականացման գործընթացը, որ սկսվել էր շրջաններում»,-ասում է  Աքչամը։

Ապացույցն իրենից ներակայցնում է հեռագրերի շարք, որը գրված, կոդավորված և ստորագրված է թուրք պաշտոնյաների կողմից։ Աքչամը դրանք գտել է օսմանյան արխիվում գտնվող նոր փաստաթղթերի մեջ։ Ստամբուլում գտնվող արխիվը կառավարության կողմից կազմված պատմական փաստաթղթերի հավաքածու է և բաց  է հետազոտողների համար։

Նոր բացահատված նամակներում  թե շրջաններում, թե Ստամբուլում գտնվող օսմանյան պաշտոնյաների կողմից առաջին անգամ օգտագործվում են «ոչնչացում» և «բնաջնջում» բառերը։ Ստորագրությունների ուսումնասիրությունն ապացուցում է, որ վերծանված որոշ հեռագրերի հեղինակը Բեհաեթթին Շաքիրն է՝ պարամիլիտար ուժերից կազմված Հատուկ կազմակերպության ղեկավարը և Հայոց ցեղասպանության ճարտարապետներից մեկը։

Չնայած Թուրքիայում ապրող բոլոր հայերին բնաջնջելու ծրագիրը եղել է նախ և առաջ որոշ շրջանակների գաղափարը, սակայն այս նոր ապացույցով հայտնի է դառնում, որ Ստամբուլը վերջիվերջո համոզվել է վերադառնալ հարցի ցեղասպանական մոտեցմանը։

Բացի Ստամբուլի օսմանյան արխիվից գտած փաստաթղթերից՝ Աքչամը նաև հասու է դարձել միանման նամակների, որոնք վերծանված հեռագրեր էին և օգտագործվել են որպես ապացույցներ պատերազմի ավարտից հետո օսմանյան կառավարության կողմից կազմակերպված դատավարությունների ժամանակ։

«Տեղի են ունեցել 63 տարբեր դատավարություններ, եղել է ավելի քան 200 մեղադրյալ»,-հայտնում է Աքչամը։ «Այս դատավարություների նյութերն անհետացել են։ Կառավարության ներկայացուցիչները  դատավարութունների ընթացքը երբեք հասանելի չեն դարձրել հետազոտողներին»։

Հետազոտողներն այդ դատավորություների մասին գիտեն միայն Ստամբուլի թերթերում առկա զեկույցներից։ Դատավճիռներից որոշները ևս հրատարակվել են օսմանյան կառավարության կողմից։ Բայց այդ՝ դատավարությունների հետ կապված որոշ փաստաթղթեր ի վերջո հայտնվել են Հայաստանում։

Այդ դատավարական փաստաթղթերի մեջ Աքչամը գտել է վերծանված հեռագրեր, որտեղ օգտագործված է կոդավորման նույն համակարգը՝ արաբական տառերի ու թվերի շարք, որոնք  բառեր ու ածանցներ են․ կոդավորման այդ համակարգը առկա է նաև օսմանյան արխիվում գտնված նամակների մեջ։

«Ես գնացի օսմանյան արխիվ և բացահայտեցի, որ այդ չորս նիշերից բաղկացած կոդավորման համակարգը նույնն էր այդ երկու շարք հեռագրերի դեպքում»․-ասում է Աքչամը,- «Այս իրողությունն անվիճարկելի է․ դա էլ հենց մեծ բացահայտումն էր»։

Ապակոդավորված հեռագրերը, ներառյալ այն նամակները, որոնք Թաներ Աքչամը բնորոշել է որպես «սպանությունների հրամաններ», ավելի շատ ապացուցում են, որ կապ է եղել Ցեղասպանությունն իրագործողների և Ստամբուլում գտնվող ռազմական ու քաղաքական պաշտոնյաների միջև։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու են այդ փաստաթղթերը հանրության համար հասանելի դարձվել կառավարության կողմից, որի նպատակն է ժխտել իր նախնիների մեղավորությունը, ըստ Թաներ Աքչամի՝ պատճառն այն է, որ պաշտոնյաներն այն մանրակրկիտ կերպով չեն կարդացել։ Արխիվներում գտնվող փաստաթղթերը, մինչև երևան հանվելը, համառոտագրվել են պաշտոնյաների կողմից, և այդ համառոտագրություններում որևէ նշում չկա Հայոց ցեղասպանության մանրամասների վերաբերյալ։

Աքչամի խոսքով՝ իր բացահայտումները, որոնց համառոտագրությունները առկա են՝ «Ցեղասպանագիտական հանդես»-ում, ավելի են ուժեղացնում Հայոց ցեղասպանության իրողությունը։ Դա ճշմարտություն է, և նա հուսով է, որ շուտով այն կընդունվի նաև թուրքական կառավարության կողմից։

Ըստ Աքչամի, Ցեղասպանությունն իր հետևանքն է թողել ժամանակակից Թուրքիայի քաղաքական մթնոլորտում։

Նա ասում է․ «Թուրքերն ու թուրքական կառավարություննը այսօր քրդերի հետ ունեն նույն խնդիրները, ինչ անցյալում օսմանցիներն ունեին հայերի նկատմամբ։ Հայերը պահանջում էին հավասարություն օրենքի առջև և սոցիալական արդարություն։ Քրդերը նույն պահանջներն ունեն այսօր»։

Հետևաբար, նշում է  Թաներ Աքչամը, քրդերը դիտարկվում են որպես անվտանգության համար սպառնալիք, և թուրքական կառավարությունը փորձել է ճնշել նրանց ժողովրդավարական պահանջները»։ Ըստ Աքչամի՝ առանց ճանաչելու պատմական սխալները՝ Թուրքիան չի կարող ունենալ ժողովրդավար ապագա։

Պատմաբանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության փաստի հետ առերեսվելն էական նշանակություն ունի Թուրքիայի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ «Եթե խոսենք տարածաշրջանային մասշտաբներով, ապա եթե դու շարունակես ժխտողական քաղաքականություն վարել, նշանակում է՝ ունես ներուժ կրկնելու նույն քաղաքականությունը քո հարևանների նկատմամբ։ Ահա թե ինչու Թուրքիայի շատ հարևաններ թուրքական կառավարությանը դիտարկում են որպես սպառնալիք իրենց անվտանգության համար։ Խաղաղություն չի հաստատվի տարածաշրջանում, քանի դեռ Թուրքիան չի հաշտվել պատմության հետ»,- ասում է նա։

Անգլերենից թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net