Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կիպրոսի խորհրդարանն այսօր՝ ապրիլի 2-ին, ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել: ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանն արդեն ողջունել է կիպրոսցիների այս քայլը` նշելով, որ «…այդպիսով Կիպրոսը կարեւոր քայլ կատարեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»: Իրոք, այդպես է:
Բայց Կիպրոսի պարագայում նման օրենքի ընդունումն իր բոլորովին այլ` ուշագրավ եւ թիրախային կողմն ունի: Բանն այն է, որ Կիպրոսի Հանրապետությունն այսօր դե ֆակտո երկու մասի է բաժանված` բուն Կիպրոսի Հանրապետությունը, որը ԵՄ անդամ է, եւ չճանաչված, միայն Թուրքիայի կողմից ճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»:
ԵՄ-ն, օրինակ, իր կազմում ընդգրկելով Կիպրոսին, դա կատարել է` պահպանելով Կիպրոսի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կղզու ողջ տարածքում: Այսինքն` ԵՄ-ի համար կիպրական կղզին Կիպրոսի Հանրապետությունն է, եւ վերջ: Հիմա, ընդունելով ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտողների համար քրեական պատիժ սահմանող օրենք, Կիպրոսի խորհրդարանը, փաստորեն, իրավասու է քրեական պատիժ սահմանել, հնարավոր է` անգամ դատապարտել բոլոր այն կիպրոսցիներին /այդ թվում` կղզու հյուսիսային հատվածի/, ովքեր Կիպրոսի դե յուրե տարածքում կհերքեն Հայոց ցեղասպանությունը:
Հաշվի առնելով կղզու հյուսիսային հատվածի բնակչության էթնիկ կազմը` հերքողների թիվը շատ կարող է լինել: Կնշանակի` Կիպրոսի խորհրդարանն իր այս քայլով ոչ միայն իր ներդրումն է ունենում ցեղասպանությունների կասեցման վեհ գործում, այլեւ ուժեղ լծակ է տալիս իր իրավապահ մարմիններին` քրեական պատիժ սահմանել կղզու հյուսիսային հատվածի էթնիկ թուրք կիպրոսցիների հանդեպ, ովքեր բավական չէ Հայոց ցեղասպանությունն են հրապարակայնորեն հերքում, այլեւ անկախ պետություն են իրենց հռչակել:
«Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», հավանաբար, շուտով հանդես կգա հայտարարությամբ, որ իր տարածքում կիպրական խորհրդարանի ընդունած օրենքները չեն անցնում: Բայց նույն այդ «հանրապետությունն» այսօր իրեն անկախ է հայտարարում, եւ ոչ մեկ, բացի Թուրքիայից, այդ հանգամանքը հաշվի չի առնում: Այնպես որ` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը շուտով Կիպրոսում կարող է ներքին լուրջ լարվածություն առաջացնել կամ դառնալ հերթական իրավական կազուսը, եւ, անշուշտ, այդ օրենքը միաձայն ընդունած կիպրական խորհրդարանի պատգամավորները, այդ հաշվարկն արել են օրենքն ընդունելուց առաջ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ