Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանի հետ Yerkir.am-ը զրուցել է մայրաքաղաքի հիմնախնդիրների, կառավարման և հարակից այլ հարցերի շուրջ:
- Պարո'ն Ռոստոմյան, մեր նախորդ հարցազրույցից անցել է մոտավորապես մեկ ամիս, և այս ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը հասցրել է մի շարք հաշվետվություններ ներկայացնել իր կատարած աշխատանքների վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ մասին:
- Եթե քաղաքապետն ինքն իր հետ անկեղծ լինի, պետք է խոստովանի, որ, մեծ հաշվով, դեռևս ոչինչ չի կատարվել. երևանցիներն այսօր էլ շարունակում են աշխատանքի գնալ գերծանրաբեռնված «ԳԱԶել»-ներով, աղբի հարցը շարունակում է մնալ չլուծված, վերելակների վիճակում ոչ մի առաջընթաց, անմխիթար վիճակում գտնվող գետնանցումներ, շարունակ խցանվող ճանապարհներ և այլն: Հասկանալի է, որ ամեն ինչ մի քանի ամսում չէր փոփոխվելու, քաղաքապետի ու նրա թիմի համար ժամանակ պիտի պահանջվեր, որպեսզի մանրամասն ծանոթանան խնդիրներին ու համակարգին, սակայն ընդունենք, որ երեք ամիսն ավելի քան բավարար էր այդ ամենի համար։ Փաստացի, քաղաքապետի եւ նրան առաջադրած թիմի նախընտրական խոստումների արդյունքների նշույլներն անգամ չեն երևում քաղաքում ու երևանցու կյանքում։ Ինձ հատկապես հետաքրքրեց քաղաքապետի` վերջերս տված հարցազրույցներից մեկում հնչած այն միտքը, թե իր պարտականությունների կատարմանն անցնելիս պատրաստ չէր առերեսվել այդպիսի մեծ ծավալի խնդիրների հետ: Բայց չէ՞ որ քաղաքապետն անձամբ երկար ժամանակ քաղաքացիական ակտիվիստ է եղել, նա ու նրան առաջադրած քաղաքական շարժումը ջրի երես էին հանում համակարգային բոլոր խնդիրներն ու նախընտրական քարոզարշավում մեծ-մեծ խոստումներ տալիս։ Հարց է առաջանում` եթե պատրաստ չէիք, ինֆորմացիա չունեիք Երևանում առկա խնդիրների մասին, ինչո՞ւ էիք օդում կախված խոստումներ տալիս: Քաղաքական գործիչը (ընդունենք, որ Երեւանի քաղաքապետը որքան վարչական, նույնքան էլ քաղաքական պաշտոն է), որը հայտարարում է, թե «չէր նախատեսել», արդեն ընդունում է իր ձախողումը։
- Հիմնական թեման, որի շուրջ միշտ բանավեճ է ծավալվում, տրանսպորտի հարցն է, կա՞ որոշակի տեղաշարժ այս հարցում:
-Այս հարցում ևս, մեծ հաշվով, դոփում ենք տեղում: Նույն հարցազրույցի ընթացքում, որի մասին արդեն խոսեցինք, քաղաքապետը հայտարարեց, որ առնվազն երկու տարի է անհրաժեշտ, որպեսզի Երևանի տրանսպորտի հարցը կարգավորվի: Այստեղ տեղին է հիշել, որ իր նախընտրական ելույթների ժամանակ դեռևս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն անընդհատ շեշտում էր, թե տրանսպորտի հարցն իր ընտրվելուց հետո երկու տարվա ընթացքում իսպառ լուծվելու է, մինչդեռ անցել է ավելի քան 9 ամիս, և դեռ խոսում է առնվազն երկու տարու մասին: Գուցե երկու տարի հետո էլ երևանցին ստիպված լինի սպասել ևս «առնվազն երկու տարի», և այսպես շարունակ: Մինչ այդ, սակայն, ինչո՞ւ երկու տարի սպասել, եթե կարելի է գոնե այսօր գործող տրանսպորտային միջոցներում ծխելու արգելքը պարտադրել, այդ մեքենաներում մաքրություն պարտադրել, անսարք մեքենաների տեղաշարժն արգելել` մինչև սարքվեն, քանի որ ուղևորների կյանքի խնդիր է դրված։ Ինչո՞ւ երկու տարի ևս սպասել՝ տրանսպորտային միջոցների կանգառները կահավորելու, ճանապարհներին երկրորդ ու երրորդ գիծ կանգնելով` ամբողջ երթևեկությունը կաթվածահար անելը կասեցնելու համար։ Եթե այդ քայլերը կատարվեն, երեւանցիները կսկսեն գոնե նվազագույն արդյունքներ տեսնել։
- Քաղաքապետն առանձնակի շեշտադրում կատարեց թափառող շների ստերջացման վրա` նշելով, որ նախկին սպանդի փոխարեն թափառող շներն այժմ ստերջացվում են բարձր որակի վիրահատությամբ, և շաբաթական հարյուր շուն է ստերջացվում:
- Ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքապետը պարզապես տեղեկություն չունի իրական վիճակի մասին, կամ նրան ոչ ճիշտ տվյալներ են տալիս, կամ էլ, բազմազբաղ լինելով, շրջում է միայն Երեւանի կենտրոնի մի քանի փողոցներով ու ժամանակ չի ունենում մութն ընկնելուց հետո այցելել վարչական շրջանների` մանավանդ չլուսավորված փողոցները։ Շները շարունակում են ոհմակներով շրջել, աղբի կույտերում կեր փնտրել, մեկ-մեկ ընկնում են մեքենաների տակ ու օրերով սատկած մնում` ասֆալտին փռված։ Լավ են անում, որ օրական հարյուր շուն են ստերջացնում, բայց հարցը շարունակում է մնալ այժմեական, ու գործնապես արդյունքները չեն երևում։
- Ի՞նչ կասեք պատմաճարտարապետական շինությունների վրայից գովազդների ու ցուցանակների հեռացման մասին:
- Իհարկե, ցանկալի և գովելի է, որ պատմական արժեք ներկայացնող շենք-շինությունների վրայից ապամոնտաժվում են գովազդային վահանակներն ու ցուցանակները։ Մեր ակնկալությունն է, որ այս աշխատանքը լինի շարունակական եւ տարածվի Երեւանի բոլոր` պատմական արժեք ներկայացնող շենքերի վրա, ու վերացվեն այդ շենքերի, ինչպես նաև Երևանի մշակութային հուշարձանների տեսքն ու շրջապատը խաթարող բոլոր ոտնձգությունները։ Մեր ցանկությունն է նաև, որ առաջին հերթին պաշտպանվեն ու իրենց պատմական տեսքին բերվեն ազգային հատուկ արժեք ներկայացնող շենքերը։ Օրինակ` մենք ամեն օր անցնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության շենքի մոտով, որի պատշգամբից Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը կարդացել է Անկախության հռչակագիրը, և առաջին բանը, որ աչքիդ է զարնում, նույն այդ պատմական պատշգամբից կախված ցուցանակն է։ Տեսնենք, թե այս հարցազրույցի հրապարակումից հետո ինչպե՞ս կարձագանքի Երևանի քաղաքապետարանը, քանի՞ օր կպահանջվի, որքա՞ն հետևողական կլինեն, որ ապամոնտաժեն այդ ցուցանակը և վերականգնեն մեր անկախության վերակերտման խորհրդանիշ համարվող շինության ամբողջ հմայքը: