կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-25 20:05
Քաղաքական

Հայ գործիչը Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի ընդունում է կանխատեսում

Հայ գործիչը Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի ընդունում է կանխատեսում

Ֆրանսիայի Սենատի քննարկման օրակարգ մտած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն ամենայն հավանականությամբ կընդունվի: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին նշեց «Ֆրանս Արմենի» ամսագրի խմբագիր Հարութ Մարտիրոսյանը:

«Այս անգամ խնդիր չկա, դրական ազդակներ ունենք, մեծամասնությունը կողմ է բանաձևին: Սա բանաձև է, որով օրենսդիրը դիմում է նախագահին, կառավարությանը` ասելով, որ որպես ժողովրդի պատգամավորներ կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, Ֆրանսիայում հայկական կառույցները բանաձևի հետ կապված ակտիվորեն աշխատել են տարբեր ուղղություներով: Ամբողջ ուժերը կենտրոնացված են եղել այս ուղղությամբ: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ լավատեսորեն են տրամադրված, որ Սենատից հետո Ֆրանսիայի գործադիրը, նախագահը ևս դրական կարձագանքեն:

«Ունենք տասնյակ քաղաքապետարններ, որոնք նույն տիպի բանաձևեր են ընդունել և կոչով դիմել նախագահին: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, այդ առումով, թերևս, դժվարություններ կան, սակայն մենք լավատես ենք»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ կարևորվում է Արցախի որպես անկախ պետություն ճանաչելու, արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը: