Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանահայ համայնքի կյանքի, դժվարությունների, Հայաստան-Լիբանան հարաբերությունների և հարակից այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը և «Շանթ» ՀԸ-ն զրուցել են ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի և Լիբանանի խորհրդարանում հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունու հետ:
- Ինչքա՞ն հայ է ապրում ներկայումս Լիբանանում:
- Լիբանանում ամենադժվար բանը թիվ տալն է, բայց մեր հաշվարկով` 120-140 հազար: Բնականաբար, լիբանանահայերի մեծ թիվ կա, որ Լիբանանից դուրս է ապրում: Հայեր ունենք` հային ճշտորոշող` ազգանվան «յան» վերջավորությունը չունեն, ինչը երբեմն դժվարացնում է հաշվարկել` ինչքան հայ կա Լիբանանում:
- Խառնամասնություննե՞րը շատ են:
- Դժբախտաբար, այո, ու վերջին տարիներին այդ թիվը մեծանում է: Հայերն իրենց զավակներին հաճախ նախընտրում են ոչ հայկական վարժարաններ ուղարկել: Եթե նախկինում հայերը բաշխված էին մեկ-երկու մեծ հայկական թաղամասերում, բայց երկրի զարգացմամբ ու տնտեսական վիճակով պայմանավորված, մարդկանց կենսամակարդակի լավացմանը զուգընթաց, նրանք նախընտրեցին այդ շրջաններից հեռանալ և ավելի հանգիստ շրջաններում բնակվել, որտեղ, ցավոք, հայկական դպրոց ու եկեղեցի չկա: Դա էլ պատճառ դարձավ, որ հայության նահանջ ու արտագաղթ լինի: Այստեղի հայ համայնքն ունի 4 ֆոնդ, ու ամեն մի հայ զույգի պսակադրության ծախսերը հոգում ենք այդ ֆոնդի միջոցով, մկրտության համար մենք ենք վճարում, եթե երրորդ զավակն են ունենում, նյութական պարգև ենք տրամադրում: Օգնում ենք նաև հայկական վարժարաններն ավարտած ու ուսանող դարձած երիտասարդներին՝ կրթաթոշակի տեսքով: Սրանք գուցե փոքր քայլեր են, բայց արտահայտում են այն հավատը, որ հայը պետք է հայ մնա այս երկրի մեջ թե՛ համայնքային իրավունքների, թե՛ համահայկական իմաստով:
Լիբանանը միակ երկիրն է աշխարհում, որ Սահմանադրությամբ երաշխավորում է հայության իրավունքները: Մենք ներկայություն ունենք այստեղի խորհրդարանում ու կառավարությունում: Իբրև հայության ներկայացուցիչներ` մեր համայնքի շահերը պարտավոր ենք լավագույնս ներկայացնել, որովհետև, վերջին հաշվով, Լիբանանը համայնքային երկիր է, համայնքային հավասարակշռության երկիր է, ու յուրաքանչյուր համայնք իր իրավունքներն է պաշտպանում: Մեր իրավունքներն, իհարկե, նույնքան չեն, ինչպես ավելի մեծ համայնքներինը: Անկախ հանգամանքից, թե որքանով ենք մասնակցում լիբանանյան քաղաքական ու տնտեսական օրակարգերին, մենք ունենք մեզ օգտավետ օրենքների մշակման անհրաժեշտությունը, ու, բնականաբար, հայության ինքնության պահպանման հարցը` կրոնական, կրթական, մշակութային և այլ առումներով: Մենք այստեղ շենացնող համայնք ենք, ու մեր պարագայում, ի տարբերություն մյուս համայնքների, կրոնական հարցերին վերաբերող հատուկ օրենքների կարիք չկա: Մեր ջանքերով դեռևս 2000-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչեց թուրքական պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ ու պահանջեց, որ Թուրքիան ճանաչի իր գործած ոճիրը: Դա մինչև այսօր ամենաառաջադեմ պահանջն է: Բացի այդ` Հայաստանի անկախության օրը պետական տոն է Լիբանանում: Ներկայումս աշխատում ենք այնպես անել, որ ապրիլի 24-ը դառնա Ցեղասպանության ոգեկոչման ու հիշատակի օր, ու, բնականաբար, աշխատում ենք ոչ միայն լիբանանցի քաղաքական դեմքերի հետ: Հիշեցնում ենք՝ ինչպես Առաջին աշխարհամարտի օրերին Լիբանանը նույնպես սովի էր մատնվել, ու օսմանյան լծի տակ լինելու ու սովի հետևանքով մահացավ Լիբանանի ժողովրդի մեկ երրորդը :
- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան- Լիբանան հարաբերությունները:
-Հայաստանի խորհրդարանի հետ աշխատող խորհրդարանական հանձնաժողով ունենք այստեղ: Բացառիկ են հարաբերությունները թե՛ խորհրդարանի նախագահի, թե՛ նախագահի, թե՛ վարչապետի հետ, սերտ գործակցության մեջ ենք Լիբանանում Հայաստանի դեսպանատան հետ: Հայաստանի ժողովուրդը բացառիկ հարգանք է վայելում լիբանանցիների շրջանում: Լիբանանի կամ Հայաստանի նախագահների փոխադարձ այցերի ժամանակ միշտ է ասվել, որ Լիբանանն ու Հայաստանը նույն տեսակի երկրներ են՝ իրենց դիմագրված դժվարություններում, ինչպես նաև հյուրընկալ, ձեռներեց, արժեքներ հաստատող հատկանիշներով:
Վերջին տասնամյակում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ այլ տեսակի հարաբերությունները մեծապես բարելավվել են, որոնց մեջ նաև մենք ենք դերակատար՝ բնականաբար, ՀՀ դեսպանատան հետ մեկտեղ: Բայց միանշանակ չենք կարող ասել, թե հարաբերությունները բացառիկ են: Միշտ պետք է ճգնել, աշխատել, որ շատ ավելի լավ հարաբերություններ ունենանք, որովհետև, իսկապես, Հայաստանը նման է Լիբանանին, ու հակառակը: Մեծ է թիվը լիբանանցի զբոսաշրջիկների, որոնք Հայաստան են այցելում՝ տեսնելու քրիստոնեության հիմնադիր պետությունը, որը թանգարան է բաց երկնքի տակ:
- Իսկ տնտեսական համագործակցությա՞ն ինչ հեռանկարներ կան:
- Թեև կան համագործակցության հեռանկարներ ու համաձայնագրեր, բայց, անկեղծ ասած, թե՛ Լիբանանի դիմագրաված դժվարությունները, թե՛ Հայաստանի ո՛չ խանդավառ գործակցությունը լավ տեղում չեն: Անհրաժեշտ է, որ հարաբերությունները, այս իմաստով, բարելավվեն: Թեև մեծ դեր են խաղում նաև Լիբանանի աշխարհաքաղաքական դիրքն ու արտաքին ազդեցությունները: Հստակ կարող եմ նշել՝ Լիբանանի ժողովուրդն` ամբողջությամբ, Իսրայելը որպես թշնամի ու բռնագրավող երկիր է համարում: Սիրիայի պարագայում կարծիքները տարբեր են : Իրանի ազդեցությունն այստեղ նույնպես կա, բնականաբար, կա Պարսից ծոցի երկրների ազդեցությունը, դեռ չասած` արևմտյանը: Այս բոլոր պետություններն ազդում են Լիբանանի թե՛ տնտեսության, թե; քաղաքական ներքին համակարտությունների ու դրանց սաստկացումների վրա: Այժմյան մեր հիմնական խնդիրները կապված են տնտեսական-ֆինանսական դժվարությունների հետ: Լիբանանի՝ տարիներ շարունակ կուտակած պարտքերը վճարելու ժամանակը հասել է այլևս : Ու երկրի տնտեսությունը, դժբախտաբար, այնքան լավ վիճակում չէ, օրինակ` ներդրումներ ապահովելու համար: Սակայն մենք հավատում ենք, որ առաջիկա տարիներին իրավիճակն այսպես չի մնա: Սիրիայի խնդիրը ուշ կամ շուտ պետք է լուծվի: Սիրիայում իրականացվելիք շինարարությունը պետք է նպաստի նաև լիբանանյան կյանքի աշխուժացմանը: Բացի այդ՝ ծովում բնական գազի ու նավթի գոյությունը հույս է տալիս, որ առաջիկա 4-5 տարիներին Լիբանանի տնտեսությունն էապես կբարելավվի: Մեր ամբողջ ջանքն այսօր այն է, որ եթե սիրիահայերը մեկնեն Լիբանանից, ապա կա՛մ իրենց ծննդավայր՝ Սիրիա, կա'մ Հայրենիք՝ Հայաստան մեկնեն: