Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին մենք, թե այլ միություններ կենցաղային կարիքներ ենք հոգացել։ Ես մի քանի անգամ այցելել եմ Բեյրութի աղետյալ շրջաններ, ընտանիքների հետ հանդիպել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին՝ անդրադառնալով օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պայթյունի հետևանքով հայ համայնքի խնդիրներին։
Ըստ նրա՝ կան ամբողջությամբ փլուզված տներ՝ անբնակելի, կան կիսաքանդ բնակարաններ և նվազ վնասվածքներով տներ։ Մահացած հայերի թիվը վերջնական 13 է, 270-ը՝ վիրավոր է, նրանք ապաքինման փուլում են, սակայն հիմնական խնդիրը մնում է մարդկանց բնակարանների, վաճառատների կամ գործարանների վերականգնումը, դեղորայքի խնդիրը։
Դաշնակցական գործիչն ընդգծում է, որ վերականգնման խնդիրը միայն անմիջական օժանդակությունը չէ, այլեւ երկարաժամկետ ծրագրերի մշակումը, որովհետև հարվածի հետևանքները վերացնելու համար երկար ժամանակ կպահանջվի։
Թե հիմնականում ի՞նչ խնդիրներ ունի հայ համայնքը, քանի՞ մարդ տուն չունի, պարոն Բագրատունին նշում է, որ վիճակագրական տվյալները կամփոփվեն մի քանի օրից։
«Որովհետև, այս ահուդողի մեջ շատերն իրենց բնակարանները լքել, գնացել են, և նրանց հետ փորձում ենք կապ հաստատել։ Վերականգնման մարմինը արդեն իսկ լծված է այս աշխատանքներին։ Նախնական, այսօրվա տվյալներով՝ շուրջ 4․800 բնակարանի մասին ենք խոսում, բայց սա ամբողջական քանդված տների մասին չէ, այլ տարբեր կարգի վնասվածքներով տների, դրանցից նվազագույնը 100 բնակարան ամբողջական քանդվել է, և մնացյալները միջին և նվազ վնասվածքներով են։ Անշուշտ առաջիկա օրերին նորերն էլ կլինեն, որովհետև մինչև մեր կաթողիկոսարանի շրջանի բաձրունքներն էլ են վնասվել, որոնք անմիջական աղետի գոտու մեջ չեն, ժամանակ է պետք, որպեսզի այնտեղի գնահատումներն էլ կատարենք»,- ընդգծեց նա։
Պայթյունից տուժած, բայց Հայաստան չմեկնաց մեր հայրենակիցների կարիքներն, ըստ Հակոբ Բագրատունու հոգում են հայկական միությունները, կուսակցությունները և ազգային առաջնորդարանը։
«Անմիջական օժանդակություն ենք ցուցաբերում, թե՛ նյութական, թե՛ սննդամթերքի ձևով, թե՛ այլ հարցերով։ Նույնիսկ արդեն իսկ հաստատել ենք և երկուշաբթի օրվանից կսկսի աշխատել հոգեբանական աջակցության կենտրոնը, որովհետև հոգեբանական վնասվածքն այնքան մեծ է թե՛ երեխաների, թե՛ մեծերի մոտ, որ նաև այդ խնդիրը կա»,- ասաց Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Հակոբ Բագրատունին։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 հայ եկել է Հայաստան։
Կարծիքներ են հնչում, որ Լիբանանից զանգվածային հայրենադարձություն պետք է կազմակերպվի։ Մեր հարցին, թե դրա անհրաժեշտությունը կա՞, Հակոբ Բագրատունին արձագանքում է.
«Այս խնդիրը մեզ համար գաղափարական խնդիր է։ Իբրև Դաշնակցության պատասխանատու մարդ, կարող եմ ասել, որ անկասկած հայրենադարձությունը անհրաժեշտություն է, սակայն դա պահանջում է լուրջ ռազմավարություն՝ երկուստեք, թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում։ Նախ՝ ի՞նչ է այդ հայեցակարգը, որի վրա հայրենադարձությունը պետք է կազմակերպվի, և արդյո՞ք Հայաստանի պետությունը այսօր ի վիճակի է բազմահազար հայերի հայրենադարձությունը ապահովել, երկրորդ՝ հայրենադարձության մեջ պետք է նկատի ունենալ, որ կազմակերպված հայկական համայնքներն արժե՞ քանդել, թե՞ ոչ։ Այդ համայնքներից յուրաքանչյուրի գնահատականը պետք է տրվի նաեւ քաղաքական իմաստով։ Երրորդ՝ հայրենադարձության մասին չի կարելի մտածել միայն այն պարագայում, երբ աղետ է պատահում։ Հայաստանը վերադարձողը միայն թշվառ, տնազուրկ մարդը չպետք է լինի»,- նկատում է պարոն Բագրատունին և հավելում, որ այդ հարցերը շատ խորքային ձևով պետք է քննարկել։
Նա ցավով է նշում, որ հայրենադարձության մասին խոսում են այնպիսի շրջանակներ և անհատներ, որոնք տարիներ առաջ Լիբանանից հեռացել և ԱՄՆ են արտագաղթել։ Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավորը շեշտում է․
«Եթե Լիբանանից հայ պետք է հեռանա, ապա իբրև Դաշնակցություն՝ մեզ համար միակ հասցեն Հայաստանն է։ Մարդիկ կան, որոնք ասում են՝ դու իրավունք չունես մարդկանց ասելու, թե իրենք ուր պետք է գնան, բայց մենք ասում ենք մեր կարծիքը, որ միայն Հայաստան պետք է գնանք։ Ով որտեղ ուզում է գնալ, վերջին հաշվով ինքն է որոշում»: