Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուրջ 5 օր է, ինչ Հալեպում դարձյալ ջրի խնդիր է առաջացել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Սիրիայում գործող «Սիրիահայերի շտապ օգնության և վերականգնման» ՀԿ-ի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ արդեն 4 ամիս է, ինչ քաղաքում չկա նաև էլեկտրականություն, սակայն որոշ թաղամասերում բնակիչները գեներատորներ են տեղադրել, որոնց համար մեծ գումարներ են վճարում, որպեսզի օրական 10 ժամ էլեկտրաէներգիա ունենան:
«Այսօր Հալեպում չկա մի թաղամաս, որն ապահով լինի, վերջին շրջանում ամենից շատ ռմբակոծության է ենթարկվել Հալեպի ամենահայաշատ՝ Նոր գյուղ թաղամասը»,- ասաց նա:
Գաբրիելյանը նշեց, որ ներկայումս Հալեպում գործում է 29 հայկական վարժարան, որտեղ կրթությունն անվճար է:
Նրա խոսքով՝ պատերազմից ի վեր Հալեպի բնակչության 2/3-ը դուրս է եկել քաղաքից, ներկայումս այնտեղ գոյատևում է ընդամենը մարդկանց 1/3-ը: Ըստ բանախոսի՝ Սիրայից արտագաղթաղների ամենամեծ հոսքը դեպի Կանադա է մեկնում: Շատ են նաև եվրոպական երկրներ, մասնավորապես` Շվեդիա և Ավստրիա մեկնողները: Հայաստան տեղափոխվողների թիվը, ըստ նրա, գրեթե հավասար է Կանադա տեղափոխվողների թվին, սակայն շատ դեպքերում սիրիահայերը Հայաստան տեղափոխվելուց և այստեղ չհարմարվելուց հետո մեկնում են Կանադա:
Անդրադառնալով հարցին, թե այսօր կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում եմ գալ Հայաստան, Գաբրիելյանը պատասխանեց. «Կա մարդկանց մի զանգված, ովքեր հնարավորություն ունեն դուրս գալու, բայց շարունակում են մնալ, քանի որ կարծում են, որ իրենց տունն այնտեղ է: Կան նաև մարդիկ, ովքեր ցանկություն ունեն Հայաստան տեղափոխվելու, սակայն չունեն հնարավորություն, նման մարդկանց ձեռք մեկնողներ գտնվում են: Մեր նպատակն այսօր Սիրիայից Հայաստան ներգաղթ կազմակերպելն է»:
Լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, բնորոշելով Սիրիայում ստեղծված իրավիճակը, նշեց. «Այն ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, 21-րդ դարի աշխարհամարտի տեղայնացված տարբերակն է, քանի որ Սիրիայի խնդրին ամենաբարձր մակարդակով խառնված են գերտերությունները, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում երկրում տիրող անկայունության վրա»:
Գանտահարյանը դժվարացավ որևէ քաղաքական կանխատեսում անել: Նա միայն նշեց, որ այս վիճակը դեռևս շարունակվելու է: