կարևոր
5854 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-19 12:35
Քաղաքական Սփյուռք

Պետք է շարունակենք մեզ հանձնված գործը․ մեր ժողովրդի վստահությունը թանկ է և արժեքավոր․ Հակոբ Բագրատունի

Դաշնակցությունն իր 132-ամյանը տոնում է հայության վերջին հարուրամյա պատմության ամենից ճգնաժամային փուլում, որովհետեւ հանձնվեց Արցախը, վտանգված է Հայաստանի գոյությունը, վտանգված են Միջին Արեւելքի գաղութները, հատուկ ջանք է գործադրվում կացնահարելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, հիասթափության ամպերը տարածված են ամենուրեք: Այս մասին ՀՅԴ-ի 132-ամյակի արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին։

«Հանուն կեղծ իրատեսության կամ քաղաքական իրապաշտության՝ ապազգային դիրքորոշումներով զիջում ու նահանջում ենք՝ առանց իսկ մտածելու, որ ավարտը անխուսափելիորեն բազմահազար նահատակներով կերտված Հայաստանի թրքացումը, անվերադարձ կորուստն է ու հայկականության խորտակումը։ Ականատես ենք լինում անկախատեսելի գործընթացների եւ հավանաբար պիտի պարտվենք, եթե  կորցնենք լույսը և դադարենք հպարտանալ հայի մեր ինքնությամբ ու մոռնանք հայի բազուկը, կամքի խիզախությունն ու թշնամու հետ առճակատելու մեր հայկական ավանդը:

Հակոբ Բագրատունին շեշտեց, որ Դաշնակցության տոնը սովորաբար լինում է  հաշվետվության օր, սակայն այսօր նաեւ ավելին է` «օրն է վերազգաստավորման, վերաբռնցքի, ցավի, ընկճվածության, հիասթափության ու հուսախաբ վիճակից դուրս գալու, որպեսզի կարողանանք վեհորեն ապրել, բարձրանալ գետնաքարշ կյանքից, տեսնելով իրականությունն ու մեզ շրջապատող պայմանները` համապատասխան սրբագրումներով առաջ ընթանալ, դառանալ մեկ ու միակ տեսլականի` ամբողջական Հայաստանի ու ամբողջական հայության գաղափարին շուրջ համախմբվելու, մեր հոգուց պարտությունը թոթափելու եւ հպարտ ու մարտունակ հայի կերպարը վերակերտելու համար»:

Իր խոսքի երկրորդ հատվածում Բագրատունին շեշտը դրեց Լիբանանի, լիբանանահայության եւ Դաշնակցության Լիբանանի ընտանիքի վրա` հայտնելով, որ անսովոր վիճակ է տիրում և լիբանանցին կենցաղային անբացատրելի ու անընդունելի պայմաններում է ապրում, որովհետեւ Լիբանանով շահագրգռված պետությունները եւ նրանց գործակատարները, երբ չկարողացան քանդել լիբանանցի ժողովրդին դիմադրությունը, դիմեցին փափուկ քաղաքականության ու հարվածեցին լիբանանցուն ու Լիբանանի հայ քաղաքացուն, թույն սրսկեցին նրանց մտքի մեջ, ստրկացրին նրա հոգին, զրկեցին նույնիսկ ազատ շնչելու կարողությունից և վերջապես ծնկի բերեցին, որպեսզի կարողանան իրականացնել իրենց մեծապետական քաղաքականությունը:

Նա շեշտեց. «Մենք պիտի շարունակենք մեզ հանձնած գործը: Մեր ժողովրդի վստահությունն այնքան թանկ է եւ արժեքավոր, որ մենք չենք կքի չարախոսության, բամբասանքի, ստի եւ չարամության դիմաց: Իր կյանքի գնով ժողովուրդին ծառայելու երդումը կատարող դաշնակցական մարդը չի վախենում անձնական վիրավորանքից, հայհոյանքից կամ վարկաբեկիչ արտահայտություններից»:

Մանրամասները՝ տեսանյութում։