կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 14:30
Տարածաշրջան

Վրացական Աջարիան վերածվում է թուրքական տարածաշրջանի

Վրացական Աջարիան վերածվում է թուրքական տարածաշրջանի

Թբիլիսիում և Վրաստանի մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած վերջին «հակառուսական» հուզումները, մի կողմից ցույց տվեցին, թե որքան հիվանդագին է Արևմուտքն արձագանքում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման ամենաանմեղ փորձերին, մյուս կողմից էլ աշխուժացրեցին Վրաստանի աստիճանական «թուրքացումից» դժգոհ խմբերին: Վրացական և ռուսական մամուլում այս օրերին քիչ չեն հատկապես Աջարիայի «թուրքական օկուպացիայի» մասին հրապարակումները, որոնց հեղինակները մտահոգություն են հայտնում դեպի Վրաստան թուրքական կապիտալի և բիզնեսի անարգել ներհոսքի կապակցությամբ: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք վրացի վերլուծաբան Գեորգի Օլիսաշվիլիի հոդվածը, որ տեղ է գտել 1TV.ru կայքում:

Փողոցը կոչվում է Քութաիսի, բայց շուրջ բոլորը թուրքերեն գրություններ են: Մի փոքր խորանում ես` արագ սննդի կետ է` «Անթալիա» անունով, անկյունում` «Ստամբուլ» ռեստորանը: Այն, որ դու Բաթումում ես` Աջարիայի մայրաքաղաքում, Վրաստանում, միանգամից չես ընկալում:

Մուզաֆեն Աջարիա է տեղափոխվել 15 տարի առաջ և, ինչպես բոլոր թուրքերը, հեշտությամբ աշխատանք գտել այնտեղ: «Ես փոքրուց եմ այստեղ, հարմարվել եմ արագ: Շատ եմ սիրում Վրաստանը, հրաշալի մարդիկ են ապրում այստեղ»,- ասում է խոհարար Մուզաֆե Գյորմուշը: Նա վրացերեն խոսում է անթերի, սակայն հաստատության այցելուները, որոնք ծովափ գնալու ճանապարհին այստեղ շաուրմա են գնում, նրան թույլ չեն տալիս մոռանալ մայրենի լեզուն` թուրքերենը:

Հյուրերից մեկը` Զեքի Յանիկ անունով, նկատում է. «Իսկ ուրիշ որտե՞ղ հանգստանանք, եթե ոչ` այստեղ: Թուրքերը դեռ Օսմանյան կայսրության ժամանակներից են ապրել այստեղ»:

Բաթումի Քութաիսի փողոցը բուռն զարգացող թուրքական թաղամաս է այլևս` ոչ խորամանկ սխեմայով գործող միանման սրճարաններով. տերն ապրում է Թուրքիայում, սրճարանն աշխատեցնում է թուրք տնօրենը, այցելուները հիմնականում թուրքեր են և միայն սպասարկող անձնակազմն է կազմված տեղացիներից:

«Ես շեֆ-խոհարարն եմ, ազգությամբ` թուրք: Տնօրենը նույնպես թուրք է, իսկ ահա մնացած աշխատակիցները վրացի են»,- պատմում է Սերահաթին Գյունդբայը` շարունակելով պատրաստել ոսպով ապուրը թուրքական ձևով, որ պատվիրել է Բաթումում արդեն 3 տարի ձևավորող աշխատող Քերեմը: Նա այստեղ հաստատված շատ թուրքերի օրինակով պատրաստվում է դիմել նաև քաղաքացիության համար: «Ես չեմ կարող գնալ Ամերիկա: Դա թուրք և ամերիկացի քաղաքական գործիչների հարուցած խնդիրն է: Բայց վրացական անձնագրի հետ կապված որևէ խնդիր չկա»,- ասում է Քերեմ Օզթյուրքը:

Բաթումի միջազգային օդանավակայանը կառուցել է թուրքական ընկերությունը, այն մեկ այլ թուրքական ընկերության կողմից շահագործվում է որպես Թուրքիայի ներքին օդակայան: Ստամբուլից այստեղ ժամանած ուղևորները սահմանային ստուգումներ չեն անցնում: Նրանք տոմս են գնում մինչև թուրքական Խոպա, իսկ քանի որ Հոփայում օդակայան չկա, ինքնաթիռը վայրէջք է կատարում Բաթումում: Այստեղից էլ Թուրքիայի քաղաքացիները վերգետնյա տրանսպորտով շարունակում են իրենց ուղևորությունները Վրաստանում` ինչպես տանը: Ի դեպ,  Հոփայի վիրտուալ օդանավակայանից դեպի Ստամբուլ տոմսը 3-4 անգամ ավելի էժան է, քան հակառակ ուղղությամբ:

Վրացական սահմանը Թուրքիայի քաղաքացիների համար զուտ պայմանական հասկացություն է: Առանց վիզայի ռեժիմը և սահմանի երկու կողմերի միջև եղած ոչ մեծ տարբերությունն իրենց գործն են անում:  Եվ, ամենակարևորը` Բաթումում ամեն քայլափոխի խաղատներ կան, որոնք Բաթումն իսկական Լաս Վեգաս են դարձնում Թուրքիայի պահպանողական ծայրամասերի բնակիչների համար: Խաղատնային բիզնեսը Անկարայում վաղուց է «ճնշվել», և այդ պատճառով էլ Բաթումում թուրքերի մի մասը խաղատներ է բացում, իսկ մյուս մասը, ամբողջացնելով տնտեսական շղթան, նպատակասլաց գնում է այդ խաղատներում գումար թողնելու: Ի դեպ, հյուրանոցում խաղատան առկայությունը հուշում է, որ այդ հյուրանոցը թուրքական է:

«Ճիշտն ասած` ոչ ոք չի հավատում, որ այս հյուրանոցը մենք ենք կառուցել: Բոլորին թվում է, թե սա նույնպես թուրքական հյուրանոց է, թեև այն կառուցել են վրացիները: Տերը նույնպես վրացի է, բայց մինչ օրս մեր այցելուները չեն հավատում, որ այն վրացական հյուրանոց է»,- պատմում է հաստատության սեփականատերը` Գենադի Ծուլուկիձեն:

Աջարիայի քարտեզի վրա ռեստորաններից ու հյուրանոցներից ոչ պակաս թափով ավելանում է նաև թուրքական փողերով կառուցվող մզկիթների թիվը: Տարածաշրջանի բնակչության մեկ երրորդը վրացի մահմեդականներ են, սակայն, երբ ժամանակին Անկարան պնդեց սուլթան Աբդուլ Ազիսի մզկիթը վերականգնելու իր ցանկությունը, բաթումցիները բողոքեցին: Աջարիայում մզկիթներ սկսել են կառուցել սրանից դեռ 200 տարի առաջ` թուրք զավթիչների և զինվորականների համար: Թուրքերն, ի վերջո, նահանջեցին, սակայն իրենց կրոնական ծրագրերից դեռևս չեն հրաժարվել: Մահմեդականության տարածմանը, պարզվում է, նպաստում են նաև մարմնական հաճույքները: Աջարիայի գլխավոր մզկիթի մինարեթների հարևանությամբ այսօր բուռն գործունեություն են ծավալում ոչ վաղ անցյալում վրացիների մեջ խորթ զգացմունքներ առաջացնող թուրքական այնպիսի հաստատություններ, որտեղ ծառայություններ են մատուցում հատուկ այդ նպատակով բերված թաիլանդուհի մերսողները:

Բաթումը միշտ էլ համարվել ազգային հանդուրժողականության քաղաք: Ազգությամբ  աբխազ Ասլան Սմիրբուն 90-ական թվականներին, հիմնականում` վրացական բնակչության աջակցությամբ, ընտրվել է քաղաքապետ: Բայց, տեսնելով, թե ինչպես են օտարները փոխում իրենց քաղաքի դեմքը, Սմիրբուն նույնպես չի կարողանում թաքցնել զգացմունքները: «Աջարիան 300 տարի եղել է Օսմանյան կայսրության կազմում և միայն XIX դարավերջին ռուս-թուրքական պատերազմի շնորհիվ այդ հողերը վերադարձվեցին, ըստ էության, Վրաստանին: Ռուսաստանի շնորհիվ էր, որ Աջարիան ինքնավար հանրապետության կարգավիճակով մտավ Վրաստանի կազմի մեջ: Դա չպետք է մոռանալ, այդ մասին պետք է խոսել»,- ասում է Բաթումի նախկին քաղաքապետը:

Թբիլիսիում, սակայն, գործող իշխանությունը Ռուսաստանին թշնամի է հայտարարել և գերադասում է լռել այդ մասին: Դրանից օգտվելով էլ` թուրքերը մոռացել են, որ, իրենցից բացի, ուրիշ մարդիկ էլ են ապրել այդ հողում: Ահավասիկ` XII դարի վրացական տաճարի ավերակները: Այստեղ աղոթել է Թամար թագուհին: Այժմ այդ տարածքը «Թուրքիա է»: Ընդ որում` այդ վայրում իրենց մշակույթի տարածման հարցերին թուրքերը շատ նուրբ են մոտենում:

Սարպին Աջարիայի լավագույն ծովափերից մեկն է: Այստեղ և' ջուրն է մաքուր, և' բնությունն է գեղեցիկ: Գրեթե հարևանությամբ թուրքական սահմանն է: Անցակետից ընդամենը 100 մետր հեռու թուրքերը մզկիթ են կառուցել, թեև ամենամոտ թուրքական բնակավայրն այստեղից 5 կմ հեռու է: Բարձրախոսներն այնպես են տեղադրված, որ մինարեթից երգող մոլլայի ձայնը և աղոթքի հրավերը լսելի լինեն վրացական կողմում: Օսմանյան կայսրության «հետքերից» այստեղ թաքնվել հնարավոր չէ, իսկ Թուրքիայում էլ արդեն կոչեր են հնչում, որ «քարերը հավաքելու ժամանակն է»:

Ամեն ինչ սկսվել է «վարդերի հեղափոխությունից», որի փշերի վրա նստած էր Միխեիլ Սահակաշվիլին: Նա կոչ էր անում ներդրումներ կատարել Վրաստանում: Առաջինն այդ կոչին արձագանքեցին ԱՄՆ-ը և Թուրքիան: Օտարերկրյա ներդրումների շնորհիվ Բաթումը շատ արագ դարձավ Վրաստանի այցեքարտը: Այսուհանդերձ, ԱՄՆ-ը բավականին արագ կորցրեց բիզնես հետաքրքրասիրությունը: Ամերիկան, ի վերջո, հեռու է: Իսկ, ահա, թուրքերը որոշել են երկար մնալ այստեղ, որովհետև լավ են «հիշում» այս հողերը: Բաթումի արդեն հանրահայտ երկնաքերների մեջ, որպես այդ քաղաքի խորհրդանիշ, վեր է խոյանում նաև մի կանաչավուն «արվեստի նմուշ», որն իր կառուցվածքով հիշեցնում է Ղրիմի պատերազմի ժամանակների Օսմանյան կայսրության բանակի ամրացված կետ: Կարելի է ասել` գրավել են առանց մարտի: Մինչև Սահակաշվիլին Աջարիայում թուրքական բիզնես չի եղել: Ընդհանրապես: Իսկ նրա ժամանակ թուրքերին սկսեցին վրացական անձնագրեր տալ: Անկարան ամեն կերպ աջակցում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գնալ և զարգանալ Վրաստանում: «Թուրքական իշխանությունները ձեռնտու վարկեր են տրամադրում արտասահմանում բիզնես բացելու համար: Մեր գործերը Բաթումում լավ են ընթանում: Մտածում ենք բացվել նաև Թբիլիսիում»,- ասում է բաթումյան ռեստորանի սեփականատեր Օմուր Թաիրիվերդին:

 Համարվում է, որ Թբիլիսիում Թուրքիայի հետաքրքրությունների լոբբինգով զբաղվում է թուրքագետ Գիուլի Ալասանիան` Միխեիլ Սահակաշվիլիի մայրը, և տակավին չարտաքսված ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մտերիմ ընկերուհին: «Նա Ֆեթուլլահ Գյուլենի սիրելի կինն է եղել: Նրա շնորհիվ Գյուլենը Վրաստանում սկզբնական, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատություններ է բացել: Մենք խոսում ենք ռուսական օկուպացիայի մասին, մինչդեռ Թուրքիան է իսկական օկուպանտը»,- նշում է քաղաքագետ Առնո Խիդիրբեգիշվիլին:

Հարակից քաղաքների դպրոցականներին, ինչպես նաև Աջարիա ժամանող զբոսաշրջիկներին, թուրք զբոսավարները պատմում են «Բաթում-կալե» քաղաքի` իրենց պատմությունները: «Նրանք ուղղակի հայտարարում են` մենք գտնվում ենք Թուրքիայի տարածքում, սա մեր հողն է»,- ասում է գրող Ռամազ Սուրմանիձեն:

Մյուս կողմից էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որի նախնիները նույնպես բնակվել են Աջարիայում, բացեիբաց հայտարարում է, որ Թուրքիան դեմ չէ հասնելու Օսմանյան կայսրության սահմաններին: «Մեր ֆիզիկական սահմանները տարբերվում են մեր սրտի սահմաններից: Մի՞թե կարելի է տարբերել Ռզան Բաթումից: Բազմաթիվ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահմաններում պետք է լինեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Սալոնիկը, Բաթումը: Մենք անկախության կորստի դեպքում միայն կկորցնենք մեր հետաքրքրությունը այդ տարածքների նկատմամբ»,- հայտարարել էր Էրդողանը:

Աջարիայի հանդեպ հետաքրքրությունն արդեն ամրակայված է Անկարայի կողմից Վրաստանի տնտեսության մեջ ներդրված 2.5 միլիարդ դոլարով և Բաթումի բնակչության 15 տոկոսի երկքաղաքացիությամբ: «Այդ ամենն առայժմ թավշյա մի ուժ է, որը, եթե աչքաթող արվի, կարող է նաև մահացու դառնալ: Նրանք գալիս են մեծ կապիտալով, և նրանց թիկունքում կանգնած է նրանց կրոնը: Դա մի հսկա, շատ կներեք, մահաբեր խառնուրդ է, որի պայթյունի հետևանքների մասին կարելի է միայն ենթադրել»,- նշել է հայտնի լրագրող Դավիթ Չխարտիշվիլին:

 Թուրքիայից քաղաքական իսլամիզմի արտահանման մոդելը հանգում է մի պարզ բանաձևի, որ բարձրաձայնել է նույն Էրդողանը. «Մզկիթները մեր զորանոցներն են: Մինարեթները` մեր նիզակները»: Շարունակելով այս պատկերավոր խոսքը` կարելի է հանգիստ ասել, որ Բաթումում «թուրք զինվորները» վաղուց են անցել սահմանը:

 Գեորգի Օլիսաշվիլի

(Թարգմ. Էդիկ Անդրեասյան)