կարևոր
2785 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-25 14:29
Քաղաքական

Արցախի հարցը մղվել է 2֊րդ պլան, ԵԱՀԿ-ն էլ վերածվում է արդեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև զսպող գործոնի

Արցախի հարցը մղվել է 2֊րդ պլան, ԵԱՀԿ-ն էլ վերածվում է արդեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև զսպող գործոնի

Հայաստան ուղարկված ԵԱՀԿ կարիքների գնահատման խմբի առաջին գործառույթը դիտորդական է, հետզհետե ակնկալվում է, և այդ ուղղությամբ նաև ակնարկներ կան, որ այն դիտորդականին և փաստահավաքին զուգահեռ պետք է ունենա նաև զսպիչ գործառույթ։ Այս մասին 24News-ին ասաց լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

Հոկտեմբերի 19-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախագահությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը երկիր կուղարկի կարիքների գնահատման թիմ, որն այսօրվա դրությամբ արդեն Հայաստանում է։ Այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշակի սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի և փորձաքննության հիման վրա անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 20-ին հայտարարել էր, որ այս խմբի այցը պետք է գնահատվի որպես մասնավոր։

«Դրա գործուղման հարցը երբևէ չի քննարկվել հավաքական որոշումներ կայացնող ԵԱՀԿ-ի որևէ մարմնի կողմից ու որևէ որոշում չի կայացվել։ Այսպիսով, «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստանում» կոչվող ցանկացած խումբ ԵԱՀԿ մանդատ չունի և չի կարող որևէ կերպ ասոցացվել ԵԱՀԿ-ի հետ, իսկ դրա եզրակացություններից կամ զեկույցներից ոչ մեկը չի ընդունվի որպես ԵԱՀԿ փաստաթուղթ»,- նշել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Բաքուն նաև ընդգծել էր, որ «ԵԱՀԿ նախագահության ու քարտուղարության կողմից նման չմտածված միակողմանի գործողությունը հակասում է պատասխանատու և վստահելի միջնորդության ու վստահության հիմնարար սկզբունքներին»։ Հոկտեմբերի 22֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր կարիքների գնահատման առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի խոսքերով՝ չպետք է մոռանալ, որ ԵԱՀԿ-ի առաքելությունն իրականացվում է սահմանագծի հայկական հատվածում. Ադրբեջանը ո՛չ դիմել է, ո՛չ համաձայնություն է տվել, փորձում է խնդիրը ռուս-թուրքական տիրույթում լուծել։ «Այնուամենայնիվ, մեկ բան էլ պետք է նկատի ունենանք։ ԵԱՀԿ-ն Մինսկի խմբով մանդատ ուներ արցախյան խնդրում միջնորդելու, հիմա գրանցվում է աշխարհագրական գոտու փոփոխություն, ինչը նաև ԵԱՀԿ-ի նոր լիազորության մասին է խոսում։ Բայց մտահոգիչ է, որ ԵԱՀԿ-ի՝ Արցախ-Ադրբեջան հակամարտության շուրջ բանակցություններ միջնորդելու լիազորությունը վերափոխվում է։ Եվ, ընդհանրապես, վերածվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին դիտորդական առաքելություն իրականացելու, փաստահավաք և հիմա արդեն նաև զսպիչ գործունեություն իրականացնելու լիազորության», – պարզաբանեց Գանտահարյանը։

Ըստ նրա՝ այս կերպ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը մղվում է 2-րդ պլան։ «Ընդհանրապես, հակամարտությունն Արցախ-Ադրբեջանից վերածվել է Հայաստան-Ադրբեջանի, դա թուրք-ադրբեջանական տանդեմի առաջադրանք է։ Եվ եթե նայենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի 5 կետանոց օրակարգը, ապա այնտեղ ԵԱՀԿ-ի, Արցախի մասին ընդհանրապես խոսք չկա։ Հետագայում հայկական կողմի տարածած լրացումների մեջ ԵԱՀԿ-ն կա, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին հղում կա։ Այնտեղ նաև նշում կա, որ Երևանը դիմել էր ԵԱՀԿ-ին վերագործարկել արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները։ Հիմա, սակայն, արդեն միջնորդական առաքելության բոլոր գործողությունները կենտրոնացել են Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Միջնորդական առաքելության գործունեությունն էլ հետագայում կկապվի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման, սահմանագծման աշխատանքների և ոչ թե արցախյան հակամարտության կարգավորման հետ», – եզրափակեց Շահան Գանտահարյանը։