Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն բանից հետո, երբ 2019 թվականի մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ, և դրանք նպատակն ունեին ոչ միայն պատժել այն դատավորին, որը «համարձակվեց» պարոն Քոչարյանին ազատ արձակել` ըստ էության կիրառելով օրենքը, այն, ինչ պարտավոր էր անել, այլ նաև ահաբեկել այն դատավորներին, որոնք ապագայում պետք է քննեն պարոն Քոչարյանի գործը. լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի և կալանքից ազատելու, ինչպես նաև դատարանների նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ հարցերին:
Ըստ նրա` ստացվում է` ցանկացած դատավոր, որն այսուհետ գործ կունենա երկրորդ նախագահի քրեական գործի հետ, արդեն հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե իր կողմից կայացվելիք դատական ակտը դուր չգա այսօրվա գործադիր կամ օրենսդիր իշխանությանը:
«Երևի մարդկության պատմության մեջ իրենց բնույթով եզակի ճնշումներ եղան: Ես չգիտեմ երկիր... Համենայն դեպս, այդքան շփվել եմ տարբեր երկրների փաստաբանների հետ, և մենք հաճախ այդ շփումների ժամանակ հենց այդ բացասական փորձն ենք միմյանց հետ քննարկում`որ պետությունում ինչ հակադատական քայլեր է ձեռնարկում, ենթադրենք, գործադիր իշխանությունը, և ինչպես կարելի է դրան հակազդել: Որևիցե երկրի փաստաբանից որևէ անգամ չեմ լսել, որ դատարանների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորված լինի, նույնիսկ այն երկրների փաստաբաններից, որոնք համարում ենք ժողովրդավարական առումով ամենահետամնացը: Դե, իսկ հիմա մենք մեր երկրում տեսանք այն, ինչ չպետք է տեսնեինք, ուղղակի դա պետք է տեղի չունենար` այդ բիրտ, վայրագ ճնշումները դատարանների նկատմամբ: Բոլորիս համար, կարծում եմ, հասկանալի է`ինչ վիճակում է գտնվում վերաքննիչ դատարանի այն դատավորը, որը պետք է քննի դատախազների և տուժող կողմի բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ»,- նշեց փաստաբանը:
Նա հավելեց, որ գրեթե նույն բանը կարելի է ասել օրեր առաջ Սահմանադրական դատարանի առջև անցկացված ակցիայի վերաբերյալ: «Առաջին ատյանի դատարանը մայիսի 20-ին դիմել է Սահմանադրական դատարան, որովհետև առաջին ատյանի դատարանը խնդիր է տեսել այն բանում, թե արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը և 2008 թվականին գործող 300 հոդվածը համապատասխանում են Սահմանադրությանը: Բնականաբար, եթե այդպիսի խնդիր կա, առաջին ատյանի դատարանը դիմել է Սահմանադրական դատարան: Հունիսի 5-ին ի՞նչ տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի առաջ. մի խումբ անձինք ակնհայտորեն իշխանությունների կողմից հովանավորվող, ինչո՞ւ հովանավորվող, որովհետև այդ հատվածում հանրահավաք անցկացնելը օրենքով արգելված է, եկան, այդտեղ հանրահավաք անցկացրեցին` ուղիղ Սահմանադրական դատարանի դիմաց: Հետո Սահմանադրական դատարանի դատավորներից մեկը` տիկին Գյուլումյանը, դատարանի շենքից դուրս էր ուզում գալ, ու դուք տեսաք`ինչ հայհոյանքներ նրա հասցեին հնչեցվեցին, քաշքշուկ տեղի ունեցավ նրա հետ, և սա պարզ երևում էր`ինչի համար էր արված. որովհետև Սահմանադրական դատարանը շուտով պետք է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված որոշում կայացնի, և պարզ երևում է, որ դրանից 2 օր հետո Սահմանադրական դատարանի նախագահը որոշեց վարույթ ընդունելու հարցը որոշելը հետաձգել մեկ ամսով: Սա աննախադեպ բան էր, որ դիմումը վարույթ ընդունելն այդ աստիճանի ձգձգվեց: Այս ճնշումները հետագայում փորձ է արվում ներկայացնել, թե` ժողովրդի ինքնաբուխ դրսևորումն է: Եթե անգամ դա այդպես ընդունենք, ապա բոլոր դեպքերում օրենքով արգելված է Սահմանադրական դատարանի կամ ցանկացած դատարանի մոտ այդպիսի ակցիաներ իրականացնելը: Եվ այն, որ իրավապահ մարմիններն անգործության են մատնված, այդ իրավիճակներում ոչինչ չեն ձեռնարկում, վկայում է այն մասին, որ ամբողջությամբ նախապես պլանավորված է եղել, այս դեպքում`Սահմանադրական դատարանի վրա ճնշում գործադրելու համար: Այդ կապակցությամբ վերջերս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը հարցազրույց էր տվել և նշել որոշ հանգամանքներ, որոնց հետ կապված այսօր ես իմ անունից հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազի անունով և պահանջել եմ հարուցել քրեական գործ»,- պարզաբանեց փաստաբանը:
Ալումյանի խոսքով` Ջհանգիրյանն իր հարցազրույցում անդրադառնալով հարցին, որ առաջին ատյանի դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան քրեական այդ հոդվածների սահմանադրականության հարցի վերաբերյալ, 3 շատ կարևոր հանգամանք է նշել, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու առիթ է ոչ թե Ջհանգիրյանի նկատմամբ, այլ այն առումով, որ նա մատնանշել է հանգամանքներ, որոնք վկայում են դատարանների նկատմամբ ճնշումների մասին: «Այսպես` պարոն Ջհանգիրյանն ասաց հետևյալը, որ Սահմանադրական դատարանը, այսպես ձգձգելով, դատարաններին (առաջին ատյանին և վերաքննիչին) հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք իրենց սխալն ուղղեն: Այսինքն` պարոն Ջհանգիրյանի ասածից հետևում է, որ Սահմանադրական դատարանը, երբ մեկ ամսով հետաձգեց դիմումի քննությունը, դրանով շանս տվեց ընդհանուր իրավասության դատարաններին, որպեսզի «սխալն ուղղվի», այսինքն`վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը: Եթե դա այդպես է, ուրեմն նշանակում է` այստեղ արդեն նախապես պլանավորված դատական ակտերի մասին է խոսքը:
Երկրորդն այն է, որ ՍԴ-ն առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված դիմումը չի քննելու: Սա նշանակում է, որ պարոն Ջհանգիրյանին հայտնի է`ինչ է անելու Սահմանադրական դատարանը: Իհարկե, եթե նման տեղեկատվություն է նրան հասել, ապա սա մի տեղեկտվություն է, որին ոչ ոք չպետք է տիրապետեր այդ պահին, նույնիսկ Սահմանադրական դատարանի դատավորները հիմա չպետք է իմանային` ապագայում իրենք ինչ են անելու, որովհետև եթե այդ ամենը պետք է տեղի ունենար դատական քննության ժամանակ, ապա ինչպե՞ս կարող է այս պահին այդ մասին իմանան:
Հետո ասաց, որ, համենայն դեպս, Սահմանադրական դատարանն այս կազմով այդ գործը չի քննելու: Հետևաբար` արդեն նախատեսված է, որ ՍԴ-ում փոփոխություններ են տեղի ունենալու: Իսկ ե՞րբ կարող են ՍԴ-ում փոփոխություններ տեղի ունենալ, երբ կա տեղեկատվություն` որոշ անդամներ պետք է դուրս գան, և նրանց փոխարեն ուրիշ մարդիկ պետք է աշխատեն: Սրանք շատ հեռուն գնացող հայտարարություններ են, որոնցում ակնհայտորեն կա մի բան`առնվազն 2 դատական ատյանների ապագա անելիքներն այսօր հայտնի են պարոն Ջհանգիրյանին»,-շեշտեց Ալումյանը:
Դիտարկմանը`անընդհատ խոսվում է դատարանների նկատմամբ ճնշումների մասին, բայց այսօր Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակված, և հարցին` արդյո՞ք սա չի խոսում հակառակի մասին, փաստաբանը պատասխանեց. «Ես ասացի, որ ճնշումները սկսվեցին այն բանից հետո, երբ առաջին ատյանի դատարանը «համարձակվեց» ազատ արձակել պարոն Քոչարյանին: Սրանից առաջ նույն սցենարը մեկ անգամ էլ է կրկնվել` օգոստոսի 13-ին դատավոր Ալեքսանդր Ազարյանը վերաքննիչ քրեական դատարանում ազատ արձակեց պարոն Քոչարյանին, և դրանից 2 օր հետո Ֆրանսիայում մեր վարչապետը շատ կոպիտ ձևով արտահայտվեց այդ դատական ակտի մասին, դրանից էլ 2 օր հետո Հանրապետության հրապարակում, մոտավորապես 100.000 տեղում գտնվող և մոտ 2 միլիոն էլ համացանցով այդ իրադարձություններին հետևողներին ի լուր, շատ վիրավորական ձևով քննադատեց այդ դատավորին, որն ազատ արձակեց պարոն Քոչարյանին: Դրանից հետո անցան ամիսները, և պարոն Քոչարյանի գործը քննող յուրաքանչյուր դատավոր հաշվի էր առնում այդ իրադարձությունները և, հավանաբար, վախենում օրենք կիրառել, որովհետև պատկերացնում էր` իր հետ ինչ տեղի կունենա: Սրա մասին էր վկայում այն, որ 3 դատավոր իրար հետևից ինքնաբացարկ հայտնեցին: Դատավորը հենց այնպես նման իրավիճակներում ինքնաբացարկ չի հայտնում: Եթե 3 դատավոր իրար հետևից ինքնաբացարկ հայտնեցին, մեզ համար պետք է պարզ դառնա` ինչու են նրանք խուսափում այս գործից: Նրանք պետք է օրենք կիրառեն, իսկ եթե օրենք կիրառեն, ապա պարոն Քոչարյանին մի օր շուտ պետք է ազատ արձակեն: Մմյուս կողմից` եթե ազատ արձակեին, հայտվելու էին դատավոր Ազարյանի կարգավիճակում: Դրա համար էլ դատավորները, որոնք կարողացան այդ գործը չքննել, ինքնաբացարկ հայտնեցին ու չքննեցին: Նրանք 3-ն էլ պատժվեցին Բարձրագույն դատական խորհրդի կողմից, բայց, համենայն դեպս, կարողացան այդ գործը չքննել: Այսինքն` դա արդեն վկայում է, որ դատավորներն այս գործի հետ կապված ունեն որոշակի մտավախություններ: Հետո երկար ժամանակ մեր իշխանությունները պնդում էին, որ դատարանների նկատմամբ մեզ մոտ ճնշում չկա: Եկավ այն օրը, երբ այս դատավարության ժամանակ դատավոր Դավիթ Գրիգորյանը պետք է որոշում կայացներ պարոն Քոչարյանի գործով: Նա, հավանաբար, հավատաց, որ դատարանների նկատմամբ այսուհետ ճնշումներ չեն լինելու և կայացրեց այն, ինչ պարտավոր էր կայացնել օրենքով: Ավելին`նա Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց անձնական երաշխավորությամբ, այն դեպքում, երբ ընդհանրապես որևէ խափանման միջոց չպետք է կիրառվեր: Ինչևէ, պարոն Քոչարյանն ազատ արձակվեց, և դրանից հետո տեսանք`ինչ ճնշումներ կիրառվեցին դատարանների նկատմամբ: Մենք հիմա չենք կարող ջայլամի նման գլուխներս դնենք հողի մեջ`ասելով Հայաստանում դատարանների նկատմամբ ճնշումներ չկան, այն դեպքում` երբ այնպիսի դրսևորումներ է ունեցել այդ ճնշումը, որը գոնե 21-րդ դարում աննախադեպ է ամբողջ աշխարհով մեկ»:
Ինր վերաբերում է դիտարկմանը, թե Գագիկ Ջհանգիրյանը ներկայանում է որպես քաղաքացիական անձ, այլ ոչ թե պաշտոնյա, ապա, Ալումյանի պնդմամբ, դա էական չէ: «Ըստ իս` կապ չունի, թե այդ տեղեկատվությունը պարոն Ջհանգիրյանին հասել է և արտաբերվել է ոչ որպես պետական պաշտոնյայի, այլ որպես մի մասնավոր անձի, որը տիրապետում է այդ ինֆորմացիային: Հարցն այն է, որ դա տեղեկատվություն է, որ պետք է չլիներ ոչ մեկի մոտ»,- եզրափակեց նա: