Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցյալ տարվա սկզբներին Թուրքիայում կայացել է ազգությամբ քուրդ Ֆաթիհ Գյուդենի նկարահանած փաստավավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը՝ Վանում պահպանված հայկական եկեղեցիների թեմայով։ Այնուհետև ֆիլմը ցուցադրվել է նաև աշխարհի այլ երկրների փառատոնների շրջանակներում։ Ֆիլմը դեռ չի ներկայացվել հայաստանյան հանդիսատեսին, սակայն Ֆաթիհ Գյուդենը դիմել է այս տարվա «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին մասնակցելու համար։ Հեղինակի հետ հեռավար կերպով զրուցեցինք ֆիլմի նկարահանմանն առնչվող թեմաներով․
Հարց- Ներկայացեք խնդրեմ։ Ո՞վ եք։ Ի՞նչ մասնագիտություն ունեք։ Որո՞նք են Ձեր ազգությունն ու ծննդավայրը։
Պատասխան- Անունս Մեհմեթ Ֆաթիհ Գյուդեն է։ Ծնվել ու մեծացել եմ Վանում։ Ազգությամբ քուրդ եմ, մասնագիտությամբ՝ արվեստի պատմաբան։ Բարձրագույն կրթությունն ստացել եմ Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի Արվեստի պատմության բաժնում։ Ներկայում շարունակում եմ ապրել Վանում։
Հարց- 2020 թ․ հունվարի 15-ին տեղի ունեցավ «Լռեցված զանգեր» փաստագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը։ Ինչպե՞ս է ծնվել նման ֆիլմ նկարահանելու գաղափարը։
Պատասխան- Նկատեցի, որ մեր կրթության շրջանակներում ներկայացվող պատմությունը խիստ թերի է, և ցանկացա մեր տարածքներում շրջելով՝ ինքս ճանաչել այն։ 11 տարի առաջ, երբ սկսեցի լուսանկարչական ապարատով շրջել Վանում ու շրջակայքում, նկատեցի, որ գրեթե յուրաքանչյուր գյուղ, ուր ոտք եմ դնում, նախկինում հայկական է եղել, և որ այդ գյուղերում հին եկեղեցիներ կան։ Երկար տարիներ տևած ուսումնասիրություններիս արդյունքում եկեղեցիների մասին լուրջ արխիվ կազմեցի։ Հազարամյա պատմություններ ունեցող, մեկը մյուսից արժեքավոր այդ հուշարձաններ ամեն այցիս ժամանակ նկատեցի, որ մեր բնակիչներն անգիտակցաբար վնաս են հասցնում այդ կառույցներին։ Որոշեցի այս վավերագրական ֆիլմը նկարահանել՝ դրան արգելք լինելու և մեր ժողովրդին իրական պատմությունը ներկայացնելու համար։ Ֆիլմը պատրաստեցի Վանում ապրող ընկերներիս աջակցությամբ։
Հարց- «Լռեցված զանգեր» ֆիլմում ո՞ր վանքերին և եկեղեցիներին եք անդրադառնում։
Պատասխան- Վան նահանգի սահմաններում մեր օրեր մասամբ հասած շուրջ 100 վանքերից և եկեղեցիներից միայն 10-ն ենք կարողացել ֆիլմում ընդգրկել։
Այդ եկեղեցիներն են՝
Մուրադիյեի (Բերկրիի) Սուրբ Ստեփանոս վանքը,
Լիմ կղզու Անապատ մենաստանը,
Չարփանաք (Կտուց) կղզու Անապատ վանքը,
Բաքրաչլը գյուղի Վարագավանքը (Յեդի Քիլիսե),
Բաշքալե գավառի Ալբայրաք գյուղի Սուրբ Բարդուղիմեոս վանքը,
Բաշքալեի Յանալ գյուղի Սուրբ Էջմիածին վանքը,
Գևաշ գավառի Աղթամար կղզու Սուրբ Խաչը,
Գևաշի (Քիավաշ–Ոստան) Գյորունդյու (Մոխրաբերդ) գյուղի Կարմրավանքը,
Գևաշի Դևեբոյնու թերակղզում գտնվող Դիվաբույնի Սուրբ Հարությունը,
Եւ, ի վերջո, Գևաշի Սուրբ Թովմասը։
Հարց- Նկարահանումների ընթացքում ինչպիսի՞ դժվարությունների հանդիպեցիք։
Պատասխան- Քանի որ մեր նկարահանող խմբի բոլոր անդամները ծնվել-մեծացել են հենց այս տարածքներում, տեղի բնակիչներից ոչ մի բացասական վերաբերմունքի չենք արժանացել։ Սակայն մեր նյութական միջոցները սուղ էին, և մեծ մասը ստիպված էինք սեփական միջոցներով հատուցել, որպեսզի կարողանանք ֆիլմն ավարտին հասցնել։
Բացի այդ, ըստ իս՝ այս տարածքների ամենանշանավոր կառույցը եղող Գյուրփընարի Քըրքգեչիթ (Քասրիք) գյուղի մոտակայքում գտնվող Նորդուզ հովտի Հոգվոց կամ Հոգյաց (Տեր Մարիամ) վանքը ևս ցանկացանք ֆիլմում ընդգրկել, սակայն քանի որ այն անվտանգության տեսանկյունից խնդրահարույց շրջանում էր գտնվում, չկարողացանք համապատասխան ռազմական գերատեսչությունից թույլտվություն ստանալ և այդ վանքն այցելել։ Թեև դրա պատճառով սրտնեղեցի, այնուամենայնիվ, իմ ընկերների աջակցությամբ և հավաքական աշխատանքով ֆիլմն ավարտին հասցվեց։
Հարց- Ֆիլմում ներառված եկեղեցիներից քանի՞սն են վերանորոգված։
Պատասխան– Ֆիլմում ներկայացվող եկեղեցիներից միայն Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին է 2007 թ․, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բնականոնացման գործընթացի շրջանակներում վերականգնվել։ Բացի Աղթամարից՝ մնացած բոլոր վանքերն ու եկեղեցիները, անխնամ լինելու հետևանքով, վերանալու եզրին են։ Թեև Աղթամար կղզու Սուրբ Խաչ վանքի վերանորոգված լինելու փաստը շատ կարևոր քայլ է, սակայն իրականում այդ կառույցի վերականգնումը նպաստեց, որ նույն տարածքներում գտնվող մյուս վանքերն ու եկեղեցիները մոռացության մատնվեն։
Հարց- Ինչպես հայտնի է, Թուրքիայում վերականգնվող եկեղեցիների մեծ մասը վերածվում է մշակութային կենտրոնի կամ կրոնի հետ ոչ մի առնչություն չունեցող մեկ այլ կառույցի։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին։
Պատասխան- Նախ և առաջ դա անհարգալից վերաբերմունք եմ համարում, և այդ փաստն ինձ շատ է վշտացնում։ Ինչպես նշում ենք նաև մեր ֆիլմում, սրբավայրերը պետք է անձեռնմխելի լինեն, և այդ կառույցները չպետք է որևէ այլ նպատակի ծառայեն՝ բացառությամբ իրենց իրական գործառույթի։ Կամ էլ, առնվազն գալիք սերունդներին փոխանցել կարողանալու համար պետք է ինչ-որ ձևով նրանց ներկայիս տեսքը պահպանվի։
Հարց- Ի՞նչ պետք է անել՝ Վանի գլխավորությամբ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիները պահպանելու համար։
Պատասխան- Այս խնդրի լուծման համար պետք է բազմաթիվ քայլեր ձեռնարկել, որոնցից մի քանիսը հերթով նշեմ․ այս ավիրումը կանխելու համար Թուրքիայի Հանրապետություն պետությունը պետք է բազմաթիվ քայլեր ձեռնարկի, որպեսզի նոր օրենքներ հրապարակի, արդեն իսկ գոյություն ունեցող օրենքներում փոփոխություններ կատարի և այդ օրենքները կիրառի։
Հարց- Թուրքիայում ինչպե՞ս արձագանքեցին այս ֆիլմին։
Պատասխան- Մեր փաստագրական ֆիլմը ցուցադրվել է Թուրքիայի և աշխարհի բազմաթիվ երկրների փառատոններին, և ցուցադրությունները շարունակվում են։ Այդ իմաստով շատ դրական և լավ արձագանքներ ենք ստացել։ Ժամանակ առ ժամանակ որոշ արմատական ազգայնամոլներից սպառնալիքներ եմ ստացել, բայց դրանք ինձ համար որևէ նշանակություն չունեն։ Ես այս ֆիլմը որևէ ժողովրդի համար չէ, որ նկարահանել եմ։ Այս ֆիլմի նպատակը նախ և առաջ այս տարածքներում ապրող մարդկանց շրջանում գիտակցություն ձևավորելն է։ Այստեղ ոչ միայն վերանում են պատմական հուշարձանները, այլ նաև օրեցօր անհետանում են այս հողերի մշակույթն ու ինքնությունը։ Եվ մենք դրան արգելք լինելու համար ցանկանում ենք գիտակցություն ձևավորել այն մարդկանց շրջանում, որոնց հետ ապրում ենք։
Հարց- Երբևէ եկե՞լ եք Հայաստան։
Պատասխան- Այո՛, 4 անգամ զբոսաշրջության նպատակով այցելել եմ Հայաստանը։ Քանի որ սահմանները փակ էին, ստիպված ենք լինում Վրաստանի կամ Իրանի կողմից գալ։ Ցամաքային ճանապարհով 3-4 ժամանոց տարածությունը 14-15 ժամում անցա։ Ամեն անգամ, երբ այցելում եմ Հայաստան, ավելի ու ավելի եմ համոզվում, թե որքան շատ են միմյանց նման մեր մշակույթները։ Հաջորդ այցիս ցանկանում եմ ծանոթանալ այդտեղի վանեցիների հետ։
Հարց- Ապագայի համար ուրիշ ի՞նչ նախագծեր ու ծրագրեր ունեք։
Պատասխան- Նախ, եթե հնարավորություններս ներեն, ցանկանում եմ «Լռեցված զանգեր» ֆիլմը ցուցադրել այս շրջանի բոլոր գյուղերի բնակիչներին, որովհետև հուշարձանների ավիրումը պայմանավորված է տվյալ շրջաններում ապրող մարդկանց անգիտակից վերաբերմունքով։
Բացի այդ, երկու տարբեր ֆիլմերի նախագծեր կան, որոնք դարձյալ վերաբերում են հայկական վանքերին ու եկեղեցիներին, և որ ցանկանում են իրականացնել։ Եթե նյութական միջոցներ գտնեմ, ուզում եմ այդ ֆիլմերը ևս նկարահանել։
Նաև, եթե կարողանամ Վան նահանգի Ազգային կրթության տնօրինությունից թույլտվություն ստանալ, և դարձյալ եթե նյութական միջոցներ ապսպրեմ, ապա ցանկանում եմ այն գյուղերի երեխաների համար, որտեղ գտնվում են այդ կառույցները, մի համապարփակ կրթադաստիարակչական ծրագիր իրականացնել՝ այդ շինությունների պահպանման վերաբերյալ։
Բացի այդ, ցանկանում եմ լուսանկարչական և կտավների ցուցահանդեսներ և այլ բազմապիսի միջոցառումներ կազմակերպել։ Ուզում եմ որոշ լեռնային գյուղերում բնակվող մանուկների համար վիրտուալ իրականության ակնոցներով այց կազմակերպել դեպի այդ հուշարձաններ և մշակութային ժառանգության պահպանման համար գիտակցություն ձևավորելու աշխատանքներ կատարել։
Այս շինությունների հանդեպ ամենամեծ ավիրման ու անհարգալից վերաբերմունքի պատճառը գանձագողությունն է։ Մինչդեռ այս հուշարձաններն ինքնին մեկական գանձ են։ Ես այս կառույցներն ընկալում եմ որպես այս տարածքների որբացած զավակներ։ Քանի դեռ այստեղ եմ բնակվում, կաշխատեմ գիտակցություն ձևավորել այն հասարակության շրջանում, որի ներկայացուցիչների հետ եմ ապրում։
Ինչպես քիչ առաջ էլ շեշտեցի, «իրական գանձը ոչ թե հողի տակ է, այլ՝ հողի վրա», իսկ մենք օրեցօր ոչնչացնում ենք այն։
Զրուցեց ու թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net