կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-31 14:06
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանության օրոք իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել․ դատավոր Պապոյան

Թե նախկին իշխանության, թե ներկա իշխանության օրոք իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել` ըստ Yerkir.am-ի հայտարարեց Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը Մարզահամերգային համալիրում այս պահին տեղի ունեցող Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին՝ լրագրողների հետ զրույցում:

«Իմ կարծիքով, դատավորի նկատմամբ ճնշումները թե՛ իշխանության, թե՛ ոչ իշխանության կողմից պայմանավորված են հենց դատավորի վարքագծով: Այսինքն, եթե դատավորը իրեն դրսևորում է այնպես, որ իրեն որևէ ճնշման չենթարկեն, որևէ մեկը չի ենթարկի»,-ասաց նա:

Այսինքն, այս երկու տարում որևէ բան չի՞ փոխվել՝ հարցին, Պապոյանը պատասխանեց. «Ինձ համար ոչինչ չի փոխվել: Ես ինչպես աշխատել եմ, նույն ձևով շարունակում եմ աշխատել: Եթե ինչ-որ բան կփոխվի, դա կլինի իմ վերջին աշխատանքային օրը»:

Դիտարկմանը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է դատավորների հայտարարագրերը, արդյո՞ք նպատակը հասկանալն է, թե դատավորները ինչ-որ բան թաքցրե՞լ են կամ ապօրինի հարստացե՞լ են և ինքը նման մտավախությւոն չունի՞Պապոյանը պատասխանեց. «Չունեմ ընդհանրապես նման մտավախություն, որքան անհրաժեշտ է, այդքան կարող են ստուգել: Եթե հարցեր կան, որոնք իրենց համար պարզ չեն, կարող եմ նաև պարզաբանել»:

Դիտարկմանը, թե պնդումներ կան, որ դատավորների հայտարարագրերի ստուգումը կարող է մահակ դառնալ դատավորների գլխին և գործիք է՝ նրանցից ազատվելու համար, դատավորն արձագանքեց, թե նոր չէ, որ դատավորները յուրաքանչյուր տարի հայտարարագիր են լրացնում:

«Ես 2009 թվականից դատավոր եմ, այդ ժամանակվանից ինքս լրացրել եմ հայտարարագիր: Ցանկացած ժամանակ էլ, եթե այդ փաստաթղթում կան անճշտություններ, դրանք կարող են դատավորի հետ կապված խնդիրներ առաջացնել, այսինքն՝ այն անձի, որ հայտարարագիրը սխալ է լրացրել: Այսինքն՝ այնպես չէ, որ դա որևէ մեկի ցանկությունն է՝ ռեալիզացնել, թե ոչ, ցանկացած իրավական պետությունում, եթե կան  նման խնդիրներ, իհարկե, պետք է ռեալիզացվեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն՝ դատավորների ընդհանուր ժողովի՝ ՍԴ դատավորի թեկնածուն Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն է, և հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրա թեկնածությանը, Պապոյանը պատասխանեց, թե այդ թեկնածուի մասին ինքը ևս մամուլից է տեղեկացել:

«Գաղտնի քվեարկություն է, ես չեմ ցանկանա մինչ քվերակությունն իմ դիրքորոշումն արտահայտել»,-ասաց նա:

Հիշեցնենք, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը։ Դատավորները պետք է կատարեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրություն։

Ըստ մամուլի հրապարակումների՝ ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և  Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կյուրեխյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․