Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանը կալանավորել է WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին, որը կրկին հրաժարվել է պատասխանել այդ կազմակերպությանը և դրա հիմնադիր Ջուլիան Ասանժի վերաբերյալ գործով` երդվյալ ատենակալների հարցերին: Այս մասին տեղեկացնում է The Hill-ը:
Մենինգը (մինչև սեռափոխվելը` Բրեդլին) դատարան է ներկայացել` ցուցմունքներ տալու համար հարկադիր կարգով ներկայանալու պահանջով ծանուցագիրը վիճարկելու նպատակով: Մարտին Մենինգն արդեն հրաժարվել էր երդվյալ ատենակալների հարցերին պատասխանել Վիրջինիայի նահանգի Ալեքսանդրիա քաղաքի դատարանում:
Դեպքի առիթով նա կալանավորվել էր երկու ամսով և ազատ արձակվել մայիսի 9-ին: Մենինգի փաստաբանների պնդմամբ` նա բանտում անցկացրել է 62 օր:
Մենինգն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ երդվյալ ատենակալներին հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել` էթիկական բնույթի նկատառումներից ելնելով, նաև շեշտել, որ որևէ մտադրություն չունի համագործակցելու այդ գործով զբաղվող քննիչների հետ:
Գործի նյութերին առնչվող տեղեկատվությունը գաղտնի է պահվում, սակայն լրատվամիջոցները հայտնել են, որ այն վերաբերում է WikiLeaks-ին ու Ասանժին: Մենինգը, որը մինչ դեպքերի զարգացումն ուներ ցամաքային զորքերի առաջին կարգի շարքայինի կոչում, կալանավորվել էր դեռևս 2010 թվականին այն բանի համար, որ WikiLeaks-ին էր հանձնել ավելի քան 700 հազար ռազմական ու դիվանագիտական փաստաթղթեր, ինչպես նաև տեսանյութեր, որոնք վերաբերում են Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը: 2013 թվականի օգոստոսին Մենինգը դատապարտվել էր 35 տարվա ազատազրկման:
Լինելով անազատության մեջ` նա սեռը փոխել էր իգականի ու անվանափոխվել Չելսիի: 2017 թվականի հունվարին նրան ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ ներում էր շնորհվել, և 2017-ի մայիսին նա ազատ էր արձակվել։