|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Լեւոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ գործակալ Դավիթ Շահնազարյանն այցելել է ԱՄՆ դեսպանատուն եւ համոզել դեսպանին` անվստահությունը հայտնել ՀՀ կառավարության` Թուրքիայի հետ հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության հարցերում կայացրած որոշումներին. Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի` 2008-ի հոկտեմբերի 8-ով թվագրվող զեկույցում, որը գաղտնազերծել է Wikileaks-ը:
Շահնազարյանը հայտնել է, որ ընդդիմության` հոկտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքը վերջինը կլինի որոշ ժամանակով, քանի որ ընդդիմությունը նոր փուլ է թեւակոխելու: Նա հայտնել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Թուրքիայի հետ կառավարության բանակցությունները կօգտագործի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար:
Դեսպանը Շահնազարյանի միջոցով Լեւոն Տեր-Պետրոսյանին խնդրել է ավելի զգույշ եւ կառուցողական լինել հրապարակային ելույթներում, նաեւ զգուշացրել է, որ կառավարությունը կարող է սխալ հասկանալ նրա մտադրությունը:
Շահնազարյանը դեսպանին տեղեկացրել է 70 քաղբանտարկյալների մասին եւ ասել, որ այդ փաստը լինելու է Տեր-Պետրոսյանի հիմնական թիրախը եւ բողոքի թեման: Ըստ նրա` ընդդիմությունը շարունակելու է «կռվել» կառավարության հետ քաղբանտարկյալների ազատ արձակման համար:
Շահնազարյանը տեղեկացրել է, որ առաջիկա հանրահավաքում Տեր-Պետրոսյանի ելույթի տեքստն արդեն մշակված է: Այն թարգմանվում է անգլերեն եւ ռուսերեն լեզուներով: Տեքստում լինելու են նաեւ կոնկրետ «մեսիջներ»` ուղղված ԱՄՆ դեսպանությանը եւ ՀՀ կառավարությանը: Շահնազարյանը դեսպանին խոստացել է ուղարկել ելույթի տեքստը մինչեւ հանրահավաքը:
Դեսպանը փաստաթղթի մեկնաբանության մեջ նշել է, որ Տեր-Պետրոսյանը եւ նրա քաղաքական թիմը գիտակցում են, որ կորցրել են հեղինակությունը ժողովրդի մոտ: Սակայն նրանք այնքան ժամանակ ցույցեր կկազմակերպեն մինչեւ խոչընդոտների չհանդիպեն: «Մենք դեռ չգիտենք, թե ընդդիմության, այսպես կոչված` «հաջորդ փուլ» ինչ է իրենից ներկայացնում: Հուսով եմ` սա նշանակում է ավելի ինտենսիվ մասնակցություն երկրի քաղաքական կյանքին»,- գրել է դեսպանը: