կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-03 00:31
Քաղաքական

Wikileaks-ի բացահայտումները ԱՄՆ-ի շահերից են բխում

Wikileaks-ի բացահայտումները ԱՄՆ-ի շահերից են բխում

«Կարծում եմ, որ այս բացահայտումներից հետո Օբամայի վարչակազմի հեղինակությունը բավականին անկում կապրի ոչ միայն աշխարհում, այլև հենց ԱՄՆ-ում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

 

Քաղաքագետի կարծիքով` ներկայումս Օբամային համեմատում են Գորբաչովի հետ, եւ այնպիսի ընկալումներ կան, թե վերջինիս գործողությունները չեն բխում ԱՄՆ-ի շահերից: Եվ Wikileaks-ի  կողմից ինֆորմացիոն արտահոսքը բարոյական վնաս է հասցնելու ամերիկյան վարչակազմին եւ Նահանգների դիվանագիտական ճակատին:

 

Տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Տիգրան Քոչարյանը հակադարձեց քաղաքագետին, ասելով, որ Wikileaks-ի բոլոր «բացահայտումներն» էլ բխում էին Նահանգների շահերից:

 

Այս բացահայտումներով ԱՄՆ-ն դեռեւս սպառնում է այն երկրներին, ովքեր հակառակ ԱՄՆ-ի կամքի գործեր են անում: Տ. Քոչարյանն ասաց, որ փորձում են խորացնել Մեդվեդևի եւ Պուտինի միջև եղած հակադրությունը, փորձում են խափանել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հավանական միացումը, Էրդողանին ու Դավութօղլու մասին են ոչ շահկան բացահայտումներ անում, ովքեր ունեն ինքնուրույն գործելու ծրագրեր:

 

«Այն բոլոր փաստաթղթերը, որոնք ԱՄՆ-ի շահերի շրջանակներում են, տեղադրվում են ինտերնետում: 607 փաստաթուղթ է արդեն տեղադրվել, և ես դեռ չեմ տեսել, թե դրանցից որեւէ մեկը կարող է բացասական ազդել ԱՄՆ-ի  իմիջի վրա»,- ասաց Տ. Քոչարյանը:

 

Փորձագետը նշեց նաեւ, որ վիկիլիքսյան ոդիսականը տիպիկ ամերիկյան PR արշավի օրինակ է: Նախ մարդկանց մոտ սպասումային իրավիճակ ստեղծեցին, իսկ հետո դանդաղ բացեցին ինֆորմացիոն ծորակը: Իսկ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջի հանդեպ հետախուզություն հայտարարելը նման է Բեն Լանդենի հանդեպ սկսած որսին: