Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անկարայի համար իրական հիասթափություն պետք է լինի ոչ թե արտգործնախարար Դավութօղլուի կամ վարչապետի խորհրդատուների գնահատականները, այլ Ադրբեջանի նախագահի կեցվածքը: WikiLeaks կայքէջում 250 հզ-ից ավելի ամերիկյան փաստաթղթերի գաղտնազերծման առնչությամբ այսպիսի գնահատական է հնչեցրել թուրքական «Զաման»-ը:
Ըստ պարբերականի, փաստաթղթերի հրապարակումը շատ հարցերի և անձանց առնչությամբ առանձնակի ոչինչ չի փոխում և չի փոխի, քանի որ շատ բաներ ուղղակի հայտնի են, մնացյալի դեպքում էլ մեծ հետաքրքրություն չեն կարող ներկայացնել, առավել ևս չեն կարող բերել ճգնաժամային իրավիճակների՝ պետությունների, դրանց ղեկավարների հարաբերություններում:
Առավել կարևորն, ըստ «Զամանի», ամենից առաջ ծագող մի հարց է, թե ինչ են անում ամերիկյան դիվանագետները տարբեր երկրներում. նրանք զբաղվում են դիվանագիտությա՞մբ, թե՞ հստակորեն լրտեսություն են անում`ամերիկյան համապատասխան գերատեսչություններին տեղեկացնելով անգամ այս կամ այն երկրների ղեկավարների անձնական տվյալների մասին: Այդուհանդերձ, Թուրքիայի համար պարբերականը կարևորել է հենց Ալիև կրտսերի հայտարարությունները: Ու եթե այլ երկրների ղեկավարների հայտարարությունների պարագայում առկա են շշուկների ու բամբասանքի տարրեր, զուտ գնահատականներ, ապա Ալիևի պարագայում թուրքական պարբերականը շեշտադրում է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն արվել են հենց իր կողմից, հենց Ալիևի հետ ունեցած հանդիպումների ժամանակ:
Հետաքրքրական է, որ, ըստ հրապարակման, Ալիևը հայտարարել է Էրդողանին և նրա կուսակցությունը չհավանելու մասին, դրա հետ մեկտեղ նշելով, թե հենց «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունն ու Էրդողանը չեն ցանկանում, որ Թուրքիան ավելի հզորանա: Այդ դեպքում ստացվում է, որ Թուրքիան Ադրբեջանի համար հետ կանգնեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից և «Հայաստանին տված խոստումը կատարելուց` թույլ արդարացումներ բերելով»: «Երբ արձանագրությունների ամենաթեժ պահն էր, հենց Ալիևն էր, ում համար դրանք ամենամեծ խնդիր էին», նշում է «Զամանը», ավելացնելով, որ Ալիևի համար դա այնքան մեծ խնդիր էր, որ նրա տարբեր տեղակալները հաճախ այցելում էին Թուրքիա: Այդ նույն համատեքստում էլ, ելնելով Ալիևի համար հայ-թուրքական արձանագրությունների խնդրահարույց լինելուց, Էրդողանը Բաքվում խոստացել է դրանք չվավերացնել, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հարցը:
Մինչդեռ Ալիևի գաղտնազերծված հայտարարությունների համաձայն, պարզվում է, որ Ադրբեջանը էներգետիկ հարցերում միշտ էլ կլինի հակառակ կողմում՝ անկախ այն բանից, թե ինչ է անում Թուրքիան իր համար: «Ուրեմն ինչո՞ւ է Անկարան հանդուրժում այս մոտեցումը, որն Անկարային միջազգային մակարդակում դնում է դժվարին կացության մեջ: Մի դիկտատորի համար, որը խաբում է, մարդկանց ստիպում ապրել դժվարին պայմաններում»,- հարցադրում է անում թուրքական պարբերականը:
«Ալիևը ԱՄՆ վարչակազմին հստակորեն հայտարարել է, որ դեմ է այն դերակատարությանը, որ ունի Թուրքիան տարածաշրջանում: Սա որևէ երկրի եղբորն ու ընկերոջը սազական մոտեցում չէ: Դա երեսպաշտ կեցվածք էե, եզրակացնում է «Զամանը», ընդգծելով, որ ամերիկյան փաստաթղթերի հրապարակումը կթեթևացնի Թուրքիայի դիրքորոշումն այն դեպքերում, երբ հայկական հարցն է քննարկվում: Պարբերականը եզրափակում է. «Անկարան պետք է օգտագործի այս խաղաթուղթը»: