Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը սպասելիքներ ուներ, որ նոր խորհրդարանը, գոնե պոտենցիալի առումով, կգերազանցեր նախորդներին, մինչդեռ, մի կողմ թողնելով քաղաքական տարաձայնությունները, արձանագրում է՝ նախորդի դեպքում առնվազն 20 մարդու անուն կարող էր տալ, որ պիտանի են խորհրդարանական աշխատանքի և խորհրդարանական դիվանագիտության համար, իսկ նորի պարագայում այդ անունները չեն գերազանցում մեկ ձեռքի մատների թիվը:
«Ցավոք, մյուսների պոտենցիալը չենք տեսնում, նրանցն էլ, ում մտածում էինք, որ բավարար չափի կլինի, առայժմ հակառակ պատկերն ենք տեսնում: Խորհրդարանական վեհաժողովներում Ադրբեջանի վարած քաղաքականությունը մաս է կազմում նրանց` պատերազմի քաղաքականությանը, և սա` ոչ միայն հայկական շահերը «ջարդելու», այլև` ուղղակի պատերազմի լեգիտիմացման համար բանաձևեր, զեկույցներ, ձևակերպումներ պոկելու առումով: Իզուր չէր, որ 2016-ին զայրացած էի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ Ռոբերտ Ուոլթերի զեկույցի հետ կապված թույլ տրված վրիպումից կամ Ստրասբուրգում Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ մերոնց լռությունից: Այս օրինակները բերում եմ, որովհետև դրանք ճակատագրական նշանակություն ունեցան, կյանքեր և արժանապատվություն արժեցան: Երբ ասում են՝ կսովորեն, այո, կսովորեն, բայց կանոնակարգին, ոլորտին երբ են սովորելու, եթե խորապես չեն պատկերացնում որևէ ոլորտ, ԼՂ խնդիր, դրա նրբությունները, Ադրբեջանի քաղաքականության նրբերանգները: Գիտես ձևերը՝ առնում են, կաշառում, բա քո մեթո՞դը` սրանց դեմն առնելու... Ուստի ոչ միայն անհրաժեշտ է իմանալ, թե ինչ կանոնակարգով են աշխատում, խորհրդարանական դիվանագիտությունը շատ ավելի լայն փորձ, գիտելիքներ և իմաստություն է պահանջում: Ես չեմ ուզում վերջնական դատավճիռ հնչեցնել, բայց նոր խորհրդարանի և խորհրդարանական դիվանագիտության կարողությունները դեռ անհայտ են: Հինգ տարի եղել եմ խորհրդարանական դիվանագիտության մեջ, հետո հինգ տարի` հետևել բոլոր խորհրդարանական վեհաժողովներին և կարող եմ ասել՝ հեշտ չի լինելու: Այնտեղ կան «գայլ դարձած», փորձված տեսակներ, որոնց գիտեմ և կարող եմ նշել՝ միամտությունը և անփորձությունը կարող են վատ հետևանքներ ունենալ նման փորձառուների և գայլերի ինտրիգային աշխատաոճի դեպքում, ինչը շատ դեպքերում նկատելի էլ չէ: Մի բան ակնհայտ՝ եթե Ալիևը պատրաստվում է պատերազմի, ապա այդ վեհաժողովներում փորձերն ինտենսիվանալու են՝ ՆԱՏՕ, Եվրախորհուրդ, ԵԱՀԿ»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետը՝ լրացնելով, որ մինչ այժմ մեկ պատվիրակության կազմն է հայտնի՝ ԵԽԽՎ-ի, մնացած պատվիրակությունների կազմի մասին ոչինչ չկա ԱԺ կայքում, թե ով է հետևում, ինչին են հետևում, ոնց են հետևում, ինչպես են կապի մեջ այդ վեհաժողովների հետ, ինչ զեկույցներ են այնտեղ պատրաստվում, երբ Հայաստանը դեռ չի ամբողջացրել բարեկամական և պատգամավորական խմբերը:
«Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն իրենք իրենց պիտի տան իշխանությունները: Ես հիշում եմ դեպք, երբ ավարտել էինք գագաթնաժողովը ու գնացել արձակուրդ, բայց արձակուրդից վերադարձել ենք և տեսել, որ սեղանին ԼՂ հարցով բանաձև կա, հանձնաժողովի նախագահին հարց ենք տվել, թե` սա որտեղի՞ց, ասել է՝ ձեզ նման ես էլ եկել եմ, տեսել, որ սեղանիս դրված է: Եվ այս դեպքում դու քիչ ժամանակ ունես այն օրակարգից հանելու կամ ձախողելու համար: Պաթետիկ, լիրիկական ելույթներ կարելի է ամեն տեղ ունենալ, կարելի է նաև չկանխելու դեպքում «թքել» մարդկության, հումանիզմի ճակատին ու ասել՝ աշխարհն անարդար է, վեհաժողովները՝ վաճառված, ինչը նաև նախկիններն էին անում: Բայց դրանից արդյո՞ք խնդիր է լուծվում, դրանով կարելի է ընդամենը շեղել ուշադրությունը, հիմարացնել հանրությանը և ասել՝ Ալիևը բոլորին առնում է, իսկ քո ոչ պրոֆեսիոնալիզմը և դրա պատճառով երկրի համար ստեղծված ռիսկերը չեն նվազում»,- եզրափակեց Ստեփան Սաֆարյանը: