կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-14 12:50
Հասարակություն

Երևանում ընդունվելիք փաստաթղթերը կարևորագույն ազդեցություն կունենան հազարավոր ուսանողների վրա

Երևանում ընդունվելիք փաստաթղթերը կարևորագույն ազդեցություն կունենան հազարավոր ուսանողների վրա

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը:

 

Միջոցառմանը մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում`  20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով:

 

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ երեք տարի առաջ Բուխարեստում եվրոպական երկրների կրթության նախարարները միաձայն քվեարկել են, որ Հայաստանը դառնա Եվրոպական կրթական տարածքի կենտրոն, իսկ մայրաքաղաք Երևանը` Եվրոպական կրթական տարածքի 9-րդ մայրաքաղաք:

 

«Հուսով եմ` երևանյան համաժողովը պատմական կլինի` որպես փաստ: Առաջին անգամ կազմակերպվելով Հայաստանում՝ այն ապացուցում է, որ եվրոպական կրթական տարածքը համընդհանուր արժեք է և իր ողջ աշխարհագրական սփռումով հավասար ներառում ունի ինչպես գործընթացի մեջ, այնպես էլ որոշումների կայացման առումով: Երևանում քննարկվելիք և ընդունվելիք փաստաթղթերն ու որոշումները կարևորագույն ազդեցություն կունենան եվրոպական կրթական համակարգի զարգացման վրա»,- ասաց Աշոտյանը:

 

Ըստ նրա` Բոլոնիայի գործընթացն, իր ողջ դժվարություններով ու մարտահրավերներով հանդերձ, հաջողված գործընթաց է: «Այն բացառիկ նախագիծ է, որը միավորում է 47 եվրոպական երկրներ: Այս նախագծի էությունը միայն կրթական չէ, դրա կարևորությունը նաև քաղաքակրթական է: Կրթական ոլորտի բարեփոխումները հեշտությամբ չեն ընթանում և ոչ մի եվրոպական երկրում: Այսօր եվրոպական կրթության առջև ծառացած խնդիրները, իհարկե, բազմազան են, և հենց այդ խնդիրներին լուծումներ տալու համար մենք այսօր հավաքվել ենք»,- նշեց ՀՀ ԿԳ նախարարը:

 

Նրա ձևակերպմամբ` պետք է չմոռանալ, որ կրթությունը նախևառաջ հոգի է, հոգի, որը խարսխված է համընդհանուր արժեքների վրա: Կրթական ոլորտի բարեփոխումները, Աշոտյանի հավաստմամբ, պահանջում են նաև քաղաքական կամք, որի արտահայտման համար հարկավոր են լիդերներ: