կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 13:37
Քաղաքական

Մեհրիբան Ալիևան խոսեց իր պատկերացրած խաղաղության մասին, ուստի Աննա Հակոբյանի նախաձեռնության մեջ ինչ-որ բաներ պիտի փոխենք. Թևան Պողոսյան

Մեհրիբան Ալիևան խոսեց իր պատկերացրած խաղաղության մասին, ուստի Աննա Հակոբյանի նախաձեռնության մեջ ինչ-որ բաներ պիտի փոխենք. Թևան Պողոսյան

Մեր թշնամին որևէ ձևով չի փոխվել՝ ո'չ իր վարքագծով, ո'չ ընկալումներով և ո'չ էլ իր նպատակներով, ուստի պետք է գիտակցենք՝ մենք, այսպես, թե այնպես, պատերազմի մեջ ենք, սրացումներ լինելու են, և մոտ ապագայում դժվար ստեղծվի մի իրավիճակ, երբ մեր թշնամին իր վարքագիծը փոխի. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

«Մի քիչ ավելի հեռավոր ապագայում, վստահ եմ, որ կփոխվեն ռեսուրսները, սերունդը: Եվ եթե ճիշտ քաղաքականություն վարենք, ապա հնարավոր է նաև իրավիճակի փոփոխություն»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Վիեննայում Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպմանը՝ Թևան Պողոսյանը նշեց, որ իր համար ևս մեկ անգամ ապացուցվեց՝ որևէ յուրահատուկ բան չպետք է սպասել: 

«Որևէ խնդիր չունեմ չհավատալու Նիկոլ Փաշինյանին, որ ինքը խոսել է այն, ինչն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Բայց դրա հետ մեկտեղ պետք է դիտարկել՝ ինչպիսի՞ն է միշտ եղել Ադրբեջանի վարքագիծը, ի՞նչ խնդիր է հիմա փորձում լուծել: Իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանը խնդիր է դրել ջարդել հայկական միասնականությունը, դրա համար կարևոր չէ՝ ինքն այնտեղ համաձայնե՞լ է, թե՞ ոչ: Հանդիպումից դուրս գալուց հետո Ադրբեջանի ղեկավարը հստակ գիտեր, թե ինչ մեսիջներով է աշխատելու, որ որևէ բան չի փոխվել, և Ադրբեջանում լավ գիտեն, որ իրենց յուրաքանչյուր ասած ՀՀ-ում ալեկոծություն է առաջացնելու: Սրա հետ մեկտեղ Ադրբեջանը շարունակելու է զարկ տալ զինամթերքի գնմանը, նոր զորավարժություններ է անելու, միջազգային իրավիճակում որևէ պահի, իրադարձությունների փոփոխություններից ելնելով, փորձելու է նորից սրացումների գնալ՝ ինչ-որ բան պոկելու համար»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն ունի մեկ նպատակ՝ գրավել Արցախի ամբողջական տարածքը, իսկ երկարատև երազանքն է՝ հասնել Երևան և Զանգեզուր, որից ոչ մի կերպ չի հրաժարվում:

«Այսքանը լավ իմանալով` ցանկացած հանդիպումից մեր ակնկալիքը պետք է պայմանավորված լինի նրանց վարքագծով,  այն հնարավորությունով, որ եթե պետք է ժամանակ շահել, ուրեմ՝ պետք է շահել այդ ժամանակը, եթե պետք է մի բանը սրացնել, ուրեմն դա պետք է անենք: Օրակարգը պետք է մեր ձեռքը վերցնենք, կարողանանք դա խաղացնել` մեր սեփական այլընտրանքները հզորացնելու համար: Բանակցություններում կա մի այսպիսի հասկացություն՝ լավագույն այլընտրանքը բանակցող պայմանագրին, դա այն է, ինչ կարող ես անել առանց մյուս կողմի, և որքան հզոր է այլընտրանքդ, այնքան բանակցությունների սեղանի շուրջը դու քո պայմաններն ես թելադրում»,- նշեց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով Մեհրիբան Ալիևայի հայտարարությանը, որ «Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում»՝ նա ասաց. «Մեծ մասամբ փորձում էին արձագանքել Աննա Հակոբյանի մարդասիրական և աշխարհի ուշադրությունը գրավել ցանկացող  նախաձեռնությանը: Սա Մեհրիբան Ալիևան միանգամից փորձեց ջարդել և ասել, որ, իր պատկերացմամբ, խաղաղությունն այն է, որ «Ադրբեջանի դրոշը ծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում»: Հիմա մենք այս խաղաղությունն ընդունո՞ւմ ենք, եթե չենք ընդունում, ուրեմն պետք է հասկանանք սա և մեր նախաձեռնության մեջ ինչ-որ բաներ փոխենք»:

Ըստ նրա՝ և՛ Աննա Հակոբյանի նախաձեռնությունը, և՛ Մեհրիբան Ալիևայի հայտարարությունը համաձայնեցված են պետական օղակների հետ: 

Թևան Պողոսյանը շատ ուրախ է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ոգեշնչման կոչ-հայտարարության համար, ինչպես նաև ավելի վաղ` ԱԱԾ տնօրենի հայտարարության: 

«Եվ՛ Տոնոյանի ասածներից, և՛ պարոն Վանեցյանի ասածներից պետք է հասկանալ, որ դրանք պետք է վերածել իրական քաղաքականության: Այդ հողի վրա կապրի բնակչություն, այդ բնակչությունն այդ հողը պահելու է: Եթե մեր նպատակն է որևէ բան չզիջելը, պետք է կարողանանք այդտեղ մարդկանց բնակեցնել, վերաբնակեցնել: Աշխարհում շատ օրինակներ կան, վերցրեք Իսրայելը: Ժամկետներից չպետք է վախենալ, ընդհակառակը՝ ազգը, որն ուզում է ապրել, երկարատև ծրագրեր պիտի իրականացնի, սա չպատկերացնեք 5, 10 տարի, այլ 100, 200 տարի»,- ընդգծեց Թևան Պողոսյանը:

Իսկ թե ինչով էր պայմանավորված, նախքան Փաշինյան-Ալիև հանդիպումը, Ադրբեջանի, այսպես ասած, հանգստությունը, իսկ հիմա դարձյալ ռազմատենչ հայտարարություններ են արվում, Թևան Պողոսյանը հիշեցրեց միջազգային հանրության արձագանքը ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններին, որ դրանք եղել են ժողովրդավարական: 

«Երկրորդ՝ 2016-ին Թալիշի ուղղությամբ իրականացված գործողությունների ժամանակ Ադրբեջանի հատուկ նշանակության գունդը ոչնչացվել է գրեթե ամբողջությամբ: Սա այն գունդն է, որը միշտ դիվերսիաներ է անում, հիմա այդ գունդը չկա, Ադրբեջանը պե՞տք է ժամանակ ծախսի, որ նոր գունդ պատրաստի, հիմա դա անում է, վերաձևավորում է»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը ևս դիրքային վերազինումների է գնում:

Նա հավելեց նաև, որ Ադրբեջանի ղեկավարի համար Նիկոլ Փաշինյանը բանակցային առումով նոր «գործընկեր» է և պետք է ճանաչի նրան: