Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուսով եմ՝ չենք հասել աբսուրդի այն աստիճանի, որ մեկ մարդուց ազատվելու համար ամբողջ երկիրը դնենք սահմանադրական հանրաքվեի ռելսերի վրա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխության մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացին։
«Ես լրատվական տարբեր հոսքերից, տարբեր քաղաքական գնահատականներից կարող եմ հասկանալ, որ չի բացառվում, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը դե յուրե՝ Սահմանադրության հիմքով՝ գործող Սահմանադրական դատարանից ազատվելն է։ Եթե պիտի գնանք սահմանադրական փոփոխությունների Հրայր Թովմասյանից ազատվելու համար, այդ օրակարգը ինձ դուր չի գալիս, որովհետև ռուսերեն հայտնի խոսք կա՝ игра не стоит свеч։ Բացի այդ, սա արդյո՞ք իրավական, լեգիտիմ պահանջ է՝ գնալ փոփոխությունների, որովհետև մնացած բոլոր գործիքներով չեն կարողանում Հրայր Թովմասյանից ազատվել»,-ընդգծեց նա։
ԲՀԿ պատգամավորի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ կառավարությունը, մինչև Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու հայտարարությունը, չի հավաքել առնվազն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, չի ներկայացրել տեսլականը, թե ինչո՞ւ են ուզում փոխել Սահմանադրությունը, ո՞րն է լինելու օրակարգը, ի՞նչն են փոխում, կամ գործող Սահմանդրության մեջ ո՞ր դրույթներն են, որ խոչընդոտում են գործող իշխանության բարեփոխումներին, որպեսզի քաղաքական ուժերը կողմնորոշվեին՝ ինչո՞ւ են մասնակցում այդ հանձնաժողովի աշխատանքին։
«Հասկանալի է, որ Բարգավաճ Հայաստանը մասնակցելու է հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև պիտի հասկանանք, թե ի՞նչն է խանգարում գործող Սահմանադրությանը գնալ բարեփոխումների։ Բայց այդ քայլը չի արվել, այսինքն, մենք տեղյակ չենք, թե ինչի՞ ենք գնալու մասնակցենք։ Մեզ ասում են՝ ներկայացուցիչ ներկայացրեք, հետո մենք ձեզ կասենք, թե մոտավորապես ինչ փոփոխություններ ենք նախատեսում»,-մտահոգություն հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը հայտնում է հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու մասին։ Գերատեսչությունը մանրամասն ներկայացնում է հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտերի ներկայացման կարգը։
Վարչապետի որոշման համաձայն՝ ստեղծվելիք հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 թեկնածու պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Հանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, արդարադատության նախարարի ներկայացմամբ կարող են աշխատել նաև միջազգային երկու փորձագետներ:
Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը» հարցը դեռ չի քննարկել: «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին:
Աննա Բալյան
Առավել մանրամասն՝ տեսանյութում․