Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ցանկացած քաղաքական միավոր պետք է ներկայացներ իր տեսլականը, թե ինչպես է պատկերացնում արդարադատության ոլորտի բարեփոխումները, ինչպիսին է լինելու արդար դատական համակարգը, և դրանով գար ու հանրությունից քվե պահանջեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը՝ միաժամանակ նշելով, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում խոսվել է անցումային արդարադատության անցնելու էլեմենտների մասին, բայց տրամաբանությունը հուշում է հայեցակարգի մշակում, որի հիման վրա ձևավորվում է ռազմավարություն, գործողությունների պլան, որից հետո դրանք սկսում են կյանքի կոչվել:
«Ցավոք, մեզ մոտ այս տրանսֆորմացիոն ժամանակահատվածում մի տեսակ ինչ-որ բաներ հետ են ընկնում, ոչ թե նորմալ գործընթացով են այս խնդիրներն առաջ գնում: Այսինքն՝ ամեն ինչ արվում է անհասկանալի ձևով և իրավիճակից ելնելով, էմոցիոնալ դաշտում, երբ երևույթներ են տեղի ունենում, և հանկարծ հիշում ենք, որ այս տեսակ բաներ պիտի անենք: Երեք շաբաթ առաջ արդեն խոսում էին՝ հանձնարարվել է, որ անցումային արդարադատության գործընթացներով պիտի զբաղվի ԱԺ-ն, և գործադիրն ուրախ կլինի, եթե օրենսդիրը ստանձնի այս պարտականությունը: Նույնիսկ օրն էր նշանակված` բոլորս գիտեինք, որ մայիսի 24-ին լսումներ են լինելու խորհրդարանում՝ պարզելու ինչ գործընթացներ են գնալու, ինչ ճանապարհով: Բայց կիրակի օրով հայտարարություն եղավ, իմ բնորոշմամբ՝ անտեղի, որ փակեն դատարանների մուտքերը: Ուրախ եմ, որ այդ կոչից հետո շատ փորձագետներ, քաղաքագետներ, կուսակցություններ, մտահոգ մարդիկ փորձեցին արտահայտել այն միտքը, որ չի կարելի դա անել, որ դա չի նպաստելու որևէ դրական բանի, նույնիսկ ՀՀ-ին կարող է տարբեր հարվածներ հասցնել: Հույս կար, որ այդ գործողությունը տեղի չէր ունենա, բայց հայ հասարակությունը լսեց այդ կոչերը և քննարկումները, թեև երկուշաբթի մասնակիցների թիվը, որ նայում ենք, այնպիսին չէր, ինչպես նախկինում կամ ինչպես սպասում էին: Կային հաշվարկներ, որ 1100 մարդ է եղել, մեկ այլ հաշվարկներով՝ 5000, սա չէ կարևորը, այլ այն, որ հասարակությունը սկսեց լսել ոչ թե մեկի ձայն, այլ տարբեր կարծիքներ»,- նշեց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ լավ կլինի, որ ավելի ուշ վարչապետի ներկայացրած քայլերն օրակարգ մտնեն, բայց ճիշտ գործընթացով:
«Մենք ասում ենք, որ դատական իշխանության հանդեպ չկա վստահություն, հիմա` եթե չունեմ վստահություն այդ համակարգի նկատմամբ, ինչպե՞ս պիտի ունենամ վստահություն, որ այս գործողությունները կնպաստեն վստահության բարձրացմանը: Սա նշանակում է, որ ես սրան մասնակից պիտի դառնամ, այսինքն՝ ինձ հետ պիտի այդ հարցերը քննարկվեն, տարբեր տեսակետներ, այլընտրանքներ ներկայացվեն, նայենք միջազգային փորձը»,- շեշտեց նա:
Պողոսյանը միաժամանակ նշեց, որ, որևէ երկրի օրինակը վերցնելով ու պատճենելով, չի աշխատելու, քանի որ ՀՀ-ն ունի իր նրբությունները, մշակութային խնդիրներն ու ավանդույթները, ուստի ամեն ինչ հայկական պրիզմայով պիտի անցնի, այսինքն՝ ինչ-որ տեղ, ինչ-որ օրինակ եթե դրական արդյունք է տվել, չի նշանակում, որ ՀՀ-ում էլ նույնն է լինելու, սա վերաբերում է ցանկացած բարեփոխման:
Պողոսյանը հաստատում է՝ ոչ ոք հրճված չէ ՀՀ դատական համակարգով, ավելին՝ չկա համակարգ մեր երկրում, որը բարեփոխման կարիք չունենա: «Եվ սա ընդունելով որպես սկիզբ` պիտի նայել՝ աշխարհում ի՞նչ փորձեր են արել, որ դեպի դրականը գնան, կարո՞ղ եմ ես ուսումնասիրել, որ եթե ինչ-որ տեղ ինձ համար գուցե հարմար բան լինի, վերցնենք: Կա այդպիսի գաղափար՝ անցումային արդարադատություն, շատ լավ, եկեք քննարկենք՝ տեսնելու ինչ պայմաններ են այնտեղ եղել, արդյո՞ք, երբ դա հայկական պրիզմայով անցկացնենք, իմն է լինելու, թե՞ ոչ: Եթե` ոչ, ուրեմն այդ գործողություններից պետք է հրաժարվել: Նույնը վեթթինգին է վերաբերում, կան երկրներ, որտեղ դա գուցե դրական արդյունք է տվել. խոսում են Քենիայի, Ալբանիայի մասին: Եկեք հայկական պրիզմայով անցկացնենք և տեսնենք՝ արդյո՞ք դա անելով, մենք պատրաստ ենք նրան, որ, ինչպես Ալբանիայում, 1 տարուց ավելի դատական համակարգը չի աշխատելու, որ հետո անհասկանալի մարդիկ իրար մեղադրանքներ չներկայացնեն՝ ճի՞շտ քննություն անցավ, թե՞ ոչ: Կամ` ո՞վ է ընդունելու քննությունը, ո՞նց է լինելու, ո՞նց ենք որոշելու, որ դատավորն այդպիսին է եղել: Ես չգիտեմ` բովանդակային առումով այդ վեթթինգի գաղափարի մեջ ի՞նչ են դնելու»,- ամփոփեց Պողոսյանը: