|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահը Ադրբեջանում շքանշանով պարգեւատրեց ոչ թե Իլհամ Ալիեւին, այլ նրա տիկնոջը` Մեհրիբան Ալիեւային: Լրագրողներն այսօր այս հարցի պատասխանը փորձեցին ստանալ քաղաքագետ Երվանդ Բոզոյանից եւ դիվանագետ Արման Նավասարդյանից:
«Դե, Սարկոզին ճաշակով մարդ ա, սկսենք դրանից... Մարդը ֆրանսիացի ա եւ ջոկել ա, թե ինչն ինչ է... Երեւի մտածել ա, որ կինը կարող ա դառնալ պրեզիդենտ, եւ դա ավելի հետաքրքիր կլինի»,- կատակով նշեց Նավասարդյանը, ապա հավելեց, որ Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչն է, ու թերեւս լավ է աշխատել, որ արժանացավ նման պատվի:
Ինչ վերաբերում է ադրբեջանական մամուլում հնչող գնահատականներին, որ դա նվաստացուցիչ է Ադրբեջանի համար, ապա Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ դա մուսուլմանական հոգեբանության հետեւանք է:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ նշեց, որ դա էլ է սինդրոմ, երբ իրենք ամեն ինչը համեմատում են Հայաստանի հետ. եթե Հայաստանը մի քիչ առաջ է իրենցից, իրենք միանգամից հիստերիայի մեջ են ընկնում:
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Սարկոզիի վերաբերմունքի տարբերության մասին, բանախոսները նկատեցին, որ ասիմետրիկությունն այդ իմաստով ակնհայտ էր:
«Սարկոզին այստեղ ասաց, որ ինքը շատ լավ հասկանում է, որ Ղարաբաղը մեզ համար ամեն ինչ է: Ադրբեջանում նման շեշտադրում չկար. այնտեղ մոտեցումն ավելի ֆորմալ էր, քան այստեղ: Այնտեղ նա չգնաց շեհիդների ծառուղի, իսկ Հայաստանում գնաց Ծիծեռնակաբերդ եւ այլն, եւ այլն: Այսինքն` նրա վերաբերունքը ակնհայտ ասիմետրիկ էր»,- նշեց Բոզոյանը:
Արման Նավասարդյանն էլ հավելեց, որ վերաբերմունքն ասիմետրիկ չէր կարող չլինել` հաշվի առնելով թեկուզ հայկական հզոր համայնքի առկայությունը. «Ֆրանսիացին չի կարող ադրբեջանցու նկատմամբ վարվել այնպես, ինչպես հայի: Բացի քաղաքական հաշվարկներից, իմ կարծիքով, կա նաեւ մարդկային գործոն. ֆրանսիացիները չեն կարող հայերին մատների արանքով նայել»: