կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-13 17:57
Քաղաքական

Փաշինյանի ելույթը խոստովանություն էր, որ ոչ մի խաղաղության օրակարգ չի լինելու․ Թևան Պողոսյան

Փաշինյանի ելույթը խոստովանություն էր, որ ոչ մի խաղաղության օրակարգ չի լինելու․ Թևան Պողոսյան

Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս՝ Փաշինյանի այսօրվա ելույթը անկարողության և անճարության խոստովանություն էր՝ Yerkir.am-Ի հետ հարցազրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

«Եթե գիտակցված չեն անում՝ հայ ժողովուրդը ինքը պիտի հասկանա՝ ոնց իր բողոքի ձայնը բարձրացնի։ Բողոքի ձայնը պետք է բարձրացնել՝ գիտակցելով, որ հույս չկա, որ այս իշխանությունները դա կարողանալու են օգտագործել միջազգային ատյաններում, այլ մենք պետք է 1988 թ-ի նման շարժվենք՝ երբ Սովետական Միության իշխանություններից ոչ մեկը կողմ չէր Արցախյան շարժմանը, բայց շարժումը ձևավորվեց և հասավ արդյունքի։ Պարզապես հայ ազգի կոնսոլիդացիան պետք է տեղի ունենա»,-ասաց նա։

Թևան Պողոսյանը ընդհանուր ելույթից համոզվել է, որ դա պարզապես խոստովանություն էր, որ ոչ մի խաղաղության օրակարգ էլ չի լինելու, քանի որ Փաշինյանն անընդհատ շեշտում էր, որ ինչ ինքն առաջարկում է՝ Ադրբեջանը չի համաձայնում, և ամեն ինչ տորպեդահարելու է՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։

«Պարզապես ասում է՝ հույս մի ունեցեք, դա կյանքի չի կոչվելու․ հիմա նախօրոք եմ ասում, որ հետո ասեմ՝ բա չէի ասո՞ւմ»,-ասաց նա։

Նա մատնացույց արեց, որ Ալիևն իր «կարմիր գիծը» դրել է՝ ասել է, որ Լեռնային Ղարաբաղ չի լինելու, ոչ մի մշակութային անկախություն չի լինելու։ Նա նաև խոստովանել է, որ միջազգային հանրությունն ասել է՝ գազն ու նավթը քաղցր են, այնքան կարևոր են, այնքան ջանջիգյար են, որ չեն կարող դա անտեսել։

«Չնայած, ես մեկ այլ խոստովանություն էլ եմ լսել, օրինակ, երբ որ մեր թշնամի երկրի ղեկավարն ասում էր՝ «փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղը»․ դա էլ է խոստովանություն եղել։ Այնպես որ, երբ հիմա ասում է՝ միջազգային հանրությունը պահանջել է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը ցածր դնել՝ նշանակում է միջազգային հանրությունը հասկացել է, թե ումից կարելի է պահանջել»,-ասաց Թևան Պողոսյանը։

Նա փաստեց, որ Հայաստանի անունից այսօրվա բանակցողն ասում է՝ ժողովո՛ւրդ ջան, ես չեմ կարողանալու քեզ ոչ մի բանով ապահովել, որովհետև այն մյուս կողմը չի համաձայնում, ես էլ գործընկերներիս չեմ կարողացել համոզել, որ մեզ օգնեն։

«Հիմա մենք պե՞տք է ասենք՝ լավագույն լուծումը կլիներ այլ բանակցող բերելը, որ ընդունակ կլինի ինչ-որ բանի, թե՞ մնա հին ծրագրավորված բանակցողը, որին արդեն ասել են՝ ինչ պիտի անի»,-ասաց Թևան Պողոսյանը։  

ԱԺ-ում Փաշինյանը ելույթում նաև ասաց, որ այսօր Արցախին Հայաստանի Հանրապետությունն ավելի շատ օժանդակություն է տալիս, քան նախկինում։ Այնինչ նախկինում Արցախում բազմաթիվ ներդրումներ կային։ Թևան Պողոսյանն այս իրավիճակը նմանեցնում է այն վիճակին, որ զոհվածների ծնողներն ասում են՝ նախկին իշխանությունները մեզ այսքան ուշադրություն չէին դարձնում այն դեպքում, որ նախկինում նրանց տղաները ողջ էին․ «Հիմա ո՞րն է նախընտրելի։ Հասկանո՞ւմ եք, ինչ մակարդակի մանիպուլյացիայի ենք հասել»։

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ արգելեցին։ Թևան Պողոսյանի համար կարևոր է ոչ թե կարգավիճակը, այլ այն, որ ՀՀ քաղաքացիներին թույլ չեն տվել Արցախ մուտք գործել այն դեպքում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի ու Արցախի միջև կապը պետք է գործի՝ մարդիկ հանգիստ պետք է գնան ու գան։

«Ընդհանուր գաղափարի պրոբլեմը հետևյալն է․ իսկ սկսած 2020 թ-ի նոյեմբերից հազարավոր սփյուռքահայ երկքաղաքացիների իրենց անչափահաս երեխաների հետ որ թույլ չեն տվել մուտք գործել Արցախ՝ դրա մասին ե՞րբ պետք է բարձրաձայնվեր։ Չէ՞ որ դրա մասին միայն ես ինքս երևի մի 10 հարցազրույցներում ասում էի 2021 թ-ի ամբողջ ընթացքում։ Ամեն ինչ գալիս է նրանից, որ ժամանակին՝ առաջին դեպքի հետ, պետք է գործողություն արվեր, բարձրացվեր խաղաղապահների մանդատի խնդիրը այս անցումներն ապահովելու համար, որ այսօր այս իրավիճակը չլիներ»,-ասաց նա։

Եթե անգամ ենթադրենք, որ քաղաքական որևէ խնդիր չկա, նշեց Թևան Պողոսյանը, այլ գիտակցելով, որ մեր թշնամին շատ լավ հետևում է մեր ներքաղաքական գործընթացներին, ուշադիր նայել է ԱԺ նիստը, լսել է խոսքը, շատ լավ տիրապետում է 107 պատգամավորների անուններին և կենսագրություններին, և միանգամից արձագանքել է՝ կապվել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ և ասել՝ այս մարդկանց մուտքը հանկարծ թույլ չտաս, բա մե՞նք ինչով էինք զբաղված՝ հարցադրում է անում նա։

Թևան Պողոսյանն ընդգծում է, որ Փաշինյանը ելույթում խոսում էր միասնության անհրաժեշտության մասին։

«Իսկ միգուցե երբ Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակում բարձրացվեց՝ պետք է տանեինք կողքը Հայաստանի դրո՞շը դնեինք և ասեինք՝ նպաստում ենք միասնության ձևավորմանն Արցախի և Հայաստանի միջև։ Նույնն անեիք ԱԺ ամբիոնին․ երբ այս մի կողմից դրվեց Արցախի դրոշը՝ այն կողմն էլ դուք դնեիք Հայաստանի դրոշը, ասեիք՝ սա մեր ընդահանուր միասնական ամբիոնն է։ Այդ քաղաքականություն վարելը, գուցե, ամենաճիշտը կլիներ և միասնություն կլիներ, և որևէ բացակայություն չէր լինի, և որևէ միջադեպ չէր լինի, և դրա միասին կհայտարարվեր, որ բոլոր 107 պատգամավորները գնալու են Սուրբ Զատիկը նշեն Գանձասարում»,-տարակուսեց նա։

Մինչդեռ այսօր ՀՀ իշխանությունները իրենց գործողություններով մի իրավիճակ են ստեղծել, որ հետո գտնեն մեկին մեղադրելու համար։

Աննա Բալյան