ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում «Պատերազմի դասեր» խորագրով դասախոսությունների շարքի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախի հերոս, ՀՀ ԶՈւ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ:
Երևանի պետական համալսարանից տեղեկացնում են, որ հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը: Հանդիպման սկզբում ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը շեշտել է, որ ակումբի կողմից կազմակերպված նմանօրինակ հանդիպումները նպատակ ունեն փոխանցելու պատերազմական փորձն ու գիտելիքներն ապագա սերնդին:
«Մենք արդեն իսկ մեր նախորդ հանդիպման ընթացքում խոսել ենք հոգեբանական գործոնների մասին, որոնք պատերազմի ժամանակ կարող են հաղթանակի գրավական դառնալ: Այսօր, շարունակելով դասընթացի թեման, անդրադառնալու ենք Արցախյան պատերազմին՝ հյուրընկալելով այդ պատերազմի լեգենդար հրամանատարներից մեկին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին»,- ասել է Լիպարիտ Ղազարյանը:
Արկադի Տեր-Թադևոսյանը նախ նշել է, որ թեպետ թեման պատերազմի դասերի մասին է, բայց ինքը դժվարությամբ է պատերազմի մասին խոսում, քանի որ պատերազմը մարդկային երևույթ չէ: «Պատերազմում մարդը զոհում է իր կյանքը: Բոլոր կամավորներն էլ պատերազմ են գնում այդ գիտակցմությամբ, և հավատացեք, որ շատ դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ այն մարդը, որի հետ դու կանգնած զրուցում ես կամ որևէ թեմա ես քննարկում, վաղը կարող է զոհվել»,- անկեղծացել է նա:
Գեներալը նշել է, որ պատերազմի դաշտում մարդը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի ամեն ինչի, և անդրադարձել վախի գործոնին: «Շատերդ երևի մտածում եք, որ պատերազմի դաշտում հայտնված մարդիկ անվախ են: Բայց իրականում այնտեղ վախենում են բոլորը, անվախ մարդ չկա»,- ասել է նա:
Արկադի Տեր-Թադևոսյանը նշել է, որ երբեմն մարդկանց թվում է, թե պատերազմի ընթացքը պետություններն են որոշում, մինչդեռ իրականում այն որոշում են անհատները՝ իրենց անձնազոհությամբ: «Պատերազմի դաշտում հաղթում են գիտելիքներով զինված և մարտական ոգի ունեցող պետությունները»,- փաստել է նա:
Այնուհետև գեներալը պատմել է մարտական առաջադրանքների մասին, որոնք հաջողությամբ են իրականացվել օրհասական պահին միավորվել կարողանալու շնորհիվ։ «Մեր ազգի մի շարք առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ խաղաղ պայմաններում մենք դժվարանում ենք հաշտ ու համերաշխ ապրել, բայց երբ մեր գոյությանը վտանգ է սպառնում, մենք միավորվում ենք ու հաղթում»,- ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, որ պատերազմն օգնեց մեզ ավելի լավ ճանաչել Սփյուռքը:
Խոսելով Արցախյան հիմնահարցից՝ գեներալ-մայորը նշել է, որ այն պետք է լուծվի՝ ըստ պետությունների, ազգերի և կազմակերպությունների միջև ընդունված միջազգային իրավունքի: Հանդիպման վերջում Արցախի հերոսն ասել է, որ մեր հայրենիքում ապրող յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ, իր մասնագիտությունից բացի, ունի ևս մեկը՝ հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը:
Ի դեպ, ԵՊՀ ՈւԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբն ապրիլի 1-ից ԵՊՀ-ում կազմակերպելու է ադրբեջաներենի դասընթացներ: