կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-12 20:20
Սփյուռք

«Կազմակերպված և զորաշարժի կարող Սփյուռքը կենսական գործոն է, որպեսզի Հայաստանը միջազգային հարթակում գոյություն ունենա». Խաչիկ Տեր-Ղուկասյան

«Կազմակերպված և զորաշարժի կարող Սփյուռքը կենսական գործոն է, որպեսզի Հայաստանը միջազգային հարթակում գոյություն ունենա». Խաչիկ Տեր-Ղուկասյան

Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչիկ Տեր-Ղուկասյանի դիտարկմամբ՝ հայրենադարձությունն ազգային պատասխանատու հանձնառություն է, ուստի այն չպետք է բովանդակազրկել անպատասխանատու և անտեղի կոչերով, այլ կերպ՝ էժան լոզունգի չպետք է վերածել այն:

Արդյո՞ք այս օրերին լիբանանահայերին Հայաստան ներգաղթելու կոչերը ևս անպատասխանատու հայտարարություններ են, 168.am-ի հետ զրույցում Խաչիկ Տեր-Ղուկասյանը նշեց.

«Ոչ։ Անպատասխանատվություն է դրա անտեղի և ամբոխահաճո, ինչպես նաև՝ էժան հայրենասիրություն անելու, կամ քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու համար գործածությունը: Հայրենիքի դռները միշտ էլ բաց են վերադառնալ ցանկացողների համար, բարեբախտաբար, այդ համոզումը կա»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում իրականացվող հայրենադարձությանը միտված ծրագրերին, Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսորն ասաց, որ հայրենիքում հաստատվելու պայմանները բոլորովին այլ խնդիր է, և, որ այն երբեմն՝ հասկանալիորեն, երբեմն էլ՝ ոչ այնքան հասկանալի, չի կատարվում:

«Սփյուռքի հանձնակատարի հայտարարությամբ՝ հայրենադարձներն ընդունելության կարժանանան, կգրանցվեն, հետո՞… Ես լավ գիտեմ հայրենիքի սահմանափակումները հայրենադարձների համար՝ ստեղծելու տնտեսական վերապրումի և զարգացման պայմաններ, որոնք գրավական են, որպեսզի հայրենադարձությունը չվերածվի հիասթափության: Հենց այդ պատճառով զուսպ պիտի լինել՝ ամեն պահի հայրենադարձությունը հայտարարելու ազգի միակ փրկությունը: Այդպես չէ, կազմակերպված և զորաշարժի կարող Սփյուռքը կենսական գործոն է, որպեսզի Հայաստանը միջազգային հարթակում գոյություն ունենա: Մի վիրավորվեք, բայց այդպես է. առանց Սփյուռքի՝ Հայաստանի աշխարհաքաղաքական մեկուսացումը և համաշխարհային տնտեսության մեջ չգոյությունը հայրենիքի վերապրումի երկրորդ մեծագույն սպառնալիքն է՝ թուրք-ադրբեջանական սպառնալիքից հետո: Հետևաբար, վերադառնալով լիբանանահայությանը, այսօր անհրաժեշտ է զորավիգ կանգնել համայնքի ղեկավարության ճիգերին՝ դուրս գալու այս տագնապից: Ոչ թե խուճապ ստեղծող հայրենադարձության մասին բարձրաձայնել՝ հայտարարելով այդ համայնքի վաղաժամ չքացումը: Ի վերջո, փափագողի և նյութական նվազագույն պայմաններն ունեցողի համար հայրենադարձությունն այլընտրանք է արդեն»,- շեշտեց Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

Դիտարկմանը, որ այսօր Լիբանանում թուրքական գործոնն ուժեղ է, և այս հարթությունում մտածելու բան կա, մեր զրուցակիցն արձագանքեց՝ շատ:

«Թեմա, որի լուծումը հայրենադարձությունը չէ, այլ ընդհանրապես Սփյուռքի ֆիզիկական անվտանգությունը, որի մասին երևի պիտի մտածի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, փոխանակ աշխատանքից ազատելու այսքան տարի սփյուռքյան համայնքների հետ սերտ աշխատող և այդ համայնքներին ծանոթ մասնագետների»: