Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր սահմանային լարվածության մասին yerkir.am-ի հետ զրուցեց Արցախի ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Նրա խոսքով` թե\' Հայաստանը, թե\' Ադրբեջանը ունեն ծրագրեր, և երկու պետություններն էլ գաղտնի որևէ բան չեն կարող ձեռնարկել: Պարզապես Ադրբեջանը, նման լարվածություն ստեղծելով սահմանին, կատարում է պետական պատվեր:
«Այդ պատվերից բացի, Ալիևը ոչինչ չունի, Ալիևը պետք է նման լարվածություն ստեղծի, ինչը կարող է կապ ունենալ որոշ իրադարձությունների հետ` պետությունների նախագահների միջև հանդիպումներ կամ Հայաստանի համար կարևոր օրերի, ասենք` Անկախության օր նշելը: Ադրբեջանցիները ստեղծում են այդ արկածախնդրությունը, բայց դա չի նշանակում, որ պատերազմի հոտ է գալիս, կամ ապագա վտանգներ է գուժում: Դա այդպես չէ, սահմանին ստեղծած լարվածությունը կապ ունի Ադրբեջանի ներսում տեղի ունեցող հանգամանքների հետ: Ալիևը ցանկանում է իր ընտրողին ցույց տալ, որ ինքը պատրաստ է պատերազմին: Իրականում, այդ լարվածությունը ստեղծելով, նրանք ցանկանում են մոլորության մեջ գցել թե\' մեր, թե\' իրենց հասարակություններին: Իրականում պատերազմի վտանգ չկա: Եթե նրանք վստահ լինեին, որ, մեզ վրա հարձակվելով, կհաղթեն, ապա նրանք կանեին դա»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նրա համոզմամբ` զորավարժություններով չէ, որ պետք է որոշել սահմանային լարվածության չափը, զորավարժություններով ընդամենը իրենք իրենց ուժն են ցուցադրում, մենք` մերը:
Կոմանդոսը վստահ է, որ թեև ադրբեջանցիները լավ զինտեխնիկա ունեն, սակայն նրանք կռվող չունեն, որովհետև Ադրբեջանի հասարակությունում մարդիկ միմյանց դեմ են դուրս գալիս, իրար հետ լեզու չեն գտնում, իսկ Ադրբեջանի բանակից զինվորները փախչում են:
Ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի` Ադրբեջանում ժողովրդի մեծ մասը սոցիալական ծանր պայմաններում է ապրում, այնտեղ 10-ից ավելի ազգեր են ապրում, այնտեղ չկա միասնականություն, նրանց բանակը մարտունակ չէ, որովհետև նրանց զինվորը չգիտի, ինչի համար է ծառայում: Մինչդեռ մեր զինվորը գիտի` ինչի համար է ծառայում, դա հայրենիքի անկախությունն է:
«Մեր ազգը ցեղասպանություն է ապրել, և մեր ազգը այլևս չի ուզում դա նորից ապրել: Ասել, որ մենք ունենք հակառակորդ, որը հարձակվելու է մեզ վրա, մենք նման հակառակորդ չունենք: Բոլորդ եղել եք Արցախում ու հրաշալի գիտեք, որ այդ երկիրը հնարավոր չէ նվաճել»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե այս պահի դրությամբ ինչպե՞ս է տեսնում ԼՂ խնդրի կարգավորումը, Արկադի Տեր-Թադևոյանը նշեց, որ խնդրի կարգավորումը մեծապես կախված է նաև միջազգային հանրության` Արցախի նկատմամբ վերաբերմունքից: «Արցախի կարգավիճակը, կարծում եմ, ավելի ու ավելի է ճանաչվում միջազգային հանրության կողմից, և միջազգային հանրությունն ավելի ու ավելի է հակված ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց նա: