կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-21 12:46
Քաղաքական

Սահմանային այս ակտիվությունն ապրիլի 24-ին ընդառաջ է. Արկադի Տեր-Թադևոսյան

Սահմանային այս ակտիվությունն ապրիլի 24-ին ընդառաջ է. Արկադի Տեր-Թադևոսյան

Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանային ակտիվությունը, որը հրահրվում է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, պայմանավորված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցով:

 

Yerkir.am-ի այն դիտարկմանը, թե Արցախի ու Հայաստանի դեմ իրականացվող յուրաքանչյուր դիվերսիայից հետո, վերլուծելով թշնամու քայլերը, հիմնականում ասվում է, թե այդ ամենը պայմանավորված է այս կամ այն «տոնով» կամ որևէ պաշտոնյայի տարածաշրջան կատարած այցով, Տեր-Թադևոսյանը պատասխանեց. «Մեր հարևանների այս ակտիվությունը խորը և վաղուցվա արմատներ ունի: Թուրքիան քաղցր խոսքերով իր փոքր եղբորը հորդորում է սահմանային լարվածություն ստեղծել: Իմ կարծիքով՝ սահմանային այս ակտիվությունը ապրիլի 24-ի հետ է կապված»:

 

Կոմանդոսի կարծիքով՝ ապրիլքսանչորսյան համատեքստում թե՛ հայկական կողմը, թե՛ ադրբեջանական կողմն ակտիվություն են ցուցաբերում, սակայն տարբերությունն այն է, որ մենք ուժեղացնում ենք ճնշումները դիվանագիտական մակարդակում, իսկ նրանք սահմանային ճնշումներն են ավելացնում: «Ապրիլի 24-ին ընդառաջ՝ մեր հարևաններն ակտիվանում են և դեռ մինչև ապրիլի 24-ն ավելի կակտիվանան»,- ասաց Տեր-Թադևոսյանը:

 

Նա անդրադարձավ նաև այն վարկածին, թե այն գիտակցումը, որ ադրբեջանցիները ռուսական զենքով են կրակում մեր սահմանի ուղղությամբ, կարող է վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա: «Ես չեմ կարծում, որ այդ հանգամանքը կապ ունի, չնայած չեմ էլ բացառում: Դեմ չեմ, որ տեսակետը, թե մեր դեմ օգտագործվող զենքը Ռուսաստանից է մատակարարվում տարբերակը նկատի ունենալով են մեր հարևանները սահմանային լարվածություն ստեղծում, բայց կրկնում եմ, ես այդ միջադեպերն ավելի շատ կապում եմ ապրիլի 24-ի հետ»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը: