կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-06 15:50
Տարածաշրջան

Թուրքիան պատրաստվում է վերանորոգել հայկական Օշվանքի եկեղեցին

Թուրքիան պատրաստվում է վերանորոգել հայկական Օշվանքի եկեղեցին

Թուրքիայի Էրզրում ( պատմական Կարին ) նահանգի նահանգապետ Օքայ Մեմիշը հայտարարել է, որ պատրաստվում են վերանորոգել Օշվանքի եկեղեցին: «Օշվանքի եկեղեցում հատուկ աշխատանքներ ենք իրականացվելու և վերանորոգում իրականացնելուն պես պատրաստվում ենք այն դարձնել զբոսաշրջային վայր»,- ըստ «Անադոլու» գործակալության` ասել է նա:

Լրագրողներին տված հարցազրույցում Մեմիշը չի հիշատակել եկեղեցու հայկական ծագումը, ավելին` այն անվանել է վրացական: «Այս հրաշալի շինությունը, որը կառուցվել է 1050 թ., վրացիներից է մնացել և, անկեղծ ասած, շատ տպավորված եմ: Այստեղից հրաշալի զբոսաշրջային շահույթ ենք ունենալու և ապահովելու ենք լուրջ աշխատատեղեր: Այստեղի վրա ծախսը ջուրը չի ընկնի, քանի որ կարևոր մշակութային արժեք է»,- ասել է  նահանգապետը:

Ըստ Մեմիշի` Էրզրումը մի շարք մշակույթների համատեղման վայր է եղել և դա իրենց ու «Անատոլիայի» տարբեր մշակույթների և ազգերի հետ համատեղ գոյակցելու ամենամեծ ցուցադրումը է, քանի որ եկեղեցու կողքը կա նաև մզկիթ:

Նշենք, որ 2010 թ. Վրաստանը փորձել էր վերանորոգման աշխատանքների ծախսերը իր վրա վերցնել և, առիթից օգտվելով, այն ներկայացնել որպես վրացական եկեղեցի:

Կարին նահանգում գտնվող Օշվանքի (հայտնի է նաև Օշկվանք, Օշավանք անուններով) եկեղեցին կառուցվել է 11-12-րդ դարում: Ըստ հայ ուսումնասիրողների` Օշկվանքի եկեղեցին կառուցվել է 10-11-րդ դարերում Տայքում իշխած քաղկեդոնականություն դավանող հայ Բագրատունիների կողմից: Օշավանքի վանական համալիրից կանգուն են մնացել եկեղեցին, երեք մատուռը, գրադարանի շենքը և ճաշարանը: Օշավանքը համարվել է ձեռագրերի ստեղծման և պահպանման կարևորագույն կենտրոն: Վանքն իր կարևոր առաքելությունը կատարել է մինչև 15-րդ դարը՝ մինչ թյուրքերի կողմից Կարինի զավթումը: 18-րդ դարից մինչև 1980-ական թվականները եկեղեցին պղծվել է և ծառայել որպես մզկիթ: 1985 թվականից եկեղեցին անցել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությանը հսկողության տակ և սկսել փլուզվել: