Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի միջանցքներն ուղղակի գարշահոտություն են տարածում, դա նորմա՞լ է, թե՞ նորմայից դուրս։ Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը այս հարցն ուղղեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին։ Պատգամավորը նշեց, որ անձամբ է այցելել ՔԿՀ և կարող է փաստել՝ տեղում իրավիճակն անմխիթար է։
Արդարադատության նախարարը, պատասխանելով հարցին, նշեց, որ այն, ինչ կատարվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, նորմալ չէ։ «Հարցի լուծումը երկարատև աշխատանք է պահանջում, իսկ այդ աշխատանքն ավելի քան տասը տարի առաջ է սկսվել, երբ «Արմավիր» ՔԿՀ-ն սկսեց նախագծվել։ Պետք է ասեմ, որ քրեակատարողական հաստատություն կառուցելը բարդ բան է, անվտանգության առումով այն շատ միջոցներ և ծախսեր է պահանջում»,- ասաց նախարարը։
Նա նշեց նաև, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի որոշ բարելավում կա, բայց դեռևս հեռու է ցանկալիից։ Ըստ Հարությունյանի՝ եթե հարց դրվեր՝ վերանորոգե՞լ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, թե՞ նորը բացել, ճիշտ կլիներ նոր հիմնարկ կառուցելու մասին մտածել: «Ես կուզեի` նոր հիմնարկ կառուցվեր, քանի որ կարկատանները երկար ժամանակ չեն կարող ծառայել նպատակին։ Սակայն հարկ է նշել, որ դուք նմանատիպ իրավիճակ կարող եք տեսնել այլ ՔԿՀ-ներում: Խնդիրներն անհամեմատ շատ են, ուստի մեզ մնում է միայն առաջնահերթություններով առաջնորդվել»,- նշեց Հարությունյանը։