Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող Կարին նահանգի (պաշտոնական անվանումը՝ Էրզրում) Ուզունդերե գավառում պահպանվող Օշվանք եկեղեցու պատերին գոյացած ճեղքերն անհանգստություն են պատճառում տեղի բնակիչներին, ովքեր մտահոգվում են, թե եկեղեցին կարող է փլվել մոտակայքում գտնվող մզկիթի վրա։ Թեև եկեղեցին վերականգնելու համար 2018 թ․ մրցույթ էր հայտարարվել, սակայն վերանորոգման աշխատանքները դեռ չեն էլ սկսվել։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Դեմիրյորեն» լրատվական գործակալությունը։ Թուրքական աղբյուրը, խեղաթյուրելով պատմական փաստերը, նաև նշում է, թե Օշվանքը կառուցվել է վրացի թագավորների կողմից։ Ինչպես հայտնի է, 963-973 թթ․ կառուցված և նաև Օշկվանք կամ Օշավանք անուններով հիշատակվող սույն հայկական եկեղեցին ոչ միայն ունի հայկական ճարտարապետությանը բնորոշ բոլոր տարրերն ու առանձնահատկությունները, այլև հայկական է անգամ նրա անվանումը։ Բայց և այնպես, թուրքերն ու վրացիները շարունակում են այն վրացական ներկայացնել։
«Դեմիրյորեն» լրատվական գործակալությունը նաև փոխանցում է, որ Օշվանքի վերականգման աշխատանքների համար նախատեսված է 1 միլիոն 430 հազար թուրքական լիրա ծախսել։ Թեև ծրագրված էր, որ եկեղեցու վերանորոգումը պետք է ավարտվեր 2019 թ․ օգոստոսի 27-ին, սակայն այդ աշխատանքներն դեռևս չեն էլ սկսվել։ Գանձագողերը ևս շարունակում են անարգել կերպով վնասել եկեղեցին։ Գանձ որոնողների ավիրումների հետևանքով եկեղեցու պատերին գոյացած ճեղքերն անհանգստություն են պատճառում Չամլըյամաչ թաղամասի բնակիչներին, ովքեր անգամ մտավախություն ունեն, թե եկեղեցին կարող է մոտակա մզկիթի վրա փլվել։
Չամլըյամաչի թաղապետ Ռահմի Գյոզը գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ իրենք պայքարում են, որպեսզի եկեղեցին վերանորոգվի, սակայն վերականգնողական աշխատանքներն անգամ չեն էլ սկսել։ Թաղապետը նաև նշել է․ «Մոտ 25-30 տարի է, ինչ ակնկալվում է, թե այս եկեղեցին պիտի վերականգնվի։ Պատերին ճեղքեր են առաջացել, հատկապես վերջին տարիներին եկեղեցին սպառալիք է դարձել անմիջապես իր կողքին գտնվող տների և մզկիթի համար։ Այդ պատճառով ուզում ենք, որ այն հնարավորինս արագ վերանորոգվի»։
Թաղապետը նաև հաղորդել է, որ նախկինում բազմաթիվ զբոսաշրջիկներ էին գալիս եկեղեցին տեսնելու նպատակով, սակայն վերջերս համավարակի և այլ հանգամանքների հետևանքով Օշվանքը տեղացի և արտասահմանցի այցելուներ այլևս չի ունենում։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Լուսանկարները՝ «Հյուրիեթ» օրաթերթի
Akunq.net