կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-30 17:46
Տարածաշրջան

Թուրքիայում մտադիր են վերանորոգել Հավավի 1200-ամյա Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին

Թուրքիայում մտադիր են վերանորոգել Հավավի 1200-ամյա Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին

Խարբերդում (թուրք պաշտոնական անվանումը՝ Էլազըղ) ժամանակին որպես մզկիթ, ինչպես նաև հոգեբուժարան օգտագործված 1200-ամյա Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում մաքրման աշխատանքներ են իրականացվել։ Նաև մշակվել է եկեղեցին վերականգնելու նախագիծը։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի՝ Խարբերդի Հավավ (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Էքինօզյու) գյուղում 1200 տարի առաջ կառուցված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին դիմադրում է ժամանակին։ Նախկինում հոգեբուժարանի գործառույթ ունեցած, իսկ 1900-ականներին մզկիթի վերածված հայկական եկեղեցին 40 տարի օգտագործվել է որպես մուսուլմանների սրբատեղի, սակայն երբ մոտակայքում մզկիթ է կառուցվել, եկեղեցու շենքը լիովին լքվել է։

Միայն այս տարի Խարբերդի թանգարանային տնօրինությունն այստեղ մաքրման աշխատանքներ է սկսել, որից հետո ակնկալվում է, որ եկեղեցին կվերականգնվի։ Տեղի գյուղապետ Հայաթի Սինեմը թուրքական պարբերականի թղթակցի հետ զրույցում նշել է․ «Գյուղի նախկին անվանումը Հավավ է։ Մեր գյուղը մի գեղեցիկ պատմական հուշարձան ունի, որն ըստ հնագետների՝ 1200 տարեկան է։ Նախատեսվում է եկեղեցին վերականգնել՝ ըստ բնօրինակի։ Թեև այն շատ հին է, սակայն դեռ կանգուն է։ Մեր՝ գյուղացիներիս ցանկությունն է, որ եկեղեցին վերանորոգվի և ծառայի այստեղի զբոսաշրջության զարգացմանը»։

https://www.haberturk.com/elazig-haberleri/81985957-bir-donem-cami-ve-hastane-olarak-kullanilmis-tam-bin-200-yillikelazigda-bir-donem-cami-ve

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net