կարևոր
1393 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-14 18:42
Հասարակություն

Եկեղեցին հայի կյանքն է, կարո՞ղ է հայն առանց եկեղեցու․ Լոնդոնի հայկական եկեղեցին լեփ-լեցուն էր

Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին կիրակի օրը լեփ-լեցուն էր։ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը Մայր Աթոռից բերված մյուռոնով կատարեց ջրօրհնեքի նվիրական արարողություն։

Լոնդոնահայերը հաղորդություն ստացան, լսեցին սրբազան հոր պատգամը եւ իրենց հետ տուն տարան օրհնված ջուրը։ Արարողությանը ներկա էին հարյուրավոր հավատացյալներ, այդ թվում՝ քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, այլ բարձրաստիճան հյուրեր։

Սրբազան հայրը պատարագի մասնակիցներին ներկայացրեց մյուռոնօրհնության նշանակությունը, ասաց որ այն հայ առաքելական եկեղեցու կարեւորագույն միջոցառումներից մեկն է, որ տեղի է ունենում յոթ տարին մեկ անգամ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 12 արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների մասնակցությամբ:

Օրհնության ընթացքում օգտագործվում են Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Սուրբ Գեղարդը, ինչպես նաև Սուրբ Խաչի մասունքները և այլ սրբություններ։ Վերջին անգամ մյուռոնն օրհնվել էր 2015թ․-ին, իսկ հաջորդը նախատեսվում էր իրականացնել 2023թ-ին, սակայն Արցախի բռնազավթման եւ հայաթափման պատճառով հետաձգվեց։

«Սեպտեմբերին Մենք կրկնակի տոն ունեցանք։ Մյուռոնօրհնությանը հաջորդեց Մայր Տաճարի վերաօծումը։ Սիրելի հավատացյալներ, այսօր Հայոց Հայրապետի կողմից օրհնված սրբալույս մյուռոնով ենք իրականացնում արարողությունը։ Այն ջուրը, որ կտանեք տուն՝ օրհնություն, կբերի ձեր ընտանիքներին»,-ասաց Հովակիմ Մանուկյանը՝ ընդգծելով՝ «Միասին մենք ուժեղ ենք։ Միասին մենք կրում ենք Քրիստոսի կնիքը»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մյուռոնը 2024թ․ անվանվել է «Դրոշմ Ինքնության»: Այն կօգտագործվի մկրտությունների, եկեղեցիների, սեղանների, սրբապատկերների եւ ջրերի օրհնության համար:

«Եկեղեցին հայի կյանքն է, կարո՞ղ է հայն առանց եկեղեցու, այն հայերի միության տեղն է, Աստծո տունն է»,- նշեց Լոնդոնում ապրող մեր հայրենակիցներից մեկը։

Մեծ Բրիտանիայի հայկական եկեղեցին կարեւոր դերակատարություն ունի հայապահպանության համար։ «50 տարի է ապրում եմ Անգլիայում։ Հայոց Ցեղասպանությունից հետո, երբ հայերը ցրվեցին աշխարհի չորս կողմը եկեղեցին գաղութներ ստեղծեց, հավաքեց հայությանը, պահեց հավատքը։ Քրիստոնեության, Աստծո համար հայությունը շատ մեծ զոհեր տվեց, նախորդած հազարամյակներում մենք կարողացանք պայքարել եւ հայ մնալ»,-նշեց մեկ այլ լոնդոնահայ։

Մանրամասն՝ տեսանյութում: