կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-01 16:51
Առանց Կատեգորիա

Անելք թունել

Անելք թունել

Այսօր մարտի մեկն է, գարնան առաջին եւ Նիկոլ Փաշինյանի հերթական քայլարշավի օրը: Քայլարշավը գուցե գարնան սկզբից ավելի հաջող ստացվի, որովհետեւ նվիրված է 2008-թվականի մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման զգայացունց թեմային: Միամիտ մեկն այս պահին կարող է մտածել. Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմադիր պահանջելու է գործի բացահայտո՞ւմը, թե՞ որպես երկրի ղեկավար խոստանալու է, որ այն կբացահայտվի, մանավանդ` ամիսներ առաջ հայտարարել էր, թե «մարտի 1-ը» բացահայտված է:

Իհարկե, այս գործի բացահայտումը ցանկանում են գրեթե բոլորը, եւ ենթադրում եմ` այդ գրեթե բոլորը ցանկանում են գործի ամբողջական բացահայտումը: Օրինակ` ինձ համար հետաքրքրություն ներկայացնող անպատասխան հարցերի թվում են այն հանգամանքները թե.

-ո՞վ էր ավտոմատով կրակողը Լեո փողոցի որսորդական խանութի առջեւ կանգնած ներքին գործերի զինծառայողի վրա, եւ ով էր նռնակ նետել ոստիկանության կապիտանի ոտքերի տակ,

-ո՞ւմ պատվերով էին նախապես պատրաստվել հարյուրավոր երկաթե ձողերն ու ոզնիները, որոնք ակտիվորեն գործադրվեցին տվյալ օրը,

-երբ Լեո-Պռոշյան խաչմերուկը փակած ոստիկանության անզեն զինծառայողների շղթան ճեղքելու համար երեք մեքենա քշվեց նրանց վրա, Պռոշյանով դեպի վեր ձգտելով` ի՞նչ նպատակակետի էր ցանկանում հասնել ցուցարարների տվյալ զանգվածը,

-ինչու՞, այնուամենայնիվ, միջոցառումների առաջնորդները մարտի 1-ի կեսօրին չընդունեցին քաղաքի տարբեր վայրերից մեկում, այդ թվում` Մատենադարանի առջեւի հրապարակում, ցույցերը շարունակելու` իշխանությունների համաձայնությունը...

Հարցերը շատ են, սակայն, տվյալ դեպքում, մեր ասելիքը ուրիշ թեմայով է:

-Ժողովրդային շարժման ճանապարհով իշխանության եկած ուժը հանրահավաք է կազմակերպում նախորդ իշխանության դեմ՝ 11-տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար:

-Երկրորդ անգամ կալանավորված է տվյալ ժամանակահատվածում իշխանավարած նախագահը:

-Վերոնշյալ եւ այլ պատճառներով քրեական մեղադրանքներ են հարուցվել կամ նման գործերի մեջ, առայժմ որպես վկաներ, ներգրավված են նախկինում պաշտոնավարած պաշտոնյաներ, գործարարներ, զինվորականներ, որոնց թվում են երրորդ նախագահը, երկրորդ եւ երրորդ նախագահների հարազատները:

-Նոր իշխանության պաշտոնավարման շրջանում քրեական գործեր են հարուցվել բազմաթիվ գյուղապետերի, դպրոցների տնօրենների պետական պաշտոնյաների դեմ:

-Անցանկալի պաշտոնյաներից փորձ է արվում ազատվել քրեական գործեր հարուցելու կամ զանգվածային ճնշման ճանապարհներով:

-Դատարանները հաճախակի կայացնում են որոշումները, որոնք հետո բեկանվում կամ փոփոխվում են, փոխվում են մեղադրական հոդվածները, ընդ որում՝ այս ամենը ուղեկցվում է բարձրագույն պաշտոնյաների մեկնաբանություններով ու գնահատականներով, ինչպես եւ ցուցարարների ուղղակի ճնշմամբ:

-Բացահայտվում են չարաշահումներ, ֆինանսական-նյութական բնույթի հանցագործություններ, սակայն մեղավորների նկատմամբ գործեր չեն հարուցվում` վերջիններիս կողմից որոշակի գումարներ «ետ մուտք անելու» պայմանով:

-Մի շարք լրատվամիջոցներ զրկվում են որպես խմբագրատներ ծառայող տարածքներից:

-Սոցցանցերում գործում են խմբեր, որոնց անելիքն է հայհոյանքով ու վիրավորանքով լռեցնելը այն մարդկանց, որոնք կհամարձակվեն քննադատել իշխանություններին եւ առանձին բարձր պաշտոնյաների:

-Ուղղակի կամ անուղղակի կերպով ազդեցություն է կիրառվում մարդկանց նկատմամբ, որոնք քննադատում են իշխանություններին եւ նրանց կատարած այս կամ այն քայլը:

-Երկրում վերացված չեն, այսպես կոչված, հեղափոխականների եւ հակահեղափոխականների միջեւ պահպանվող բաժանարարները:

-Երկրի ամբողջ իշխանությունը փաստականորեն տնօրինող իշխանությունը կայացնում է որոշումներ` հաշվի չառնելով հանրային տրամադրությունները եւ տրորելով Սահմանադրության եւ օրենքների սահմանները:

-Այս ընթացքում չեն դրսեւորվում երկրի սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագրեր ու քայլեր:

-Արձանագրվել են առաջին դեպքերը, երբ նորընտիր իշխանության առանձին ներկայացուցիչներ կասկածվում են կոռուպցիոն բնույթի գործարքների մեջ:

Եթե անհրաժեշտ է, որ շեշտվի, ապա այս դեպքում էլ շեշտենք, որ, իհարկե, բոլոր տեսակի հանցագործությունները պետք է բացահայտվեն, եւ մեղավորները կանգնեն պատասխանատվության առաջ՝ անկախ մարդկանց նախկին ու ներկա կարգավիճակներից, արարքների կատարման ժամկետներից: Նույնքան աներկբա պետք է լինի նաեւ այն հանգամանքը, որ մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրվեն հիմնավոր ապացույցների դեպքում` առանց բացառության պահպանելով անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Եվ այնուամենայնիվ: Այն թվարկումները, որ արվեցին վերեւում արդյո՞ք ծանոթ չթվացին ընթերցողին: Արդյո՞ք նույնանման պատմություններ հայտնի չեն այլ վայրերից եւ այլ ժամանակներից:

Մեր երկիրը չի՞ գնում նույն խոտոր ճանապարհով, որով գնացել են ուրիշները, եւ գիտենք` ուր են հասել: Այս ճանապա՞րհն է միակ այլընտրանքը ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների:

Առանց չարախնդալու կամ վախեցնելու` ուզում եմ արձանագրել համեստ կարծիքս՝ սա ընթացք է մի թունելի միջով, որը ելք չունի:

Թերեւս կարելի է վիճել միայն հանգուցալուծումների ժամկետների վերաբերյալ:

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ