|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումների շրջանակում փարիզամերձ Կլամար քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։
Միջոցառման մեկնարկին ելույթներով են հանդես Կլամարի քաղաքապետ Իվ Կոստասը և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը։
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի՝ Կլամար քաղաքում գտնվող և նրանց հիշատակը հավերժացնող խաչքարի առջև ծաղկեպսակներ են զետեղել քաղաքապետ Իվ Կոստասը, դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Բուլոյն-Բիլանկուրի պրեֆեկտի տեղակալ Բենուա Տրեվիսանին, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Ծաղկեպսակներ են զետեղվել նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիայի, Կլամարի նախկին քաղաքապետ, ներկայումս՝ Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Դիդիե Բերժեյի, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի անունից։
Միջոցառման ավարտին Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ պատվելի Ժոել Միքայելյանի և Իսի-լե-Մուլինոյի Հայ Առաքելական եկեղեցու քահանա տեր Ավեդիս Բալեկյանի կողմից մատուցվել է ոգեկոչման աղոթք, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգները, ինչպես նաև՝ Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան...» կատարումը։
Արարողությանը մասնակցել են նաև Կլամարի և հարակից քաղաքների քաղաքային խորհուրդների, Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամներ, Կլամարի բնակիչներ։