Փոխարժեքներ
22 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Ռազմական պատմաբան Սրինաթ Ռագավանը մատնանշում է 2016 եւ 2019-ականների նախադեպերը, երբ Հնդկաստանը կետային հարվածներ էր հասցնում Պակիստանի տարածքին՝ ի պատասխան Քաշմիրի հարձակումների: Նա կարծում է՝ Հնդկաստանը կարող է սահմանափակվել «ցուցադրական ռազմական գործողություններով», ինչպիսիք են հրթիռային հարվածները Քաշմիրի ապստամբների ենթադրյալ ճամբարներին՝ լայնածավալ պատերազմից խուսափելու համար: Մինչդեռ մի շարք այլ փորձագետներ «ծանր իրավիճակ» են կանխատեսում՝ լարվածության երկարատեւ ժամանակահատվածով, եւ նշում՝ Հնդկաստանի ներքին քաղաքական գործոնները (Օրինակ՝ վարչապետ Մոդիի իմիջն ամրապնդելու անհրաժեշտությունը) կարող են կոշտ միջոցների դրդել: Պակիստանցի նախկին դիվանագետ Մալիհա Լոդին իր հերթին ընդգծում է՝ Պակիստանը շահագրգռված չէ էսկալացիայի մեջ, սակայն ստիպված կլինի պատասխանել ցանկացած ռազմական գործողության: Նա կարծում է, որ օդային տարածքի եւ առեւտրային ուղիների փակումը փորձ է ազդարարել պաշտպանության պատրաստակամության մասին՝ առանց ուղղակի ռազմական բախման: Իսլամաբադի անվտանգության վերլուծաբան Սայեդ Մոհամմադ Ալին NYT-ին տված հարցազրույցում նախազգուշացնում է՝ էսկալացիան կարող է «ավելի մասշտաբային լինել, քան 2019 թ-ին»՝ երկու երկրների կուտակված փոխադարձ պահանջների եւ միջուկային ներուժի պատճառով: The New Times-ը մեջբերում է անանուն վերլուծաբանների, ովքեր մտավախություն ունեն, որ հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից, հատկապես, եթե Հնդկաստանը ռազմական գործողություններ ձեռնարկի, իսկ Պակիստանը համաչափ պատասխան տա: Միեւնույն ժամանակ, միջուկային հակամարտության սպառնալիքը մնում է նվազագույն, բայց «անկանխատեսելի հետեւանքներ» հնարավոր են:
Փորձագետները նշում են՝ Ինդուսի ջրերի մասին պայմանագրի կասեցումը երկարաժամկետ ռիսկեր է ստեղծում, քանի որ Պակիստանը կախված է գետից գյուղատնտեսության եւ ջրամատակարարման համար: Դա կարող է հրահրել հումանիտար ճգնաժամ, որը թեժացնում է հակահնդկական տրամադրությունները եւ ստիպել Իսլամաբադին պատասխանել ռազմական միջոցներով։ Ընթացիկ էսկալացիան հիշեցնում է 2019 թ-ի ճգնաժամը, երբ Պուլվամի հարձակումը հանգեցրեց հնդկական ավիահարվածների Պակիստանի տարածքում եւ Իսլամաբադի պատասխան գործողությունների: Սակայն ներկայիս իրավիճակը բարդանում է Ինդոսի ջրերի մասին պայմանագրի աննախադեպ խզմամբ, ինչը Պակիստանի կողմից ընկալվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք: Երկու կողմերն էլ կոշտ հռետորաբանություն են դրսեւորում, սակայն նրանց գործողություններն առայժմ սահմանափկվում են դիվանագիտական եւ տնտեսական միջոցառումներով, ինչը վկայում է բաց ռազմական հակամարտության անցնելու դժկամության մասին: Երկու երկրներն էլ գիտակցում են միջուկային պատերազմի աղետալի հետեւանքները, ինչը ծառայում է որպես հզոր զսպող գործոն:
Փորձագետները գրում են՝ չնայած այն հանգամանքին, որ Հնդկաստանը մեծ ռազմական ռեսուրս ունի կողմերի միջեւ գոյություն ունի հավասարություն միջուկային զենքի հարցում: Ընդ որում՝ Պակիստանին վերջին տարիներին հաջողվել է մշակել ցածր հզորության մարտավարական միջուկային զենքի արտադրության տեխնոլոգիաներ, ինչը կարող է հավասարեցնել Հնդկաստանի գերազանցությունը սովորական սպառազինություններում եւ զսպող գործոնի դեր խաղալ: Միջազգային ճնշում.ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը, որոնք շահեր ունեն տարածաշրջանում, հավանաբար կպնդեն դեէսկալացիայի վրա։
Աղբյուրը՝ kavkazcenter.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի