Փոխարժեքներ
27 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
2021-ից հունիս ամսից սկսած՝ նոր թափ է հավաքել «Թյուրքական պետությունների կազմակերպության» աշխատանքը՝ փորձելով ոչ միայն ներգրավել նոր երկրների, այլև մեծացնել իր քաղաքական, մշակութային ու ռազմական ազդեցությունը։
2009-ին ստեղծված այդ կառույցի մեջ են հիմնադիրներ Թուրքիան ու Ղազախստանը, ինչպես նաև Ադրբեջանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։ Վերջին տարիներին դիտորդի կարգավիճակով մասնակցում է նաև Հունգարիան։
Ամեն ինչ սկսվեց 1990-ականների սկզբին, երբ թյուրքալեզու պետությունների միավորման գլխավոր գաղափարախոս, Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրգութ Օզալն առաջ էր քաշել «թյուրքական տան» գաղափարը։ Օզալի խոսքով՝ Խորհրդային Միությունը թեպետ ի սկզբանե ակտիվ համագործակցել է Թուրքիայի հետ, սակայն հետագայում դարձել է թյուրքական ծագում ունեցող ժողովուրդների գլխավոր թշնամին և խանգարել է այդ երկրների միավորմանն ու զարգացմանը։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ պետք է միավորել բոլոր թյուրքական ժողովուրդներին մեկ միասնական անվտանգային ու մշակութային, տնտեսական հովանոցի ներքո։
Թուրգութ Օզալի գաղափարը 2006-ին սկսեց կյանքի կոչել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Էրդողանը հայտարարեց, որ ինքը նախաձեռնում է թյուրքախոս պետությունների համագործակցության կառույց, քանի որ «պատմությունը եզակի հնարավորություն է տալիս միավորելու ընդհանուր մշակույթ և պատմական արմատներ ունեցող երկրների ջանքերը» :
Երեք տարվա նախապատրաստական աշխատանքներից ու բանակցություններից հետո 2009 թվականի հոկտեմբերին ստեղծվեց «Թյուրքական խորհուրդ» անունով կազմակերպություն՝ միավորելով Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը և Ղրղզստանը։ Այն ժամանակ Ուզբեկստանը մերժել էր անդամակցել այդ կառույցին, սակայն հետագա տարիներին քաղաքական շահը դրդել էր դառնալ «Թյուրքական խորհրդի» անդամ։
Կազմակերպության հիմնադիր համաժողովում 2009-ին Էրդողանն անթաքույց հայտարարել էր, որ թյուրքալեզու ժողովուրդները տարածված են հետխորդային պետություններում, հատկապես Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, ինչպես նաև Իրանում և Չինաստանում։ Ուստի, ըստ Էրդողանի, «Թյուրքական խորհուրդ»-ի միջոցով օգնելով այդ ժողովուրդներին, իրենք կարողանալու են նրանց միջոցով ազդել այդ երկրների ներքին ու արտաքին քաղաքականության վրա։
2015թ. հերթական համաժողովներից մեկում «Թյուրքական խորհրդի» անդամ պետությունները ստորագրեցին «Միջազգային թյուրքական լրատվական հեռուստալիք» հիմնելու հուշագիր, որից կարճ ժամանակ հետո սկսեց ակտիվորեն աշխատել «TRT avaz» թուրքական հեռուստաալիքը։ Երբ ուսումնասիրում ես այդ ալիքի բովանդակությունը, ստացվում է ոչ այնքան թյուրքական մշակույթի ու պատմության քարոզչություն, որքան Ռուսաստանի դեմ ատելության խոսք։
2011-ից սկսած՝ Թուրքիայի «Անադոլու» պետական լրատվական գործակալության նախաձեռնած «Լրատվական Ակադեմիա» անունով դասընթացների միջոցով վերապատրաստվել ու վարպետության դասեր են անցել Միջին Ասիայի մի քանի հարյուր լրագրողներ: Հասկանալի է, որ նրանք մասնագիտական դասերից բացի ստացել են նաև գաղափարական ու քաղաքական վերապատրաստումներ, կամ, որ ավելի տեղին կլինի ասել՝ կատարվել է «ուղեղների լվացում»։ Այդ դասընթացներով Թուրքիան ձևավորում է նաև գործակալական ցանց «Թյուրքական խորհրդի» անդամ պետություններում։
Դեռևս 2012-13 թվականներին հստակեցվեց, որ «Թյուրքական խորհուրդը» պանթուրքական գաղափարախոսության պարզ մարմնավորումն է և միմյանց է կապում թյուրքալեզու ժողովուրդներին՝ հիմնական թիրախում պահելով Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը, քանի որ այդ երեք խոշոր պետություններն են պանթուրքիզմի գլխավոր խանգարողները, միաժամանակ հենց այդ երկրներում կամ դրանց ազդեցության գոտում են ապրում թյուրքական ծագում ունեցող ժողովուրդները։ Որպես վերջնանպատակ՝ «Թյուրքական խորհրդի» թիրախում վերոնշյալ երեք երկրների մասնատումն է։
Գաղտնիք չէ, որ պանթուրքիզմը հնարավոր կլինի կյանքի կոչել միայն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մասնատման պարագայում, որովհետև թյուրքական ծագում ունեցող ժողովուրդների միավորումը ենթադրում է տարածքների զավթում հենց այդ երկրներից։
Այսպես՝ Իրանի դեպքում նշվում է այդ երկրի հյուսիսում ապրող մոտ 16 մլն թուրքախոս բնակչությունը, որի զբաղեցրած տարածքի նկատմամբ անթաքույց հավակնություններ ունի Ադրբեջանը։
Չինաստանի դեպքում խնդիրը Ալթայ տարածաշրջանն է, որը համարվում է ժամանակակից թյուրքալեզու ժողովուրդների ծագման վայրը՝ նախահայրենիքը։ Չինաստանի Ալթայում այժմ ապրում է մոտ 11 մլն ույղուր, որը տեղաբնիկ էթնիկ խումբ է և գենետիկ կապ ունի թուրքերի հետ։ Ստացվում է՝ պանթուրքիզմի վերջնական նպատակը հենց Չինաստանի Ալթայ տարածաշրջանն է՝ ույղուրների հետ միավորմամբ։
Իսկ ահա Ռուսաստանի պարագայում պանթուրքիզմի պլանները ընթացիկ են։ Դեպի Ալթայ ճանապարհն անցնում է Ռուսաստանի հարավային շրջաններով, որոնք ներառում են Չեչնիան, Ինգուշեթիան, Հարավային Օսիան, Դաղստանը, Կաբարդա-Բալկարիան, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերը, Ղրիմը, Ռոստովի մարզը, Կալմիկիան, Աստրախանի, Վոլգոգրադի մարզերը։ Ընդհանուր առմամբ, միայն Ռուսաստանի տարածքից պանթուրքիզմի ծրագիրը ձգտում է խլել մոտ 700․000 քկմ։
2020թ․ Արցախի դեմ ահաբեկչական հարձակումից ու պայմանավորված պատերազմից հետո՝ 2021 թվականի հունիսի 15-ին բռնազավթված Շուշի քաղաքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը ստորագրեցին Շուշիի հռչակագիր անունով փաստաթուղթ, որով փաստացի հիմք դրվեց «Թյուրքական խորհուրդը» ռազմաքաղաքական կազմակերպության վերածելու պաշտոնական գործընթացին։
Մասնավորապես, Ադրբեջանը և Թուրքիան հայտարարեցին ավելի խորացնել ռազմական համագործակցությունը։
Այդ օրերին պաշտոնական Երևանը դեռևս դրսևորում էր որոշակի սկզբունքայնություն, և հունիսի 15-ին հայտարարություն տարածեց ՀՀ ԱԳՆ-ն՝ դատապարտելով Ալիևի ու Էրդողանի այցը Շուշի։ Զարմանալի կարող է թվալ, բայց այն ժամանակ ՀՀ կառավարությունը Շուշին դեռևս համարում էր «հայկական պատմական և մշակութային կենտրոն»։
«Այս սադրիչ գործողությունները հստակորեն բացահայտում են նաև Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից հնչող հայտարարությունների կեղծ և ապակողմնորոշող բնույթը»,-ասված էր ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ։
Երկու օր անց՝ հունիսի 17-ին, ՀՀ ԱԳՆ-ն ևս մեկ դատապարտող հայտարարություն արեց՝ այս անգամ ավելի հասցեական անդրադառնալով «Շուշիի հռչակագրի» իրական նպատակներին և «Թյուրքական խորհրդի» իրական նպատակներին։
«Հատկանշական է, որ նշված հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ Կանոնադրությունը կամ ԵԱՀԿ համընդհանուր և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» իրենց մոտեցումը, որն առաջ է մղվում որպես «թյուրքական աշխարհի» միավորման սկզբունք։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լուրջ մարտահրավեր են միջազգային և տարածաշրջանային խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքում ձեռքբերված իրողությունները չեն կարող տևական խաղաղության հիմք դառնալ, այնպես, ինչպես Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից և հայ ժողովրդից»։
ՀՀ ԱԳՆ-ի 2021-ի հունիսի 17-ի այդ հայտարարության հասցեատերերը նաև Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանն էին, որոնց ուղղված մարտահրավեր էր դառնալու «Շուշիի հռչակագիրը»։
Եվ ահա, այդ հռչակագրից ուղիղ 5 ամիս անց՝ 2021-ի նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացած «Թյուրական խորհրդի» հերթական գագաթնաժողովի ընթացքում անդամ պետություններն ընդունեցին «Թյուրքական աշխարհի տեսլականը. 2040» ռազմավարական փաստաթուղթը։ Դրանով նախատեսվում է առաջիկա երկու տասնամյակի ընթացքում խորացնել թյուրքալեզու պետությունների համագործակցությունն առաջնային ոլորտներում, մասնավորապես՝ անվտանգության, տրանսպորտի և մաքսային համակարգում, կրթության և գիտության աշխատանքներում։
Նույն օրը որոշում կայացվեց նաև «Թյուրքական խորհուրդը» անվանափոխել ու դարձնել «Թյուրքական պետությունների կազմակերպություն»՝ դրան տալով ավելի բարձր իրավաբանական և միջազգային կարգավիճակ։
Կառույցը սոցիալ-մշակութային ու տնտեսական հարցերից անցավ կոնկրետ քաղաքական ծրագրերի։
Հատուկ ուշադրության կենտրոնում հայտնվեցին Ղազախստանը և Ղրղզստանը, որոնք միաժամանակ ՀԱՊԿ անդամ պետություններ են, բայց «Թյուրքական պետությունների կազմակերպության» ծրագրերի իրականացման պարագայում ստիպված են լինելու լքել ՀԱՊԿ-ն և անվտանգային առումով հենվել թուրքական նախագծի վրա։
Դա իր հերթին նշանակում է Ռուսաստանի ազդեցության գոտիների թուլացում ու ոչնչացում, այլ կերպ ասած՝ Ռուսաստանի շրջափակում թուրքական յաթաղանով։
«Թյուրքական պետությունների կազմակերպության» ապագայի ծրագրերից մեկը 2021-ին նշվում էր վերջնարդյունքում միասնական հավատքի, լեզվի և միասնական այբուբենի ընդունում։ Եվ ահա, 2024-ի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի ստեղծման հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ, որի գլխավոր գործող անձինք Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Թուրքիայի լեզվաբանական ընկերակցության նախագահ Օսման Մերթն էին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ թյուրքական պետությունների ընդհանուր այբուբենը պետք է լինի լատինատառ՝ բաղկացած 34 տառից։
Ինչպես տեսնում ենք, պանթուրքիզմի գնացքն ավելի արագ է առաջ շարժվում, քան կհասցնենք վերլուծել դրա ընթացքն ու հեռահար նպատակները։ Այդ առումով լրջագույն մտահոգություններ են հայտնում նաև Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի վերլուծական կենտրոնները՝ նշելով, որ «Թյուրքական պետությունների կազմակերպության» գործունեությունը լրջորեն հակասում է իրենց շահերին և սպառնում է իրենց անվտանգությանը։ Այդ կազմակերպությունը ական է Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի համար։
Սակայն մինչև նշված երկրներին հասնելը՝ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են ագրեսիվ ու նվաճողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ մեր երկիրը բացահայտ անվանելով «մեծ քար» պանթուրքիզմի իրականացման ճանապարհին։
2023 թվականի մարտի 16-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում «Թյուրքական պետությունների կազմակերպության» ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ էր ներկայացրել Հայաստանի նկատմամբ՝ սպառնալով պատերազմով վերցնել Սյունիքի մարզը, որը պետք է ցամաքային կապ ապահովի «Թյուրքական պետությունների կազմակերպության» անդամ երկրների միջև։
Իր ելույթում Ալիևը մեղադրել էր հայերին՝ թյուրքական աշխարհի բաժանման համար՝ նշելով, թե «Խորհրդային իշխանության որոշումը՝ Արևմտյան Զանգեզուրը՝ մեր պատմական հողը, Ադրբեջանից անջատելու և Հայաստանին հանձնելու մասին, հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական անջատմանը»։
Ստացվում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած «Թյուրքական պետությունների կազմակերպության» հետագա ընդլայնման և ցամաքային կապի համար այս պահին գլխավոր խոչընդոտը Հայաստանն է՝ Սյունիքի մարզով։ Դա է, թերևս, պատճառը, որ հատկապես Իրանն ու Ռուսաստանը սկզբունաքային դեմ են արտահայտվում մեր տարածաշրջանում սահմանների փոփոխություններին ու «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծին՝ որպես արտապետական տարածք։
Պատահական չէ, որ Ռուսաստանը համաձայն է միայն իր զորքի հսկողությամբ թույլ տալ Սյունիքի մարզով ադրբեջանական կամ թուրքական մեքենաների տեղաշարժը՝ լիարժեք վերահսկելու դրանց։
Դրան զուգահեռ՝ Թուրքիան «բլիթի և մտրակի» քաղաքականությամբ իր ազդեցության տակ է պահում Հայաստանի կառավարությանը և ստիպում անընդհատ զիջումներ անել հօգուտ Ադրբեջանի։ Այդ զիջումները նախապատրաստում են այն մեծ զիջմանը, որը պլանավորում են Թուրքիան ու Ադրբեջանը՝ իրականություն դարձնելու պանթուրքիզմի ծրագիրը՝ Սյունիքի հանձնումը։
Պանթուրքիզմի անվան ժամանակակից փաթեթավորումը «Թյուրքական պետությունների կազմակերպությունն» է, որի յուրաքանչյուր նախագիծ ապագայում գոյութենական վտանգ է ներկայացնելու ինչպես տարածաշրջանային երկրների, այնպես էլ համաշխարհային տերությունների համար։ Աշխարհին սպառնում է նոր «Չինգիզ խան» կամ «թաթար-մոնղոլական արշավանք»։
Աղբյուրը՝ FactCheck.am