կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-26 13:56
Քաղաքական

Լարսի անցակետի հատվածում թունել կկառուցվի. Վահան Մարտիրոսյան

Լարսի անցակետի հատվածում թունել կկառուցվի. Վահան Մարտիրոսյան

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր նախարարության մեկ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ վարչապետի` Լարսին այլընտրանքային ճանապարհ կառուցելու հանձնարարականին:  

Նախարարը տեղեկացրեց, որ վրացական կողմը ավելացրել է իրենց ճանապարհը մաքրող տեխնիկաները: «Վերջերս նորից հանդիպեցի Վրաստանի ավտոճանապարհային տնօրենի հետ, և նա վստահեցրեց, որ ավելացրել են ձյուն մաքրող տեխնիկան: Բացի դրանից` արդեն նախագծային աշխատանքներ են գնում` այդ հատվածում թունելի կառուցման համար: Մյուս տարվանից կսկսվի թունելի կառուցումը այդ հատվածում, որը կտևի մոտ երեք տարի»,- հայտնեց նա:

Ըստ նախարարի` այլընտրանքային ճանապարհը  միայն ցամաքային ճանապարհը չէ, այլև` լաստանավային, որը Հարավկովկասյան երկաթուղին կազմակերպեց: «Բավականին հարմար գնային առաջարկներ ներկայացրեց գործարարներին: Դա ես համարում եմ այլընտրանքային ճանապարհ: Ինչ վերաբերում է ցամաքային այլընտրանքային ճանապարհներին ապա դրանք գտնվում է երկու այլ պետությունների տարածքում: Մենք կարող ենք միայն, նրանց հետ աշխատելով, գտնել այլ լուծում, բայց չենք կարող  Վրաստան-Ռուսաստան ավտոճանապարհի կառուցման առաջարկ ներկայացնել»,- ասաց նա:

Մարտիրոսյանը նաև նշեց, որ վարչապետի հանձնարարականը կատարվել է:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթգծին, նա տեղեկացրեց, որ  Հայաստանը պայմանագիր ունի արտասահմանյան ընկերության հետ, որը ներդրող պետք է բերի շինարարական աշխատանքները կատարելու համար: «Ես երկու անգամ հանդիպել եմ ընկերության տնօրենի հետ, ներկայացրել եմ մեր պահանջները: Եթե չկատարեն մեր պահանջները, Հայաստանը կվերանայի պայմանագիրը»,- հայտարարեց Մարտիրոսյանը:

Դիտարկմանը` ընկերության անուն ինչու չի նշվում, նախարարն արձագանքեց. «Դա «Ռոսիա ՖԶԵ» ընկերությունն է»: