Փոխարժեքներ
26 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ելույթ ունենալով վերջերս Բաքվում անցկացված «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի նիստում, հայտարարել է Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիայի մատակարարման ծրագրերի մասին՝ Նախիջևանի տարածքով Թուրքիա և այնտեղից՝ Եվրոպա:
Իրականում այս հայտարարությունն ակնարկում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» գաղափարը՝ իբրև արդեն իրականացվող նախագիծ։ Հատկանշական է, որ այն առավել քան տեղավորվում է օրերս կնքված ադրբեջանա-չինական ռազմավարական գործընկերության հայտարարության տրամաբանության մեջ:
Վերջինս ենթադրում է բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծերի իրականացում Բաքվի ու Պեկինի միջև՝ «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնության աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով:
Նշենք նաև, որ 44-օրյայից ի վեր Ալիևը մեկ անգամ չէ, որ փորձել է «վաճառել», այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» նախագիծը Չինաստանին՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկան դիվերսիֆիկացնելու նպատակով:
Նման մոտեցումը (երրորդ երկրի հետ Հայաստանի ինքնիշխան տարածքում նախագծի իրականացման քննարկում առանց հայկական կողմի ներգրավման) հերթական անգամ վկայում է Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական ագրեսիվ ռազմավարության մասին, ինչպես նաև բացահայտ կերպով անտեսում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բնականաբար, սա նաև հայ արդի դիվանագիտության սնանկության ուղիղ արգասիք է:
Խոսքն այստեղ ոչ թե էներգետիկ համագործակցության, այլ ուժի և ճնշման գործիքներով սահմանների վերաձևման փորձի մասին է, ինչը լրջագույն սպառնալիք է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»։