կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-04 20:53
Քաղաքական

Հրամայված է լռել

Հրամայված է լռել

Պետական համակարգի արդյունավետ կառավարման ու ժողովրդավարության հաստատման թիվ մեկ երաշխիքը իշխանության մարմինների տարանջատման սկզբունքի պահպանումն է: Ցավոք սրտի, վերջին ամիսներին, Հայաստանում օրենսդիր և գործադիր իշխանությունների տարանջատման սկզբունքը կոպտորեն ոտնահարվում է, և տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում չկա ո՛չ որոշում կայացնող խորհրդարան, ո՛չ կառավարություն, ո՛չ էլ դրանց առընթեր ինքնուրույն մտածող պետական ստորաբաժանումներ: Հայաստանում կա մեկ որոշող՝ Նիկոլ Փաշինյանը: Այս խնդիրն ավելի ցցուն է երևում, երբ դիտարկում ենք կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը, որն օդում կախված ու դեռ հստակ լուծում չստացած խնդիրներից է:

Օրենսդիրը դեռ չի քվեարկել կառավարության կառուցվածքի փոփոխության օգտին, բայց վարչապետը վստահ է, որ ինքը ինչպես ուզի, այդպես էլ կլինի. ինքը որոշել է, ու կփոխվի: Դրա համար նա նշանակել է այն նախարարությունների ղեկավարներին, ովքեր ուզում են մնան, իսկ մնացյալին թողել է բախտի քմահաճույքին…Երևի դժվար չէ պատկերացնելը, որ այն նախարարությունները, որոնք պետք է փակվեն կամ միավորվեն, այժմ փաստացի  բան չեն անում, ինչպես ասում են՝ բոլորի մոտ ճամպրուկային տրամադրություն է, բոլոր ծրագրերի առումով, այսպես ասած, հարաբերական դադար է, ինչպես, ցավոք սրտի,  լինում է կարևոր ընտրություններից առաջ, երբ ասում են. «ախպեր, սպասեք ընտրություններն անցնեն, տեսնենք ինչ է լինում…»:

Ու այս վիճակից ամեն օր փաստացի տուժում է պետական համակարգը, պետական ծրագրերի կատարողականը, որոնցից ամեն մեկը մի առաքելություն ունի: Ու այսպես մինչև երբ, հայտնի չէ…Երևի մինչև այն պահը, երբ Աժ-ն (ավելի ճիշտ՝ «Իմ քայլը» պատգամավորական խումբը), կողմ կքվեարկի ՔՊ կուսակցության նախագահի ցանկությանը: Իսկ մինչ այդ, ըստ նրանց, «ժողովուրդը պետք է համաձայնություն տա»…Ինչպե՞ս, հանրաքվեո՞վ… Ո՛չ, հանրային լսումների ձևաչափով, որն այդպես էլ տեղի չի ունենում…Իսկ մինչ հիմա մասնագիտական շրջանակներից ԶԼՄ-ների միջոցով բողոքի ձայն բարձրացնողների հետ այդպես էլ ոչ մեկը դեռ չի նստել լուրջ ու համապարփակ քննարկման՝ զրույցի:

Ի դեպ, ԶԼՄ-ների հարցը…նրանց հանդեպ իշխանությունների վերաբերմունքն օր-օրի դառնում է արհամարհական, ինչը վիրավորական ու անհարգալից լինելուց բացի, խիստ մտահոգիչ է հենց պետական համակարգի լիարժեք ու ճիշտ գործունեության ապահովման տեսակետից, որովհետև նրանք կարող են տեսնել ու արձանագրել թագավորի մերկությունը, տեղյակ պահել ժողովրդին արքունիքի անգործության և մնացած  ամեն ինչի մասին, որ կատարվում է հանրության աչքից հեռու, բայց լրագրողների տեսադաշտում: Ժողովրդի աչքին երևալու համար իշխանություններն ընտրել են ֆեյսբուքյան լայվերի կամ ստատուսներ գրելու տարբերակը: Դա հեշտ ու հարմար է. դու որ թեմայից ցանակնում ես խոսել, դրանից էլ խոսում ես, այլ հարցեր տվող չկա: Ավելին, դու ավելի անմիջական ու անկեղծ մարդու տպավորություն ես թողնում, սուտդ էլ այդ պահին բռնող չկա..Նյութդ առանց վերլուծական կարծիքի ներկայացնում ես՝ անցնում առաջ: Իսկ հավատացողներ, շատ կլինեն…Այո, հենց սա էլ արվում է. չորրորդ իշխանության մեկուսացումով ու թուլացումով, ավելի հեշտ դարձնել միանձնյա կառավարումը, հասնել սուպերվարչապետության գործառույթների գերկարեւորմանը: Այլապես, ինչպե՞ս բացատրել, օրինակ, այն, որ Աժ-ում Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության հետ ժամերով անցկացնում է հանդիպում, հետո էլ՝ արգելում որևէ մեկին, որևէ բան ասել լրագրողներին: Նրանց, ովքեր հոգնատանջ կանգնած Աժ դռների մոտ, սպասում են, թե երկրիս պետական այրերը ուր որ է դուրս կգան, կասեն թե ինչ լավ բան են արել, ինչ են քննարկել, իրենք էլ ուրախ-ուրախ լուրը կհասցնեն մեր հպարտ քաղաքացիներին: Չէ, նրանց հարգող չկա. պատգամավորներից մեկն ասում է՝ պայմանավորվել ենք չխոսել, մյուսն ասում է՝ վիզս բռնվել է, էն մյուսին տաքսին է սպասում...Ընդունելի՞ է…Ի՞նչ է, այս մարդիկ հպարտություն չունե՞ն, լրագրողները ՀՀ հպարտ քաղաքացի չե՞ն, թե ձեր պատկերացրած «ժողովուրդ» հասկացության մեջ չեն մտնում: Տհաճ է… (ոչ այնքան օրինակելի նախկինները նման բան  թույլ չէին տալիս. գոնե խմբակցության նախագահը կամ այլ լիազորված պաշտոնյա վերջում ասուլիս էր տալիս՝ պատասխանում լրագրողների հարցերին): Սա էլ հո խաշ ուտել չէ, որ ասեք՝ լավ ենք արել, հավաքվել ենք, խաշ ենք կերել…Ախր, հավաքվել եք պետական շենքում, ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի նստավայրում, բան եք քննարկել, որն այսպես թե այնպես պիտի վերաբերվի հանրությանը, ում ծառայելը իրենց պարտքն են համարում նաև լրագրողները…Եթե սա բնական է, ապա ինչո՞ւ էիք բողոքում նախկինների այն որոշման դեմ, որ կառավարության նիստերը լինեին դռնփակ…Չէ, տղերք, արդար չեք խաղում…Ժողովրդին ծառայող իշխանության մեջ ո՛չ լռելու հրաման տալն է արդար, ոչ էլ դրան լուռ ենթարկվելը: Մենք հո գիտենք՝ ցանկացած լռության մեջ ծածուկ բան կա, իսկ դուք խոստացել էիք ոչինչ չթաքցնել ժողովրդից…

Արթուր Մկրտչյան