կարևոր
2335 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-21 09:40
Քաղաքական

Վալերին երբեք չի լռել, որքան էլ զազրելի են եղել թուրքերի կամ ադրբեջանցիների հարձակումները. Լիլիթ Գալստյանը՝ Ֆրանսիայի ԱԺ-ի պատգամավորի մասին

Վալերին երբեք չի լռել, որքան էլ զազրելի են եղել թուրքերի կամ ադրբեջանցիների հարձակումները. Լիլիթ Գալստյանը՝ Ֆրանսիայի ԱԺ-ի պատգամավորի մասին

«Վալերին երբեք չի լռել՝ որքան էլ զազրելի են եղել թուրքերի կամ ադրբեջանցիների հարձակումները։ Նա այս անգամ էլ խոսեց Արցախի նկատմամբ միջազգային հանրության խլության ու կուրության մասին, ռազմագերիների ազատ արձակման մասին․․․»,- գրում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Այս օրերին Երևանում, Մարզահամերգային համալիրում, տեղի էր ունենում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։

Աշխարհի հիսունից ավելի երկրների պատվիրակների թվում է մեր բարեկամը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն։

Մտնում եմ Համալիր, ու մուտքին ինձ կանգնեցնում են երկու կին՝ դեմքներին վշտի, լքվածության ու վիրավորանքի անթաքույց կնիք, գրեթե՝ մոխրագույն ու անլույս աչքերով։ Խոսքից հասկանում եմ՝ Արցախից են։ Մի քիչ կաշկանդված ու վախվորած ասում են, որ ուզում եմ Վալերի Բուայեին տեսնել, նաև նամակներ ունեն բոլոր պատվիրակությունների ղեկավարներին։

Անվտանգային և այլ նկատառումներով պայմանավորված՝ նրանց ներս մտնել չեն թողնում։ Խնդրում եմ սպասել, մինչ կհասկանամ, թե ինչ կարող եմ անել։

Բարձրանում եմ յոթերորդ հարկ, ուր մեծ սրահում ուր- որ է կմեկնարկի նստաշրջանը։ Բուայեին ասում եմ՝ Արցախցի կանայք են եկել, ուզում են հենց քեզ տեսնել․․․

Առանց վայրկյան իսկ վարանելու, հաստատակամ պատասխանում է․ «Իհարկե, ասա՝ կես ժամից լինեն համալիրի սրճարանում»։

Փոխանցում եմ Արցախցիներին․․․

Կես ժամից Վալերին թողնում է դահլիճն ու իջնում ճեմասրահ՝ սրճարանում փնտրելու կանանց։ Բայց կանանց չեն թողնում սրահ, Վալերին ինքնն է դուրս գալիս շենքից ու մուտքի մոտ, դրսում է տեղի ունենաում նրանց զրույց-հանդիպումը։

Ձեռքին Արցախցիների ԹՈՒՂԹ-ը, դեմքին՝ ցավի ու անարդարության հետ անհաշտ մարդու դրոշմ, վերադառնում է դահլիճ ու մոտենում ինձ։ «Չեմ լռելու»։ Մենք լավ ենք հասկանում իրար։

Վալերին երբեք չի լռել՝ որքան էլ զազրելի են եղել թուրքերի կամ ադրբեջանցիների հարձակումները։ Նա այս անգամ էլ խոսեց Արցախի նկատմամբ միջազգային հանրության խլության ու կուրության մասին, ռազմագերիների ազատ արձակման մասին․․․

Նստաշրջանի ավարտին հրաժեշտ ենք տալիս միմյանց ու պայմանավորվում Վիեննայում շարունակել․․․»։