Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հասկանում եմ, որ կոնսերվատորիայի շենքը «հրաշալի» հյուրանոցի տարբերակ կարող է լինել, բայց, այդ դեպքում, մենք միանգամից սպանում ենք մեր մշակույթը։ Շարունակ քաոսային վիճակում ենք, անընդհատ քաոս է՝ գեղցի, ռաբիզ վերաբերմունք ամեն ինչի հանդեպ։ Չգնահատել սեփականը, մարդկանց ավանդը, աշխատանքը, ուղղակի, անթույլատրելի է»,- նման մտահոգություն հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Աննա Մայիլյանը՝ Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով բուհի հնարավոր փակմանը։
«Այսօր ԿԳՄՍՆ-ի՝ արդեն բացեիբաց հայտարարությունից հետո կոնսերվատորիայի դասախոսական ողջ կազմը, կոլեկտիվը պետք է դրսում լիներ, իր բողոքն արտահայտեր, ոչ թե՝ դաս աներ... Ամենօրյա ռեժիմով «ծեծվում ենք»։ Արցախի կորուստը, հետո՝ հայրենիքից էն կտորը, մյուս կտորը, հիմա՝ այս խնդիրը, ամեն օր սթրես ենք ապրում… Ի վերջո՝ հենց կոնսերվատորիայից են դուրս գալիս համաշխարհային փայլուն աստղեր. վատն այն է, որ հենց ասում ես՝ «աստղեր», միանգամից պատկերացնում են՝ կարճ շրջազգեստով, բաց փորով, սեքսուալ երգչուհի կամ կամ երգիչ, որովհետև, ցավոք, այսօր դա է փող բերում, բայց մարդիկ չգիտեն, որ համաշխարհային բեմերում փայլում են կոնսերվատորիայից դուրս եկած մեր հիասքանչ երաժիշտները, որոնք մեր երկրին պատիվ են բերում, մեր դրոշն են ծածանում, և ինչպե՞ս կարելի է մի ամբողջ սերունդների ճակատագրի հետ խաղալ,- ասաց Աննա Մայիլյանը։
Հիշեցնենք, որ ԵՊԿ-ի ռեկտորատն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի բուհերի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռևս անցյալ տարի։ Հանգամանորեն ներկայացվել են նախագծի հետ ԲՈւՀ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները։
-Տիկին Մայիլյան, միանու՞մ եք բուհի ռեկտորատի հայտարարությանը:
-Ուրախ եմ, որ Կոնսերվատորիայի ռեկտորը հանդես է եկել նման հայտարարությամբ, հուսամ, որ հայտարարության տեքստին կհետևի հանդիպում կոլեկտիվի հետ, որովհետև նման խնդրով հանդիպում և քննարկում երբևէ չի եղել դասախոսական կազմի հետ, նույնիսկ, բաժնի վարիչների մակարդակով։ Եթե փորձում ենք խոսել, ասում են՝ մի խոսեք։
-Կամ՝ մի՛ քաղաքականացրեք, ինչպես բոլոր իրավիճակներում են այս թեզով մարդկանց լռեցնում։
-Մենք, ուզենք թե չուզենք, գտնվում ենք քաղաքականության մեջ, էնքան կարմիր գծեր են հատվում, որ ոչ մի այլ գիծ չի մնացել։
- Հարգելի Աննա, այսօր «գլխատում» են Կոնսերվատորիան, ԿԳՄՍՆ-ն մի ողջ ծրագիր է ներկայացրել բուհերի միավորման, այս «գլխատման» պրոցեսն արդյո՞ք միտումնավոր արվող սպիտակ ջարդ չէ։
-Իհարկե, ուստի կոչով դիմում եմ այն երաժիշտներին, որոնք ավարտել են Կոնսերվատորիան, բայց ապրում են դրսում, բեմեր են նվաճել, հայտնի են, խնդրում եմ բոլորին՝ հայտնեք ձեր դիրքորոշումը, որովհետև ճակատագրական մեծագույն սխալ կլինի, եթե Կոնսերվատորիան միավորեն։ Մնացած բուհերն էլ պետք է միանան ու դեմ լինեն այդ որոշմանը։ Իհարկե, այսօր մեր մեծագույն խնդիրը մեր երկրի պաշտպանության հարցն է, որից փորձում են բոլորիս ուշադրությունը շեղել, զբաղեցնել այլ հարցերով, որպեսզի հարմար պահի էլի ինչ-որ տարածք հանձնեն։
-Նշեցիք, որ, ամեն դեպքում, քաղաքականությունը չի շրջանցում որևէ մեկին, կամա թե՝ ակամա մտել է մեր կենցաղ և օրակարգ է թելադրում։ Ադրբեջանը Տավուշից գյուղեր է պահանջում, մինչդեռ, ՀՀ իշխանությունը որևէ կերպ չի հակազդել, չի հերքել, չի հակադարձել մինչ այս պահը, ինչո՞ւ։
- Որովհետև չկա հանրային կոշտ պահանջ։ Եթե հանրային կոշտ պահանջ լինի, եթե ժողովուրդը հասկանա, որ հայրենիքն իր ձեռքից գնում է և չվախենա կոշտ արտահայտվելուց՝ իշխանությունն իրեն հաշիվ կտա։ Իսկ եթե չկա այդ պահանջը, ինչ ուզեն, էն էլ կանեն։
-Հանրային պահանջին հասնելու համար ի՞նչ է պետք։
-Գիտակցություն․ ժողովուրդը պետք է հաղթահարի իր վախը, ժողովուրդ ասելով նկատի ունեմ բոլորիս, նույնիսկ, ոստիկանին։ Ժողովուրդը պետք է գիտակցի, որ մեր հայրենիքը մեր ձեռքից գնում է, եթե Տավուշից 4 գյուղերը հանձնվեն, շարունակությունը լինելու է ևս 4 գյուղ, և այդպես շարունակ… Եթե շարունակենք վախի մթնոլորտում լռել, երկրի մասին չմտածենք, էսպես շերտ-շերտ կորցնելու ենք։ Մենք դեռ չենք գիտակցում ինչ է նշանակում չունենալ հայրենիք, երբ, Աստված մի արասցե, նման բան լինի, մենք մեր ապրելը չենք ուզի։ Հիմա ժողովուրդը պետք է արագ ու սթափ մտածի, թե ինչ է կատարվում իր շուրջը։
Հերմինե Զեյնալյան