Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն բանից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության և Կենտրոնական բանկի բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պահանջեց ավելի ակտիվ միջամտություններով վերահսկողության տակ առնել գների աճի ավելի ու ավելի թափ առնող մրցավազքը, տնտեսության մեջ որոշակի փոփոխություններ սկսվեցին։
Բառացիորեն մի քանի օր առաջ կառավարությունը հաստատել էր օրինագծերի մի փաթեթ, որով, փաստորեն, պատրաստվում է վարչական միջամտության ճանապարհով ֆիքսել առաջին անհրաժեշտության երկու տասնյակ պարենային ապրանքների գները և առնվազն երեք ամիս ժամկետով կասեցնել դրանց հնարավոր աճը։
Իհարկե, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ կառավարության առաջարկը դեռևս պետք է հաստատվի Ազգային ժողովում, սակայն դա ընդամենը ժամանակի ու տեխնիկայի հարց է, քանզի նախընտրական պոպուլիստական հովերով տարված պատգամավորների մեջ դժվար թե գտնվեն նույնիսկ եզակիներ, որոնք դեմ արտահայտվեն բոլոր ֆորումներում իրեն ազատական հռչակող կառավարության առաջարկներին։
Սակայն օրենսդրական փոփոխությունների սույն փաթեթը, թերևս, այնքան էլ երկար կյանք չունենա, գոնե գործնական կիրառության տեսակետից, քանզի արդեն առաջիկա երեք-չորս ամիսներին, երբ շուկան լցվի տեղական արտադրության մրգերով ու բանջարեղենով, և գյուղատնտեսական արտադրությունը սկսի «շնչել», շուկան ամեն ինչ իր տեղը կդնի, ու գներին վարչական միջամտության անհրաժեշտությունը ինքնին օրակարգից դուրս կգա։
Գները վարչական ճանապահով ֆիքսելը, սակայն, կարևոր է մեկ այլ տեսակետից ևս. այս տարվա առաջին ամիսներին գնաճն արդեն հատել է հոգեբանական՝ 10%-անոց նշագիծը, ինչը որակապես փոխել է ինչպես ներդրողների, այնպես էլ սպառողների ակնկալիքները` այդ կերպ գնաճային սպասումները վերածելով գնաճի հետագա արագացման ինքնաբավ գործոնի։
Այս ամենը, սակայն, դեռ բոլորը չէ։ Ինչպես երևում է, հակագնաճային թեման նոր երանգավորում է ստանում, որի մասին նաև խոսեց նախագահը, և դա վերաբերում է փոխարժեքի քաղաքականությանը։