Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սփյուռքի նախարարության լուծարման հետ կապված կարծիքները տարբեր են: Yerkir.am-ը զրուցել է ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանի հետ: Նրա կարծիքով` նախ պետք է հասկանալ, թե ինչու են փակում նախարարությունները, ու թեև դրդապատճառները հանրությանը հայտնի չեն, բայց բավական լուրջ են:
Եղիազարյանի խոսքով` նախարարությունը, դրա գործունեության հետ առնչվող խնդիրներով հանդերձ, փակելը սխալ է: Խոսելով խնդիրների մասին` նա նշեց, որ շրջանառվող հարցի մեջ, թե ինչ է անում Սփյուռքի նախարարությունը ներկայիս գործունեությամբ, ճշմարտության հատիկ կա:
«Եթե Սփյուռքի նախարարությունն ուզում է շարունակել իր գոյությունը, ապա պետք է նոր խոսք ասի, որով կհիմնավորի իր գոյության իրավունքը: Ցավոք, այդ խոսքը չասվեց, և այն ծրագրերը, որոնք իրականացնում էր նախարարությունը մինչ օրս, կարելի էր անել այլ ֆորմատով ևս: Ունենալով ուժեղ կադրային բազա` չգնացին լուրջ լուծումների ճանապարհով` ո՛չ նախկին նախարարը, ո՛չ էլ նորը: Վերջերս մի փաստաթուղթ էր շրջանառվում, որը կարծես նորացված Սփյուռքի նախարարության հայեցակարգն էր, որում առանձնապես ուժեղ տրամաբանական մտքեր, գաղափարներ չկային, որոնք կհիմնավորեին նախարարության հետագա գոյության անհրաժեշտությունը: Սակայն բոլոր դեպքերում նախարարության լուծարումը մեծ բաց կառաջացնի»,- ասաց Եղիազարյանը:
Նա հիշեցրեց, որ 2008-ից հետո աշխարհի տարբեր երկրներում սկսեցին ծնվել սփյուռքի գերատեսչություններ, և եթե 2008-ին 7 երկրում կար 10 կառույց, ապա 2013-ին 55 երկրում` 76 պետական կառույց, որոնց կեսը պետական գերատեսչություններ են: Սա, ըստ Եղիազարյանի, փաստում է, որ գլոբալացման դարաշրջանում սփյուռքի դերը մեծապես արժևորվում է: Ու հիմա բերել ու Սփյուռքի նախարարությունը միացնել ԱԳՆ-ին, ճիշտ չէ: «ԱԳՆ-ն և սփյուռքն ուղղակի կապ չունեն, և նախարարությունը չի կարող փոխարինվել ԱԳՆ-ի վարչությամբ: Մյուս կողմից` կառավարության գործունեության ծրագրում այն, ինչ արձանագրված էր Սփյուռքի նախարարության մասով, կարելի է անել առանց Սփյուռքի նախարարության էլ, այսինքն` գործառույթների վերանայման խնդիր կար, ոչ թե` նախարարության լուծարման: Կարծում եմ` նախարարությունը հարկավոր է` այսպես, թե այնպես, պարզապես նախարարության առջև պետք է դնել այն խնդիրները, որոնք հենց պետք է լուծի Սփյուռքի նախարարությունը: Եթե դու այնպիսի խնդիրներ ես դնում, որոնք կարող են լուծել նաև այլ մարմիններ, ապա նախարարության գոյությունը վտանգվում է»,- ասաց Եղիազարյանը:
Նրա խոսքով` Սփյուռքի նախարարությունը պետք է լուծեր երկու հիմնական խնդիր, որոնք չլուծեց իր գոյության 10 տարիների ընթացքում` հայկական քաղաքակրթական հավասարակշռությամբ վերականգնման գործառույթ և համահայկական աշխատանքների կազմման գործառույթ: Ըստ Եղիազարյանի` նախարարությունն իրականացնում էր այնպիսի ծրագրեր, որոնք կարող էին կյանքի կոչել նաև այլ մարմիններ ևս: «Ցավոք, լուծում չտրվեց հիմնական գործառույթներին, ըստ այդմ էլ` համարեցին, որ նախարարության գոյության անհրաժեշտությունը չկա: Նախարարության լուծարման վերաբերյալ քննարկումներ էլ չեն եղել, սակայն, մյուս կողմից, դրանք կարող էին լինել, եթե երկրորդ կարծիքի հնարավորությունը գոյություն ունենար: Ես այնպես հասկացա, որ երկընտրանք չէր կարող լինել, դրա համար էլ չի քննարկվել հարցը: Այդտեղ այլ խնդիր կա` նախարարությունները, իմ կարծիքով, փակվում են տնտեսման նպատակներով, բայց, միևնույն է, ես այն համոզմունքին եմ, որ նախարարությունը պետք է շարունակեր իր գործունեությունը»,- ասաց Եղիազարյանը:
Խոսելով Սփյուռքի անդրադարձի մասին` նա նշեց, որ Սփյուռքում նման որոշումը միանշանակորեն չի ընդունվի, կլինեն մարդիկ, որոնք կդժգոհեն, և կլինեն մարդիկ էլ, որոնց համար միևնույնը կլինի: