կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 16:44
Քաղաքական

Հենց ՌԴ-ի շահերից է բխում Ադրբեջանի լուծարումը, որը ուշ թե շուտ իրականություն է դառնալու. դիտարկում

Հենց ՌԴ-ի շահերից է բխում  Ադրբեջանի լուծարումը, որը  ուշ թե շուտ իրականություն է դառնալու. դիտարկում
Ոչ ավելորդ անգամ անդրադառնանք ադրբեջան կոչվածին։ Բնական հարց կարող է առաջանալ, թե այս եվրոպասլավոնական թոհ ու բոհի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ ադրբեջան կոչվածը։
 
Թռուցիկ հայացք գցելով ընթացող բուռն իրադարձությունների վրա, պարզորոշ տեսնում ենք, որ պարքարը գնում է նատոյի՝ նույնն է թե հավաքական արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Պայքարի թատերաբեմը այս անգամ Ուկրաինան է։ Սրանից առաջ թատերաբեմը Արցախն էր։ Իսկ ո՞ր երկիրն է նատոյի ամենաագրեսիվ և ծավալապաշտական նկրտումներ ունեցող երկիրը։ Դպրոցական աշակերտն էլ այս հարցին ունի մեկ պատասխան՝ Թուրքիան։ Թուրքիան, որը ի տարբերություն նատոյի անդամ մյուս երկրների՝ ունի Ռուսաստանը ներսից քայքայելու գործուն լծակներ և անթաքույց մտադրություն։ Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը, նույնիսկ Ուկրաինայում հաջողության հասնելու պարագայում, գոնե առժամանակ իրեն ապահով զգալ։ Մեր խորին համոզմամբ՝ իհարկե ոչ։ Ուկրաինայում ձախողման պարագայում արևմուտքը գործի է դնելու Թուրքիա անունը կրող, ավելի գործուն և բութ գործիքը։ Այն Թուրքիան, որը արդեն 30 տարի շատ ակտիվ գործունեություն է ծավալել հենց Ռուսաստանի կազմի մեջ մտնող թուրքալեզու, իսլամադավան հանրապետություններում՝ Թաթարստան, Բաշկիրիա ․․․, Միջին Ասիայում՝ Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Թուրքմենիա և հատկապես ադրբեջան կոչվածում։ Այն ադրբեջանում, որին առանց որևէ կասկածի կարելի է համարել աշխարհի ամենաարհեստական կազմավորումը, որն էլ մեր խորին համոզմամբ ստեղծվել է անգլոբոլշևիկների կողմից՝ որպես Թուրքիայի գոյությունը ապահովող գլխավոր գործոն։ Ինչպես ասել ենք նախորդ գրառումներում, կա ադրբեջան՝ կա Թուրքիա, չկա ադրբեջան՝ չկա Թուրքիա։ Հենց ադրբեջանի առկայությունն է անընդհատ գրգռում Թուրքիայի պանթուրանական ախորժակը։ Ադրբեջանի լուծարման և Հարավային Կովկասը բնական ու կենսական տեսքի բերելու պարագայում արդեն գրգռվելու է Թուրքիա կոչվածի տարածքում ապրող տեղաբնիկ էթնիկ խմբերի՝ քրդերի, զազաների, հայերի, հույների անջատողական տրամադրությունները։ Ինչքան էլ զարմանալի թվա՝ հենց ադրբեջան կոչվածի լուծարումով հնարավոր կլինի զսպել հավաքական արևմուտքի անհատակ ախորժակը։
 
Իսկ ադրբեջանը լուծարելու գործընթացին պարտավոր է իր ամենագործուն մասնակցությունը բերել հենց Ռուսաստանը՝ որպես բոլշևիկների ուղիղ հետնորդ, կամ ժառանգորդ։ Հենց Ռուսաստանի շահերից է բխում ադրբեջանի լուծարումը, որը, միևնույն է, ուշ թե շուտ իրականություն է դառնալու։ Որովհետև ադրբեջան կոչվածի տարածքում իրենց ազատագրության համար հենց այս պահին էլ պայքարում են մոտ չորս միլիոնի հասնող տեղաբնիկները՝ թալիշները, թաթերը, լեզգիները, ավարները, ուդիները․․․
 
Կըմբռնի՞ ռուսական քաղաքական միտքը այս պարզ բանաձևը, թե՞ նորից հավատարիմ կմնա անգլոբոլշևիկյան գաղտնի պայմանավորվածություններին։ Ժամանակը ցույց կտա։
 
Ստորև ներկայացնում ենք Հարավային Կովկասի բնական, կենսական քարտեզները, որոնցից մեկը՝ մեր անմիջական հարևանի կողմից կազմված
 
 Գագիկ Սարգսյան
«Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար